Պաշտոնական Երևանն ընդդեմ Արցախի կամ՝ երրորդ մահացու զարկը

Պաշտոնական Երևանն ընդդեմ Արցախի  կամ՝ երրորդ մահացու զարկը

Որպեսզի իմ այս հոդվածը դիտավորյալ գլխիվայր շուռ տված չմեկնաբանեն, հենց սկզբից հայտնեմ, որ խոսքը ոչ թե ժողովրդի, այլ Հայաստանի իշխանությունների, պաշտոնական Երևանի մասին է։ 
Առնվազն վերջին հարյուրամյակում Հայաստանի իշխանություններն այդպես էլ չսիրեցին պատմական Հայաստանի մաս կազմող Արցախ նահանգը։ 

1919 թ. մարտի 19-ին, Շուշիի կոտորածից մեկ տարի առաջ, Ղարաբաղի հայկական Ազգային խորհուրդը նամակ է հղում Զանգեզուրի և Ղարաբաղի հարցերով գեներալ-կոմիսարին, որում պատմում է արցախահայության վիճակի, Ադրբեջանի զավթողական նպատակների և Հայաստանի Հանրապետության դիրքորոշման մասին: 

Նույն տարում Արցախի հայերի 4-րդ ազգային համագումարի կողմից նամակ-հեռագիր է հղվում Արարատյան հանրապետությանը, որը ստորագրել էին Ղարաբաղի ժողովրդական կառավարության նախագահ Եղիշե Իշխանյանը, քարտուղար Մ. Եսայանը։ Նամակում ասվում էր, որ Ղարաբաղի հայերը երբեք չեն ենթարկվել ադրբեջանական կառավարությանը և որ նույնիսկ թուրքական կանոնավոր բանակին չի հաջողվել կոտրել իրենց կամքը: Նաև ասվում է, որ բոլոր բողոքները մնացել են ձայն բարբառո հանապատի և որ Արարատյան հանրապետությունը շարունակում է հանցավոր ու դատապարտելի անտարբերություն ցուցաբերել Ղարաբաղի նկատմամբ, որը հայկական մարզերից մեկն է և որի բնակչության 90 տոկոսը հայեր են: Ասվում էր, որ ադրբեջանական կառավարությունն օրեցոր նպատակաուղղված նորանոր ուժեր և մեծ քանակությամբ զինամթերք է զետեղում Խանքենդիում (Ստեփանակերտում), մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում: Ադրբեջանը զորքերի տեղաշարժ է կատարում, ագրեսիվ քայլեր է անում, իսկ Հայաստանի Հանրապետությունը կատարյալ լռություն է պահպանում: («Нагорный Карабах в 1918-1923 г.г», Ереван, 1992 г.):

Պատմաբան Լեոն իր «Անցյալից» գրքում գրում է, որ «Քաջազնունին, Խատիսյանը եւ Պապաջանյանը, մարդիկ, որոնք ոչինչ հասկացողություն չունեին ո՛չ Ղարաբաղի, ո՛չ էլ Զանգեզուրի մասին, Բաթումի չարաղետ բանակցությունների միջոցին համաձայնություն են տալիս թուրքերին, որ Ղարաբաղը պատկանի Ադրբեջանին, իսկ Զանգեզուրը՝ Հայաստանին…»։ 

Սա Հայաստանի իշխանությունների կողմից առաջին դավաճանությունն էր Արցախին։
Եղիշե Իշխանյանն իր «Ղարաբաղի ապստամբությունը» գրքում գրում է, որ «Յովհաննէս Քաջազնունին Ղարաբաղի Ազգային Խորհրդի անդամ Հրանդ Բահաթրեանին շատ պարզ կերպով ասել էր, որ Հայաստանի կառավարութիւնը ի վիճակի չէ, չի կարող Ադրբէջանի ոտնձգութիւնների առաջն առնել, ուստի յոյս չդնէք Հայաստանի կառավարութեան վրայ, բանակցութեան մէջ մտնենք Ադրբէջանի կառավարութեան հետ, ընդունենք նրա իշխանութիւնը, համաձայնութիւն կնքենք որոշ պայմաններով, սպասենք մինչև Վերսայլի վեհաԺողովի վերջնական որոշումը»: 

Իսկ 1920 թ. մարտի 22-ի լույս 23-ի գիշերը տեղի ունեցավ Շուշիի հայության կոտորածը, որին զոհ գնաց 8-12 հազար մարդ։ «Կովկասի տարեցույցի» տվյալների համաձայն, կոտորածից 4 տարի առաջ Շուշին ուներ 43.869 բնակիչ, որից 23.400-ը հայեր էին: Ի դեպ, միայն թուրքահպատակ տգետը կարող է բարբաջել, թե Շուշիում բնակչության 90 տոկոսն ադրբեջանցիներ էին և այն ադրբեջանական է։

1988 թ. սկսվեց Արցախյան շարժումը։ Շատերն են թերևս հիշում բազմահազարանոց հանրահավաքները Ստեփանակերտում և, ի պաշտպանություն Արցախի, հանուն Հայաստանի հետ Արցախի վերամիավորման՝ միլիոնանոց հանրահավաքները Երևանում։ Ժողովրդի երկու հատվածների միջև ոչ մի խնդիր չկար, իսկ ահա ամեն ինչ այնքան էլ հարթ ու սահուն չէր Արցախյան կողմի և Հայաստանի պաշտոնական այրերի հարաբերություններում։ Երևի շատերն են հիշում Հայկական ԽՍՀ ղեկավար Կարեն Դեմիրճյանի արհամարհանքախառն այս արտահայտությունը՝ «Ղարաբաղը ջեբս չի, որ տամ»։ 
1989 թ. Երևանում կայացած հանդիպման մասնակիցները, որոնցից շատերին անձամբ ծանոթ եմ, պատմում էին, թե 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի կողմից ինչպիսի մեծ դժվարությամբ ստորագրվեց «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման» հանրահայտ որոշումը։ Պատմում էին, որ հայաստանյան կողմն ամեն կերպ դեմ էր նման որոշմանը, հազար ու մի պատճառաբանություն էր հնարում, բայց այնուամենայնիվ այն ստորագրվեց։

Հետո իշխանության եկան «Ղարաբաղ» կոմիտեի տղերքը, բայց Արցախի հանդեպ, մեղմ ասած, ոչ բարյացակամ վերաբերմունքը մնաց նույնը։ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանության գալով, ամեն ինչ արեց, որպեսզի 1989 թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը մնա թղթի վրա։ Նախապես հասկացրին, որ Հայաստանն անկախություն է հռչակելու Հայկական ԽՍՀ սահմաններով։ Արցախը կամ պիտի մնար Ադրբեջանի կազմում, կամ պիտի անկախություն հռչակեր։ Պարզ է, որ առաջին տարբերակի մասին խոսք լինել չէր կարող։ Արցախն ընտրեց երկրորդ տարբերակը։
Հետո ողջ Արցախյան պատերազմի ժամանակ Արցախը պայքարում էր թե՛ արտաքին թշնամու, թե՛ լտպ-ական վերնախավի դեմ։ Ժողովրդական խոսք կա՝ «Առանց կրակ ծուխ չի լինում»։ Պատահական չեն Շուշիի ազատագրման օպերացիայի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի անտեղյակության մասին զրույցները։ 

1992 թ. հուլիսին Հռոմում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային հանդիպումից օր առաջ հայաստանյան կողմը Արցախի պատվիրակությանը, որը ղեկավարում էր Բորիս Առուշանյանը, հաղորդեց, որ բանակցություններում նախատեսվում է քննարկել նաև Շուշիից և Լաչինից հայկական զինուժի դուրսբերման ժամանակացույցը։ «Մնացել էինք ապշած։ Մեր լսածին չէինք հավատում։ Ինչպե՞ս թե... Ո՞նց թե... Մեզ մոտ Արցախում հազիվ թե որևէ մեկի մտքով անցներ, որ այստեղ այդպիսի փաստաթղթեր պիտի քննարկվեն»,- պատմում է Բորիս Առուշանյանը։ 

Իսկ օր առաջ Արցախի պատվիրակները լսել էին, որ թշնամին գրավել է Մարտակերտը։ «Դա ավելի դժվարին դարձրեց մեր դրությունը բանակցությունների ժամանակ, որովհետև դեռևս մինչև Մարտակերտի անկումը, Արցախի 30 տոկոսն արդեն գրավված էր թշնամու կողմից ու վիճակը փաստորեն օրհասական էր»։ Այսինքն՝ երբ Արցախի մեկ երրորդը գրավված էր արդեն, Հայաստանի պատվիրակությունը Հռոմ էր ներկայացել Շուշին ու Արցախը Հայաստանին կապող Լաչինը զիջելու «ժամանակացույցով»։ Այսինքն՝ Շուշին ու Լաչին-Բերձորն ազատագրելուց 2 ամիս հետո ԼՏՊ-ն պատրաստվում էր դրանք հակառակորդին վերադարձնելու մասին փաստաթուղթ ստորագրել տալ։ Իսկ մինչ այդ Առուշանյանին այսպիսի «հայրական» խորհուրդ էր տվել՝ «Խնդրում եմ այնտեղ հնարավորինս զիջողական լինես և թղթեր ստորագրես...»։ («Առավոտ», 10 մայիսի, 2017 թ.)։

Եվ, վերջապես, հիշենք բիշքեկյան խայտառակ համաձայնագիրը։ Հայկական զինուժի առաջ ծնկի եկած, ջախջախված ու զինադադար աղերսող թշնամու հետ հայաստանյան կողմի համաձայնությամբ ու խորհրդով ստորագրվեց մի փաստաթուղթ, որտեղ պարտվող կողմին չներկայացվեց ոչ մի պայման։ Եվ հենց այդ խայտառակ փաստաթղթի պտուղներն ենք քաղում վերջին երկուսուկես տասնամյակում՝ հազարավոր զոհերի և տարածքային կորուստների տեսքով։

2018 թվականին Հայաստանում իշխանության եկավ, ավելի ճիշտ՝ Հայաստանի թշնամիները իշխանության բերեցին Նիկոլ Փաշինյանին։ Մի մարդու, որն իր մեջ խտացնում է պատմությունից մեզ հայտնի բոլոր ճիվաղների ամենաստոր հատկությունները։ Նա եկավ կոնկրետ ծրագրով՝ կործանել Արցախը, ապա աշխարհի քաղաքական քարտեզից ջնջել Հայաստանը։

Երկուսուկես տարում Հայաստանում կազմաքանդելով կամ էականորեն ավերելով կենսական նշանակության բոլոր ոլորտները, ներքաղաքական դաշտը դարձնելով արկածախնդրության թատերաբեմ, Հայաստանին զրկվելով դաշնակիցներից ու մինչ այդ բարեկամաբար տրամադրված երկրների հարգանքից և զգալիորեն խախտելով հակառակորդ, թշնամի երկրի հետ ուժերի հարաբերակցությունը, նա հնարավորություն է տվել թշնամուն հարձակվել Արցախի վրա։ Իսկ պատերազմի ողջ ընթացքում հանրությանը դիտմամբ կերակրում էին ստերով ու թաքցնում մեր ունեցած կորուստները, որպեսզի նրան զրկեն նաև ինքնակազմակերպվելու հնարավորությունից։ 

Արդյունքում՝ Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ՝ Արցախի ոչ միայն թշնամու կողմից գրավված, այլև չգրավված տարածքները նվիրելով Ադրբեջանին։ Արցախի մոտ 12 հազար քառ. կմ տարածքից այսօր մնացել է բոլոր չորս կողմերից շրջափակված 2 հազար քառ. կմ մի տարածք։ Սա պաշտոնական Երևանի կողմից Արցախին ուղղված երրորդ և մահացու զարկն է։ 

Արցախում ժողովրդի ստվար մասն այլևս չի հավատում Հայաստանի իշխանություններին։ Ի դեպ, դեռևս տարիներ առաջ այստեղ այն կարծիքն էր տարածված, որ Հայաստանում եթե իշխանության գա ոչ արցախցի ղեկավար, ապա հաստատ ծախելու է Արցախը։ Շատերս քամահրանքով էինք վերաբերում դրան։ Բայց, պարզվում է, ժողովրդի հավաքական հիշողությունը չի սխալվում։ Պատմության դառը օրինակները նա լավ հիշում է։ 

Եվ վերջում կրկին հիշեցնեմ, որ խոսքը ոչ թե Հայաստանի ժողովրդի, այլ ՀՀ իշխանությունների մասին է։

Վարդգես Օվյան
Գրող, հրապարակախոս