Վարչապետն իշխանության ոչ մի ճյուղի հանդեպ հարգանք չունի, այդ թվում՝ օրենսդիրի

Վարչապետն իշխանության ոչ մի ճյուղի հանդեպ հարգանք չունի, այդ թվում՝ օրենսդիրի

Ամեն օր կարելի՞ է օրենք խախտել։ Ամեն օր պետական ինստիտուտների հասցեին հայհոյանք ու վարկաբեկիչ խոսքեր հնչեցնել։ Մանավանդ եթե դու պետության առաջին դեմքն ես՝ մարդ, ով Սահմանադրության, օրենքների, պետության կայունության, նրա ինստիտուտների բնականոն գործունեության երաշխավորն է։ 

Դատարանը կալանքի սանկցիա չի տվել՝ ուրեմն դատարանը վատն է եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մեկ դատավորներին վնգստացող է անվանում, մեկ կոչ է անում՝ շրջափակել դատարանները, մեկ հայտարարում է, որ մարդասպաններին ու հանցագործներին են բաց թողնում։ Մարդը դատական իշխանության, առհասարակ՝ իշխանության հանդեպ հարգանք չունի եւ իրեն չի նույնականացնում իշխանության հետ, այլ շարունակում է մնալ ընդդիմություն՝ 3 տարի զբաղեցնելով վարչապետի պաշտոնը։

Բայց ամենից արտառոցն այն քամահրանքն է, որ նա տածում է օրենսդիր իշխանության հանդեպ։ Խորհրդարանական երկրում, որտեղ խորհրդարանն է թիվ մեկ իշխանությունը, գործադիր մարմնի ղեկավարը, որն ընտրվում է այդ խորհրդարանի կողմից եւ ամեն րոպե կարող է անվստահության արժանանալ նրա կողմից ու հեռացվել, արհամարհում է պատգամավորներին, հայտարարում է, որ նրանց հարցերին չի պատասխանում։ 

Իմ քայլից անկախացած պատգամավորին՝ Գոռ Գեւորգյանին նա հրապարակավ ասում է՝ 
«Էդ ո՞նց եք եկել, էդտեղ նստել ընդհանրապես, էդ որտեղից եք եկել, ով եք, ես Ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում»: Այսինքն՝ դու իմ ուսապարկն ես, ես եմ քեզ բերել խորհրդարան, իրավունք չունեիր դուրս գալու Իմ քայլից, եթե դուրս ես եկել, ես քեզ կարող են նվաստացնել ու օրենքը խախտելով՝ քո հարցին չպատասխանել։

Նորմալ երկրում նման մարդուն չէին հանդուրժի երկրի ղեկավարի աթոռին։ Նորմալ երկրում մի ամբողջ խորհրդարան կընդվզեր նրա դեմ՝ իրենց գործընկերոջը վիրավորելու համար։ Նորմալ երկրում ընտրողների բազմությունը հիմա հավաքված կլիներ խորհրդարանի մոտ եւ իր զայրույթը կհայտներ Նիկոլ Փաշինյանի նման ոչ ադեկվատ մարդու՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու դեմ ընդվզելով։ 

Նորմալ երկրում հիմա տասնյակ դատական հայցեր էին գնացել դատարաններ՝ վարչապետի զրպարտչական, անհիմն, տարբեր ինստիտուտների վիրավորող հայտարարությունների համար պատիվ պահանջելով։