Ֆրանսիան` նոր վարչապետի նշանակումից հետո

Ֆրանսիան` նոր վարչապետի նշանակումից հետո

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնը, ի վերջո, նոր վարչապետ է նշանակել։ Ֆրանսիայի վարչապետ է դարձել նախկին եվրահանձնակատար, Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար, 73-ամյա Միշել Բարնյեն։ Թվում է, թե այս նշանակմամբ Ֆրանսիայում ծավալվող ներքաղաքական ճգնաժամը կարող է համարվել ավարտված։ Սակայն իրականում դա այնքան էլ այդպես չէ։ 

Այս նշանակմամբ, կարելի է ինչ-որ իմաստով պնդել հակառակը, որ Մակրոնը, ըստ էության, ավելի է խորացնում ներքաղաքական լարվածությունը՝ փաստացի անտեսելով պառլամենտական ընտրություններում առաջատար դարձած ձախակողմյան Նոր ժողովրդական ճակատին, որը, ի դեմս Լյուսի Կաստետսի, առաջարկել էր իր թեկնածուին։ Այս նշանակումն ուշագրավ է, թերեւս, մի քանի առումներով։ Նախ, պահպանողական, սակայն նաեւ՝ եվրոպական քաղաքական գծի հլու կամակատարի համարում ունեցող Բարնյեի նշանակումը տեղի ունեցավ մի իրավիճակում, երբ ձախակողմյան Նոր ժողովրդական ճակատը պաշտոնանկության գործընթաց է սկսել Մակրոնի դեմ՝ նրան մեղադրելով իր սահմանադրական պարտականությունները չկատարելու մեջ։ 

Մյուս կողմից, այս նշանակմամբ, ինչպես արդեն ասացինք, Մակրոնն անտեսում է «Նոր ժողովրդական ճակատ» կուսակցությանը, որին, ի դեպ, հենց ինքն է աջակցել` իր քաղաքական հենարան համարվող ուժով, որպեսզի առաջատար դիրքերի հասնեն խորհրդարանական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում՝ դրանով կանխելով Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցության հնարավոր հաղթանակը։ 

Մյուս իրավիճակային նրբությունը, որի մասին թերեւս կարելի է խոսել, կապված է ֆրանսիական Հինգերորդ Հանրապետության օրենսդրության յուրահատկության հետ։ Համաձայն դրա, նախագահը նշանակում է վարչապետին՝ պառլամենտից անկախ, եւ կառավարությունը պառլամենտում վստահության քվե ստանալու կարիք չունի՝ հենց սկզբից։ Պատգամավորներն արդեն հետո կարող են կառավարությանն անվստահություն հայտնել, որի համար էլ անհրաժեշտ է ունենալ սիտուացիոն համախմբվածություն՝ բաղկացած տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորներից։ 

Կարելի է կարծել, որ այս յուրահատկության շնորհիվ, առնվազն որոշ ժամանակ Բարնյեի կաբինետը, նույնիսկ լինելով «փոքրամասնության կաբինետ», կկարողանա գործել։ Բացի այդ, չի բացառվում, որ Մակրոնը փորձի խորհրդարանում ինչ-որ գործարքով միավորելով «Միասին՝ հանուն հանրապետության» իր քաղաքական հենարանը համարվող ուժին եւ հանրապետականներին՝ ստեղծի օրենսդիր մարմնում նոր միավոր, որպեսզի բավարար աջակցություն ապահովի Բարնյեի կաբինետի համար։ Հնարավոր է, սակայն, որ Մակրոնը պարզապես որոշել է ապավինել Բարնյեի փորձառությանն ու բանակցելու տաղանդին, երբ վերջինս կփորձի «ջրի վրա» պահել «փոքրամասնության կաբինետը»՝ տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերելով խորհրդարանական մյուս ուժերի հետ։ Ինչ էլ որ լինի, պարզ է մի բան․ լարվածությունը, որն այժմ առկա է ֆրանսիական քաղաքական կյանքում, այս նշանակմամբ չի թուլանա կամ առավել եւս՝ չի հաղթահարվի։