Եռաբլուրում կխոնարհվեն Մոնթեի և ԱՍԱԼԱ-ի հուշակոթողներին

Եռաբլուրում կխոնարհվեն Մոնթեի և ԱՍԱԼԱ-ի հուշակոթողներին

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի 65-ամյակն է լրանում վաղը՝ նոյեմբերի 25-ին։ Դեպի Եռաբլուր Մոնթեի 65-ամյակին նվիրված քայլերթ են ձեռնարկել Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցն ու  «Հայ ասպետ» դպրոցի սաները։

Աշակերտներն ու երիտասարդները նոյեմբերի 25-ին Ազատության հրապարակից ժամը 11.00-ից պաստառներով քայլելու են դեպի Կառավարություն։

«Պահանջագիր ենք տալու վարչապետի անունով, որ պահանջում ենք Մոնթեին՝ մեր ազգային արժանապատվությունը հանդիսացող ազգային հերոսին ֆեյսբուքյան այդ արգելափակումից ազատագրել և այնտեղից քայլերթով գնալու ենք Եռաբլուր»,-«Հրապարակի» հետ զրույցի ժամանակ ասաց Կարին Տոնոյանը։   

Սաները Կառավարության դիմացից 12։00-ից հետո քայլելու են Եռաբլուր, որտեղ «Մոնթեի պատգամները և մեր խոստումները»  խորագրով միջոցառում են կազմակերպելու և  խոնարհվելու են Մոնթեի և ԱՍԱԼԱ-ի հուշակոթողներին։

Կարին Տոնոյանը տեղեկացրեց, որ իրենց դպրոցի սաներին ուղեկցելու են ուսուցիչները։