Ցնցող է, որ ադրբեջանցիներն անցնում են սահմանը, եւ նրանց դեմ դուրս է գալիս մի գյուղապետ ու փորձում հարցեր լուծել

Ցնցող է, որ ադրբեջանցիներն անցնում են սահմանը, եւ նրանց դեմ դուրս է գալիս մի գյուղապետ ու փորձում հարցեր լուծել

«Հրապարակի» հարցազրույցը Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան-Իսրայել» միջազգային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերի հետ

- Երեւանից ընդամենը 50 կմ հեռավորության վրա՝ Երասխում, ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակում էր հայկական դիրքերի վրա։ Նաեւ՝ Գեղարքունիքում, Տավուշում, Սյունիքում։ Հայաստանյան քաղաքական վերլուծաբաններից շատերը հարց են տալիս՝ ինչո՞ւ է լռում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ունե՞ք այդ հարցի պատասխանը։ Նաեւ՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ սա վերաճի մեծածավալ պատերազմի։

- Անկեղծ ասած, տեւական ժամանակ՝ պատերազմից սկսած արդեն 10 ամիս, տպավորություն է, որ միջազգային հանրությունն այնքան էլ ուշադրություն չի դարձնում, որ ինչ-որ տեղ մարդկային ճակատագրեր են որոշվում, որ ինչ-որ տեղ պատերազմ է՝ մարդկանց են սպանում։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ անգամ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, այն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին է, ոչ թե հաշտության պայմանագիր, ՄԽ-ն չի սկսել ակտիվ աշխատել։ Ինչպես 20 տարի Արցախի հարցով որեւէ ակտիվ գործողություններ չձեռնարկեց, այնպես էլ լռեց պատերազմի ընթացքում ու դրանից հետո։ Միակ բանը, որ լսում ենք, այն է, որ խումբը պատրաստվում է լուծել հիմնախնդիրներ, գերիների փոխանակման կոչեր է անում։ Թեպետ որեւէ ազդեցություն չի ունենում, միայն ինչ-որ անհատներ են արտահայտվում։ Կարծում եմ՝ Ադրբեջանը, տեսնելով այս արձագանքը, շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Ինչո՞ւ, որովհետեւ բոլորը սպասում են, որ, ի վերջո, կսկսվեն  սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։ Եվ այստեղ բոլորն իրենց պահանջներն ունեն։ Ադրբեջանական կողմը մտածում է՝ քանի դեռ այս գործընթացը չի սկսվել, մենք որքան շատ նման ագրեսիվ մեթոդներով տարածքներ նվաճենք, այնքան շատ կպահանջենք, որ մեզ մոտ մնան։ Ինձ թվում է՝ հենց այդ պատճառով են իրենց այդպես պահում։ Չեմ կարծում, որ դուք պատերազմի շեմին եք։ Այն չի լինի, եւ վստահ եմ, որ դրան բոլորը դեմ կարտահայտվեն՝ երկրներ, միջազգային կազմակերպություններ։ Բայց սահմանային այս միջադեպերի աղմուկի ներքո փորձում են հնարավորինս շատ պոկել։ Եվ ինձ համար հատկապես ցնցող է այն, որ ինչ-որ գյուղի մոտ ադրբեջանական զինվորականներն անցել են սահմանը, եւ նրանց դեմ դուրս է գալիս ինչ-որ մի գյուղապետ ու փորձում է նրանց հետ ինչ-որ կերպ հարցեր լուծել։ Այսինքն՝ տպավորություն է, որ Հայաստանում սահմանապահ զորքեր գոյություն չունեն։ Կա՛մ դրանք փոքրաթիվ են եւ կա՛մ ինչ-որ այլ խնդիրներով են զբաղված։ Եվ միակ պատասխանը, որը ես կարդում եմ հայաստանյան մամուլում, այն է, որ տեղական համայնքապետերը դիմում են ռուսաստանյան խաղաղապահներին։ Այսինքն՝ այն տպավորությունն է, որ գյուղապետերը Հայաստանի միակ ակտիվ ուժն են։

- Դրա համար էլ համայնքապետերը փռվում են ասֆալտին՝ կալանավորվում։

- Այո։ Նաեւ ես կարդում եմ, որ հայկական բանակը վերակազմակերպվում է, որ ինչ-որ բարեփոխումներ են անցկացվում, որ այդ գործընթացը հիանալի ընթանում է եւ այլն։ Բայց տեսնելով այն, ինչ կարդում եմ, որեւէ փոփոխություն չեմ տեսնում։ Դրա համար, ցավով եմ ասում, ըստ իս՝ նման միջադեպերը շարունակվելու են, քանի դեռ Հայաստանը չի հակազդում։ Եվ մինչեւ Մինսկի խումբը չհասկանա, որ քանի դեռ լուծված չեն Արցախի կարգավիճակի հարցն ու ճակատագիրը, Հարավային Կովկասում խաղաղություն չի լինի։

- Բայց այդ խումբը կաշխատի՞, նրանք հետաքրքրվա՞ծ են, որովհետեւ Ալիեւն ասում է՝ չկա նման հարց, ու ՄԽ-ն էլի լռում է։

- Ոչ թե հետաքրքրված են, համարում են, որ այսօրվա դրությամբ միակ կազմակերպությունը ՄԽ-ն է, որ կարող է ինչ-որ բան անել։ Բայց այստեղ մի օրինակ եմ ուզում բերել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից։ ԱՄՆ միջնորդությամբ ինչ-որ մի հանդիպում եղավ մեր վարչապետի ու Պաղեստինի ինքնավարության առաջնորդ, հանգուցյալ Արաֆաթի միջեւ։ Եվ մեր առաջնորդի կողմից բարձրացված առաջին հարցն այն էր, որ եկեք լուծենք Արեւելյան Երուսաղեմի խնդիրը, որ Երուսաղեմն Իսրայելի անօտարելի մայրաքաղաքն է եւ այլն։ Այստեղ նրա վրա բոլորը հարձակվեցին, թե ինչպե՜ս ես միանգամից նման հարց դնում։ Նա ասաց․ «Հասկանում եք, սա այն հարցն է, որը մոտ ապագայում որեւէ կերպ չի լուծվելու»։ Այսինքն՝ Իսրայելը չէր ուզում գնալ բանակցությունների՝ հասկանալով, որ ոչինչ չի լուծվելու։ Եվ տվյալ իրավիճակում Արցախի կարգավիճակի հարցը շատ բարդ գործընթաց է, որը դեռ շատ ժամանակ է պահանջելու։ Ուստի, բոլոր այդ երկրները, անգամ ՄԽ անդամ, ժամանակ առ ժամանակ ասում են՝ այո, Արցախի կարգավիճակի հարց, բայց բոլորն այն մի կողմ են դնում՝ մոտավորապես այն մտայնությամբ, որ «եթե մենք հիմա սկսենք այն լուծել, նորից երկար ժամանակով չգիտեմ ուր ենք գնալու»։ Իսկ եթե սահմանային հարցերը կամաց-կամաց ինչ-որ կերպ լուծվեն, ապա վերքն ինքն իրեն կլավանա։ Մոտավորապես՝ որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների օգնությամբ գուցե իրենք կամաց-կամաց ու քիչ թե շատ կարգավորեն հարցերը։ Թող հիմա սրանով զբաղվեն, իսկ հետո կվերադառնանք կարգավիճակի հարցին։

- Բայց չէ՞ որ մենք տարբեր բաների մասին ենք խոսում․ ի վերջո, Արցախը չճանաչված պետություն էր, որը նույն ՄԽ-ի համար իրավական առումով Ադրբեջանի տարածքում էր։ Իսկ հիմա խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքների մասին է, որից ադրբեջանցիներն այսօր պոկում են ու պոկում։ Եվ այդ լռությունը դրան նպաստում է, մանավանդ որ մեր իշխանությունն էլ չի ընդդիմանում, ավելին՝ օգտվում է պատերազմի հանդեպ հանրության վախից ու պատրաստ է ամեն տեսակ զիջումների։

- Իմ կարծիքը, որը գուցե կոշտ է, բայց հետեւյալն է․ եթե Հայաստանն ապացուցում է, որ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա է իրականացվում, պահանջում է  ՀԱՊԿ խորհրդի արտակարգ գումարում եւ որոշումների ընդունում՝ պահանջագրով, որ կա՛մ ՀԱՊԿ-ն որոշում է, կա՛մ Հայաստանը լքում է այս կազմակերպությունը։

- Բայց մի քանի օր առաջ սահմանային միջադեպ եղավ։

- Կան քաղաքական, կան ռազմական խնդիրներ։ Եթե Հայաստանը ցույց է տալիս ու ապացուցում է, որ սա միջադեպ չէ, այլ նպատակաուղղված ագրեսիա, ապա պետք  է կա՛մ լուծումներ պահանջի, կա՛մ էլ դնի ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Վստահեցնում եմ՝ սա քաղաքական հարց է, եւ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ որեւէ այլ երկիր դրանում հետաքրքրված չեն լինի, որ որեւէ անդամ պետություն դուրս գա այս կազմակերպությունից։

- Եվ ի՞նչ, ռուսները, օրինակ, ասում են՝ բարի ճանապարհ։

- Դե դա՝ Կալաշնիկովն ու իր նմանները, որոնք պտտվում են Ադրբեջանի շուրջբոլորը։ Ըստ իս՝ սա Ռուսաստանում գերակշռող կարծիք չէ։ Եվ Կրեմլում, ինչպես գիտեք, մի քանի աշտարակներ են։