Կանանց քանակն ավելացնելու փոխարեն որակի մասին մտածեք

Կանանց քանակն ավելացնելու փոխարեն որակի մասին մտածեք

Երեկ մի խումբ կանայք, գումարած մի երկու տղամարդ, որոնց մեջ՝ ԱԺ պատգամավորներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, հերթական գրանտային ծրագրի շրջանակներում հավաքվել ու քննարկում էին դարի հարցը՝ ինչպես անել, որ կանայք ավելի շատ ներգրավված լինեն խորհրդարանում, կառավարությունում եւ պետական կառավարման մյուս մարմիններում։ Եվ դրա հիմնական ջատագովն իմքայլականներն էին՝ Լենա Նազարյանի գլխավորությամբ։

Այսինքն՝ նրանք կարծում են, որ ինչքան շատ լինեն խորհրդարանում, ասենք, Թագուհի Ղազարյանի պես կանայք, որը քննարկմանը ներս մտավ ուշացած, մոլորված ու ծամոնը բերանում, այնքան լավ։ Եվ որոշեցին, որ կանանց ներգրավվածությունը 30 տոկոսից պետք է հասցնել 40-ի։ Այս տեմպերով որ գնա, մի քանի տարի անց արդեն տղամարդիկ կունենան իրենց իրավունքների պաշտպանության ու քվոտաներ սահմանելու խնդիր։ Քննարկմանը մասնակցող «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանի հետ զրուցեցինք այս թեմայով։ Մի քիչ հումորով հարցրինք․ «Իսկ կա՞ տարբերակում տղամարդկանց, կանանց եւ կանացի արժեհամակարգով տղամարդկանց միջեւ, որ նրանք էլ գուցե ինչ-որ տոկոս զբաղեցնեն»։

Դանիելյանը սկզբում չհասկացավ հարցը, ապա հայտնաբերեց, թե մենք «ինչ-որ կիսապրովոկատիվ հարց ենք փորձում ձեւակերպել»։ Երեւի ենթադրել էր, թե ակնարկ կա՝ իրենց խմբակցության որոշ տղամարդկանց ուղղված, որոնց տղամարդկային արժանիքները վերջին օրերին հիրավի կարելի է կասկածի տակ առնել։ Ասացինք, որ կիսապրովոկատիվ չէ, այլ ուղիղ հարց ենք տալիս՝ տղամարդիկ կան, որոնք այդքան էլ տղամարդ չեն, ասենք՝ վիրավորում են կանանց, անհարգալից են արտահայտվում․ սրանց վերաբերյալ քվոտավորում լինելո՞ւ է։ «Կան արժեքներ, որոնք բնորոշ են մարդուն՝ անկախ սեռից, եւ կան էդ արժեքներից շեղումներ թե՛ կանանց մոտ եւ թե՛ տղամարդկանց մոտ»,-հարցը «ցրեց» պարոն Դանիելյանը։

ԱԺ փոխխոսնակ Լենա նազարյանն էլ է կողմնակից, որ կանանց ներգրավվածությունը 40 տոկոսի հասնի՝ 30-ի փոխարեն։ Մեր հարցին, թե ինչ տարբերություն` կին է, թե տղամարդ, եթե պրոֆեսիոնալ է տվյալ անձը, Նազարյանն ասաց, որ, իհարկե, առաջին հերթին քննարկվում են մարդու մասնագիտական կարողությունները, բայց ինքը բոլորովին կասկածի տակ չի դնում կանանց մասնագիտական կարողությունները։ Մյուս հարցին՝ իսկ եթե մարդը սեռը փոխել է, տրանսգենդեր է, այդ դեպքում ի՞նչ են անելու, ո՞ր սեռի քվոտաների մեջ է նա տեղավորվելու, Լենա Նազարյանն այս պարզ եւ մեր օրերի համար ակտուալ հարցը չլսելու տվեց։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչն էր խանգարում, որ իրենց թիմից մեծ թվով կանանց նշանակեին մարզպետ ու նախարար, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց․ «Լավ հարց էր․․․ իհարկե, նման ցանկություն եւ ձգտում եղել է, բայց նաեւ եղել են օբյեկտիվ հանգամանքներ։ Մենք երկար ժամանակ փնտրել ենք կին նախարարներ եւ չենք կարողացել այդ պահին գտնել, երբ կառավարություն էինք ձեւավորում։ Բայց մեր նպատակը եւ ձգտումը մնում են նույնը, եւ մենք հիմա արդեն ստեղծում ենք օրենսդրական մեխանիզմներ, որպեսզի հետագայում, նույնիսկ եթե իշխանությունը փոխվի, կառավարություններ փոխվեն, մշակույթը ձեւավորվի, որովհետեւ հաջորդ կառավարություններն արդեն հետքայլ չեն կարողանա անել»։ Բայց արդյոք իր նման «տաղանդավոր» կին գործիչներն այդքան շա՞տ են մեզանում։

- Տիկին Նազարյան, իսկ եթե օրենքով ամրագրեք, որ պետք է 40 տոկոս լինի կանանց ներգրավվածությունը, բայց տվյալ իշխանությունը չկարողանա նախարարներ ընտրել, դա ինչպե՞ս է կարգավորվելու։

- Խոսքը հիմա վերաբերում է օրենսդիր իշխանությանը, մենք Ընտրական օրենսգրքով կարգավորում ենք ԱԺ-ում կանանց ներկայացվածության հարցը՝ Կուսակցությունների մասին օրենքով, ուզում ենք կարգավորել կանանց ներկայացվածության հարցը կուսակցությունների ղեկավար կազմում։

- Նկատի ունեմ՝ որակի վրա չի՞ ազդի, որ զոռով ուզենան կին պաշտոնյա ընտրել։

- Ես չեմ հասկանում՝ Դուք ինչու եք կանանց որակից խոսում եւ շրջանցում եք տղամարդկանց մասնագիտական որակները։