Սերժ Սարգսյանը կորոնա է տանում՝ 6-ի հանդիպումը հետաձգվում է

Սերժ Սարգսյանը կորոնա է տանում՝ 6-ի հանդիպումը հետաձգվում է

Ընդդիմության առաջնորդները՝ 6-ի ֆորմատով, դեկտեմբերից հետո չեն հանդիպել միմյանց հետ, որեւէ հարց միասին չեն քննարկել։ Կապի մեջ են եղել միայն հեռախոսով եւ օնլայն եղանակով։ Սակայն այս մեկ ամսում բազում խնդիրներ ու տարաձայնություններ են առաջացել եւ դրանք քննարկման ենթակա են։ Պետք է հասկանան, թե ինչ են անում Հայրենիքի փրկության շարժման հետ, ինչ դիրքորոշում են որդեգրում արտահերթ ընտրությունների հետ կապված, ինչպես են շարունակում պայքարը՝ իշխանությունների հրաժարականի պահանջով, ինչ են անելու վարչապետի միասնական թեկնածուի հետ կապված եւ այլն։

Հիշեցնենք, որ այդ ֆորմատով քննարկումներին մասնակցում են ՀՅԴ-ից՝ Իշխան Սաղաթելյանը, ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցությունից՝ Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։

Մանավանդ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցն ավելի հրատապ է դարձրել հանդիպելու անհրաժեշտությունը, որով ընդդիմության տարաձայնությունների հիմնական թեման բարձրաձայնված է։ Իսկ այն վերաբերում է արտահերթին մասնակցելու դիրքորոշմանը․ Սերժ Սարգսյանը կտրականապես դեմ է մասնակցելուն, իսկ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է եւ հաղթի Նիկոլ Փաշինյանին։

Առաջիկա հանդիպմանն, ըստ ամենայնի, հատկապես այդ հարցն է քննարկվելու եւ որոշվելու է՝ ընդդիմությունը միասնական դաշտով է պայքարում, թե պայքարի մեթոդները ստիպելու են առանձին ճակատներով ու տարանջատ մասնակցել ընտրություններին՝ եթե դրանք հայտարարվեն։