Առաջարկում են չիպավորել անասուններին

Առաջարկում են չիպավորել անասուններին

«Միս ու կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիան» նոր ծրագիր է մշակել, նրանք առաջարկում են Հանրապետությունում գյուղկենդանիների քանակն ու հիվանդությունները վերահսկելու նպատակով համարակալել կենդանիներին։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց ասոցիացիայի փոխնախագահ Արամ Ճշմարիտյանը․

«Մեր ասոցիացիան մի ծրագիր է ստեղծել, մենք որոշել ենք, որ կենդանիներին համարակալել, որպեսզի կարողանանք կառավարել կենսաբանական ռիսկերը։ Համարակալումը ենթադրում է, որ գյուղկենդանիների ականջներին պիտակներ են փակցվելու, դա անձնագրի պես մի բան է դառնալու, հատուկ կոդ է շնորհվելու։ Ոչ զարգացած երկրներում ֆերմերները,որպեսզի կարողանան կառավարել, թե, օրինակ, որ կենդանին է պատվաստված, իրենք համարակալում են, բայց դա իրենց մոտ է մնում, չի գնում պետական մարմիններ, որպեսզի նախարարությունները կարողանան իմանալ, թե քանի կենդանի կա, որոնք են պատվաստվել և այլն։ Այդ ինֆորմացիային պետական մարմինը կարողանում է տեղեկանալ միայն անասնաբուժի միջոցով, որքանով անասնաբուժը կապ է պահում»։

Ճշմարիտյանն ասաց, որ իրենք արդեն իսկ համապատասխան պիտակներ են նախագծել, որոնք կաշխատեն չիպի և հեռախոսային հավելվածի օգնությամբ․

«Որպեսզի այդ հարցին լուծում տանք, մենք ինքնատիպ , աշխարհում գոյություն չունեցող մոդել ենք մշակել վերջին տեխնոլոգիաների կիրառմամաբ։ Մենք ուզում ենք պիտակի մեջ դնել հատուկ չիպ, որը հաղորդակցվում է հեռախոսի հետ։ պատկերացրեք, որ եթե բոլոր անասունները համարակալվեն, անասնաբույժը հեռախոսը մոտեցնում է չիպին, և սերվերը փոխանցում է հատուկ համարանիշը, որը բացառիկ է և միայն այդ անասունինն է, և այդ համարանիշի տակ մուտքագրում է տվյալներ՝ գույնը, քաշը, պատվաստման ժամանակացույցը և այլն»։

Հարցրինք՝ բայց թանկ հաճույք չե՞ն նմանատիպ չիպերը․

«Ողջ հարցն այն է, որ այդ պիտակները չեն գերազանցելու 1000 դրամը, դա համաշխարհային մասշտաբով բավականին էժան է ստացվելու։ Լինելու է հեռախոսի հավելված, որով և աշխատելու է ծրագիրը։ Շատ երկրներ դա փորձել են համակարգչի օգնությամբ անել, ինչ-որ մատյաններում դա լրացրել են, ապա տեղափոխել են համակարգչային կենտրոն, որտեղ և փորձել են դա թվայնացնել, դա ահռելի աշխատանք է։ Եթե մեր տարբերակը, ենթադրենք, 2020 թվականին Հայաստանում իրականացվի , խոսքը 800 հազար խոշոր եղջերավորի մասին է, ապա մենք խնայում ենք 800 հազար րոպե։ Այդ չիպը մենք ենք մշակել, այսինքն՝ մենք խնդիր ենք դրել և այդ խնդրին լուծում ենք տվել»։

Ճշմարիտյանն ասաց, որ նման մի մեխանիզմ էլկառավարությունն է մշակում, սակայն իրենց ավելի նպատակահարմար է, ցանկանում են, որ կառավարությունը համարակալումն իրականացնի մրցութային կարգով, որպեսզի իրենք նույնպես կարողանան մասնակցել։


«Կառավարությունն էլ է ցանկանում լուծում տալ այս խնդրին, միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ ինչ-որ ծրագիր են նախագծել, որը հիմնված է հին մոդելների վրա։ Եթե մեր առաջարկած մոդելը Հայաստանում ներդրվի, մենք կկարողանանք տարբեր երկրներին առաջարկել մեր լավագույն փորձը, սա նաև մեր կառավարության որդեգրած քաղաքականությունն է, որ յուրաքանչյուր ոլորտ դառնա նորարարական։ Էկոնոմիակյի նախարարությունը ծրագիր է մշակել, որքան կարողացել է, և որտեղ որևէ նորարար մոտեցում չկա»։