Տգետների դարը

Տգետների դարը

2018-ին միանգամից շատ «ջիներ» շշից բաց թողեցին: Մի մասը` օգտակար, մյուս մասը` կործանարար: Շարքային քաղաքացին գիտակցեց իր ուժը, հասկացավ, որ ինքը կարող է շատ բան փոխել` իշխանություն, քաղաքականության ընթացք, երկրում ստեղծված իրավիճակ: Հասկացավ, որ իր՝ փողոց դուրս գալը սարսափեցնում է հղփացածներին, մեծահարուստներին, պադավատներում նստածներին, եւ նրանք պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե ինքն այդպես միահամուռ փողոց չելնի: Հասկացավ, որ պետք չէր վախենալ այդ հղփացածներից ու փողատերերից` ինքը կարող է անգամ նրանց դեմ գնալ, չկատարել նրանց հրահանգները, չենթարկվել իր գործատուին եւ ուսուցչին: Այստեղ ավարտվում են դրական «ջիները», եւ սկսվում է նեռի, քաոսի, դեգրադացիայի հաղթարշավը, երբ շարքային մարդը սկսեց այլեւս չհարգել կրթվածին, հաջողակին, կայացածին: Ոչ միայն չհարգել, այլեւ ատել եւ նրա կործանումը երազել:

Բոլոր հարուստներին, կրթվածներին, կայացածներին նա կոչեց մի բառով` «թալանչի», ոչ մի խտրականություն չդնելով նրանց միջեւ եւ ոչինչ չիմանալով նրանց հարստության ծագման մասին: Սիրով հավատաց Նիկոլ Փաշինյանի եւ մյուս հեղափոխականների հնչեցրած մեղադրանքներին, որոնք տարեցտարի չեն ապացուցվում, բայց անգրագետ խավի մոտ, ինչպես ասում են, այդ նստվածքը մնացել է: Նրան թվաց, թե իր ծոցից ելած չքավորներն ու չկայացածները բացառապես ազնիվ են, իսկ անցյալում հաջողության հասածները` բացառապես հանցագործ: Սկսեց համակրել բոլոր անգրագետներին ու հայհոյախոսներին, նախկինում հալածվածներին: Նա ոչ միայն հավատաց իշխանափոխության ընդունակ իր ուժին, այլեւ իր անգրագիտությունը համարեց արժանիք եւ այլեւս չի ամաչում, որ ինքն անկիրթ է կամ գրագետ հայերենով չի կարողանում շարադրել մտքերը: Կավարտվի՞ արդյոք տգետների ժամանակը: