Ինտրիգներ՝ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրության շուրջ

Ինտրիգներ՝ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրության շուրջ

Վաղը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի կունենա համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որի համար, ինչպես արդեն գրել ենք, հայտ է ներկայացրել 2 անձ՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Ռեկտորի ընտրությունը վերապահված է համալսարանի հոգաբարձուների՝ 20 հոգուց բաղկացած խորհրդին, որի նախագահն է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը։

Խորհրդի կազմում հիմնադրի անունից առաջադրված են ՀՀ փոխվարչապետի օգնական Գեւորգ Բարսեղյանը, ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով նաեւ Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, փաստ, որն ակնհայտ շահերի բախում է ենթադրում, ինչպես նաեւ՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, ով դեռ օրեր առաջ մեզ հետ զրույցում նշել էր, որ հայտը ներկայացնելուց առաջ խնդրել է իրեն ազատել այդ անդամության պարտականությունից, որպեսզի մասնակցի ռեկտորի մրցույթին։ Ինչ վերաբերում է հարցին, թե հոգաբարձուների խորհրդի կազմում ով է փոխարինելու Դավիթ Գյուրջինյանին, Բրյուսովի անվան համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը նշեց, որ վարչապետի հրամանով Դ․ Գյուրջինյանին փոխարինելու է ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամների թվում են Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սաթենիկ Մկրտչյանը, կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը, Երեւանի պետական հումանիտար քոլեջի տնօրենի ԺՊ Մարիամ Մինասյանը եւ Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի տնօրեն Շողեր Վերդյանը։ Խորհրդի կազմում, համապատասխանաբար, 5-ական անձով ներկայացված են  նաեւ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության ներկայացուցիչներ։

Նկատենք, որ համալսարանի բոլոր ստորաբաժանումները միասնաբար առաջադրել են գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի թեկնածությունը, ով դեռեւս մեկ անգամ է ընտրվել այդ պաշտոնում եւ կրկին կարող է առաջադրվել։ Սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրություններից առաջ համալսարանը համախմբվել է գործող ռեկտորի շուրջ․ «Բոլոր ստորաբաժանումները Կարինե Հարությունյանին են պաշտպանելու, մնացածը՝ ընտրությունների ելքը ցույց կտա»։   

Ներկայիս հոգաբարձուների խորհրդի կազմը հնարավորություն տալի՞ս է, որ լսելի դառնան համալսարանի ձայնն ու ցանկությունը։ «Ամեն դեպքում, ես հավատում եմ, որ մենք ժողովրդավարական երկիր ենք, նաեւ ժողովրդավարական բուհեր ենք, ու հավատում եմ, որ կապ չունի, թե թեկնածուն որտեղից է առաջադրված։ Հուսամ, որ խորհրդի 20 անդամներից ամեն ոք իր ընտրությունը կատարելու է իր խղճի մտոք, որեւէ ճնշումների չեն ենթարկվելու եւ գալու են՝ արդար ընտրություն անցկացնեն, քննարկեն իրական ծրագրերն ու նաեւ քվեարկեն ոչ թե անձերի, այլ՝ ծրագրերի օգտին»,- ասում է Ցոլակ Ակոպյանն ու հույս հայտնում, որ հոգաբարձուների խորհուրդը կառաջնորդվի բուհի շահերից ելնելով եւ հաշվի կառնի նաեւ բուհի կարծիքը՝ բոլոր ստորաբաժանումներով հանդերձ։

Երեկ, օրվա վերջում «Հայկական ժամանակ»-ի կայքում՝ armtimes.com-ում, մի լուր հրապարակվեց՝ «Բրյուսովի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. մեծ վնասներ են հասցվել կրթական հաստատությանը» վերնագրով: «Հայկական ժամանակ»-ի հավաստի աղբյուրների համաձայն, Բրյուսովի անվան բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանը կատարել է մի շարք չարաշահումներ, որոնց շրջանակներում իրավապահ մարմիններում գործ է քննվում։ «Նա 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգեւավճար, 10-ից ավելի ուսանողների անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ վերցրել մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ եղել են դեպքեր, երբ համալսարանի որոշ ուսանողներ բացակայել են երկրից, սակայն նրանց բացակաները չեն գրանցվել, քննությունների համար ստացել են միավորներ, փոխադրվել հաջորդ կուրս, վերցրել դիպլոմներ»,- մասնավորապես գրված է հրապարակման մեջ։ Տեղեկության իսկությունը պարզելու համար փորձեցինք կապ հաստատել Կարինե Հարությունյանի հետ, բայց նա ողջ օրը մեր զանգերին չպատասխանեց։ Առնվազն տարօրինակ է, թե ինչու ընտրություններից մեկ օր առաջ իշխանական կայքը նման հրապարակում է անում։ Ակնհայտ է, որ փորձ է արվում ընտրություններից առաջ գցել գործող ռեկտորի վարկանիշն ու հեղինակությունը։  

Ավելի ուշ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաեւ համալսարանը՝ նշելով, որ հոդվածում խեղաթյուրված փաստեր են ներկայացված։ «Հոդվածը նպատակային պատրաստված եւ հատուկ հրապարակված է բուհի ռեկտորի ընտրությանն ընդառաջ, որը պետք է տեղի ունենա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին: Տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունն իրականացրել է ստուգումներ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում, եւ ստուգման արդյունքների մասին տեղեկանքը համալսարանը դեռեւս պաշտոնապես չի ստացել։ ՀՀ պետական վերահսկողության ծառայության ստուգումների արդյունքների մասին տեղականքը ստանալուց հետո, համաձայն կարգի, մենք 5-օրյա ժամկետում կտանք համալսարանի կարծիքը եւ մանրամասն կանդրադառնանք յուրաքանչյուր կետի։ Ռեկտորի ընտրության նախաշեմին հատուկ ուղղորդված եւ սխալ տեղեկություններ են տրամադրվել: Գտնում ենք, որ այս ընթացքում ռեկտորը ֆինանսական չարաշահումներ թույլ չի տվել, եւ սա նպատակադրված քայլ է՝ ընտրություններին ընդառաջ բացասական իմիջ ստեղծելու գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի անձի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ: