Նոր օրինագիծը դամոկլյան սրի նման կախված է մասնավոր մանկապարտեզների գլխին

Նոր օրինագիծը դամոկլյան սրի նման կախված է մասնավոր մանկապարտեզների գլխին

ՀՀ վարչապետի 2020 թ․ դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի համաձայն բուռն քննարկումների առարկա է դարձել մասնավոր կրթական ծառայություններն ԱԱՀ-ով կամ ավելացված շրջհարկով հարկելու հարցերը, ինչը մտահոգությունների և դժգոհության մեծ ալիք է բարձացրել մասնավոր նախադպրոցական հաստատությունների (ՆԴՀ) պատասխանատուների շրջանում։

ՆՀԴ պատասխանատուները համոզված են, որ այդ որոշման ընդունումը կործանարար հետևանքներ կարող է ունենալ մասնավոր նախադպրոցական համակարգի վրա, քանի որ հետպատերազմյան այս ծանր ժամանակահատվածում և շարունակական գնաճի պայմաններում պետության կողմից աջակացություն ստանալու փոխարեն, նախատեսվում է ևս մեկ հարված մասնավոր նախադպրոցական ոլորտին՝ այս անգամ հարկային բեռի աննախադեպ աճով, որի արդյունքում արհեստականորեն բարձրանալու է ծառայությունների արժեքը։ Տարվա ընթացքում ձեռնարկատերերը կրել են զգալի կորուստներ, որոնց վերականգնման համար հարկավոր են տարիներ։ Մեծ թվով հաստատություններ պարզապես լուծարվել են, փոշիացվել են տարիներ շարունակ դրանց վրա արված ներդրումները։

Սույն որոշումը, ըստ ՆԴՀ ասոցիացիայի հիմնադիր խորհուրդի, հղի է սոցիալ-տնտեսական և կրթադաստիարակչական անդառնալի հետևանքներով․ մասնավորապես այս փոփոխության արդյունքում մեծ թվով հաստատություններ պարզապես կլուծարվեն, հետևաբար նաև կվերանան իրականացվող բազմաթիվ նորարարական ծրագրեր։ Կրճատված աշխատակիցները կհամալրեն գործազուրկների բանակը՝ պետության համար ավելացնելով ևս մեկ ֆինանսական և սոցիալական բեռ։ Մասնավոր նախադպրոցական ոլորտից մեծ հոսք կլինի դեպի պետական, առանց այն էլ ծանրաբեռնված հաստատություններ՝ կրկին ավելացնելով պետության ֆինանսական բեռը։ Պետական մանկապարտեզներում ազատ տեղերի բացակայության դեպքում ծնողներից մեկը ստիպված է լինելու խնամել երեխային՝ զրկվելով աշխատելու հնարավորությունից և դառնալ գործազուրկ։