Բաքվում կայացրին Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավճիռը․ մանրամասներ

Բաքվում կայացրին Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավճիռը․ մանրամասներ

2023 թ․ հուլիսին Լաչինի անցակետից ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված և ապօրինի կալանավորված Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանի որոշմամբ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այսօր, ավելի վաղ, պետական ​​մեղադրող Մուգադաս Սուլթանովը հայտարարել էր, թե Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը հաստատվել է և նրա համար պահանջել է 15 տարվա ազատազրկում։ Նրա խոսքով, Խաչատրյանն իր պատժի 5 տարին պետք է կրի բանտում, իսկ մի մասը՝ խիստ ռեժիմով ուղղիչ գաղութում։ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ 65 տարին լրացած անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում (առավելագույն պատիժ) չի նշանակվում։ Վագիֆ Խաչատրյանը 68 տարեկան է։

Մինչև այդ, պաշտպանական ճառով հանդես էր եկել Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան, ով խնդրել էր արդարացնել իր պաշտպանյալին։ Այնուհետև վերջին խոսքը տրվել էր Խաչատրյանին։ Արցախցին ասել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում և խնդրել դատարանին արդարացնել իրեն:

Խաչատրյանը մեղադրվում է 1991 թվականին Մեշալի գյուղում ադրբեջանցիների դեմ, իբր, կատարած ծանր հանցագործությունների մեջ։ Արցախցու դեմ հարուցված կեղծ քրեական գործով, ըստ ադրբեջանական կողմի, տուժող է ճանաչվել 59 մարդ։ Նրանցից մի քանիսը ցուցմունքներ էին տվել նախորդ դատական նիստերի ժամանակ։