Ալեքսանյանի դստեր հարսանիքը` նախկիններով, ներկաներով և առանց ընդդիմության

Ալեքսանյանի դստեր հարսանիքը` նախկիններով, ներկաներով և առանց ընդդիմության

Երեկ «Դվին» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել բոլոր իշխանությունների «սրտի գործարար», ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր` Լուսինի հարսանիքը:Փեսացուն` Արմեն Աղաբաբյանը, Ալեքսանյանի պես մեծահարուստ ընտանիքից չէ, բայց ճանաչողներն ասում են` շնորհքով, համեստ տղա է, բուհերից մեկում դասախոս է, նաեւ բիզնեսով է զբաղվում` Երևանում ծաղկի սրահ ունի:

Հարսանիքին երգել են ինչպես հայ, այնպես էլ դրսից հրավիրված երգիչ-երգչուհիներ, այդ թվում` Սոսո Պավլիաշվիլին, Անի Լորակը, Ֆիլիպ Կիրկորովը: Վերջինս, ասացին, «Տաշիր» գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանի տիկնոջ կողմից նվեր է եղել նորապսակներին:

Հյուրերի ցանկը բացի տարատեսակ գործարարներից, բաղկացած է եղել նաև նախկին ու ներկա իշխանավորներից: Օրինակ` նախկիններից եղել են նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Հովիկ Աբրահամյանը, վերջինիս խնամի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանը, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ամուսինը` Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ի փոխտնօրեն Արշակ Մնացականյանը, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Մխիթարյանը` Մխիկը, Արայիկ Գրիգորյանը` Ավշարի Արայիկը, Աշոտ Արսենյանը` Ջերմուկի Աշոտը, Նահապետ Գևորգյանը` Նովոն և այլք: Իսկ իշխանավորներից ներկա են եղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` տիկնոջ հետ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, որոնք Սամվել Ալեքսանյանի հետ նույն սեղանի շուրջ են նստած եղել։ ներկա են եղել նաեւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մանր տրամաչափի որոշ ՔՊ-ականների էլ են նկատել հյուրերի մեջ, նաև Նիկոլ Փաշինյանի դուստրերին են նկատել` Մարիամին և Շուշանին: Փոխարենը չեն նկատել ներկա խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին: Սամվել Ալեքսանյանը, ըստ էության, փորձել է հնարավորինս «անշառ» դեմքերի հրավիրել իր դստեր հարսանիքին, այսինքն` բոլորին, բացի ռադիկալ ընդդիմադիրներից, որ հետո շահարկումների առիթ չտա: