Ադրբեջանի դեսպանը սպառնացել է «սպանել» ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին

Ադրբեջանի դեսպանը սպառնացել է «սպանել» ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին

 
Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին, քանի որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել ԵՄ–ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին։ Տեղեկությունը հայտնում է politico.eu կայքը։

Դեսպանների շրջանում տարածված նամակում, մասնավորապես ասվում է, որ որ Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման եւ ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի կողմից, որը «ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի նկատմամբ»:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Թանգլա հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունը երկրի ազգային տոնի առթիվ:

Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի պատերազմից հետո Անկարայի կողմից կազմակերպված հայկական դեսպանատան մասնակցությամբ առաջին ընդունելությունն էր:

Ի պատասխան Politico-ի հարցմանը՝ Սադիգովը հերքել է միջադեպը՝ մեղադրանքներն անվանելով անհեթեթ և նշել, որ ընդունելությունն անցել է բարեկամական մթնոլորտում, որը բնորոշ է սովորական դիվանագիտական միջոցառումներին:

«Ես տեղյակ չեմ որևէ նամակի կամ մեղադրանքի մասին. հայ դիվանագետները կարող են ինչ ասես պնդել», — հավելել է նա:

Ավելի վաղ ԵՄ–ն Սադիգովին քննադատել էր սոցցանցերում հրապարակումների համար, որտեղ, նա կարծես սպառնացել էր Հայաստան այցելած Եվրախորհրդարանի պատվիրակությանը: Եվրոպացի քաղաքական գործիչների լուսանկարի տակ նա հիշատակել էր, որ 3000 մետր հեռահարությամբ ադրբեջանական դիպուկահարներ կան ու խորհուրդ էր տվել նրանց հեռու մնալ ադրբեջանական սահմանից: