Տաղանդավո՜ր էր, խոսք չկա․․․

Տաղանդավո՜ր էր, խոսք չկա․․․

Մի մեծ ներկայացման մեջ ենք։ «Տաղանդավոր դերասանը» կարողացավ ու ամեն ինչ արեց հանդիսատեսի սիրտը գրավելու ու հասավ իր ուզածին։ Ներկայացման դրվագներում հանդիսատեսը կրկնում էր այն, ինչ նա էր անում,  անհայտ հնչյուններ էր արձակում, թափահարում ձեռքերը՝գժվե՜լ էր բնական ներկայացման զորեղ ուժից։

Բայց դա դեր էր։ Ընդամենը դե՜ր։ Հիմա այլ դեր է։ Հրաժեշտի։ Դերասանը զարմանալի տաղանդով է խաղում, այնպես է անում, որ բոլորը մի մարդու պես գոռան՝ հեռացի՜ր․․․

Նման պարագայում զարմանալ ու հարցնել՝ ինչու՞ եկավ, որ հեռանում է, նշանակում է թատրոնը պատկերացնել իրական կյանք։ Ցավ զգալ, որ հեռանում է, նշանակում է իրական ու օնլայն կյանքը խառնել։ Պայքարել, որ նա մնա, նշանակում է չիմանալ իրականի ու անիրականի սահմանը։

Երկու տարի է մի դերասանով թատրոնի մեջ ենք։ Ու ո՜նց է կարողանում գլխավոր դերակատարը մի ողջ հանրություն «իրենով անել»՝ իրեն նայեն, իր մասին խոսեն, իրենով ապրեն։

Տաղանդավո՜ր էր, խոսք չկա։ Հեռանալուց հետո կարթնանաք խորը թմբիրից ու հասկանաք, որ երկու տարի պարզապես թատրոնի մեջ էինք․․․