ԵՄ-ի հետ համաձայնագիրը կյանքի չի կոչվում

ԵՄ-ի հետ համաձայնագիրը կյանքի չի կոչվում

Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը կյանքի չի կոչվում: Թեպետ ԵՄ անդամ երկրների մեծամասնությունը, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանը վավերացրել են այն, իսկ Հայաստանի ԱԺ-ն վավերացրել է դեռեւս 2018-ի գարնանը, որին էլ անմիջապես հաջորդեց իշխանափոխությունը: Այդ իրողությունը որոշակի ոգեւորություն առաջացրել էր Բրյուսելում, քանի որ Եվրամիությունն ամենեւին անմասն չէր Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից: 

Նոր կառավարության ձեւավորումից հետո Եվրամիությունը փորձեց ակտիվ ներազդել Հայաստանի վրա, Երեւանի ավանդական գործընկեր Ֆրանսիայի նախագահը, այնուհետեւ Գերմանիայի կանցլերը այցելեցին Հայաստան: Հայկական բարձրաստիճան պաշտոնյաներն էլ (ինչպես նախագահը, այնպես էլ վարչապետը) հետիշխանափոխական առաջին տարում խիստ հաճախակի էին լինում Փարիզում, Բեռլինում եւ Բրյուսելում: 2019-ից շփումների դինամիկան նվազեց, չնայած այն իրողությանը, որ Եվրախորհուրդն աննախադեպ դրական գնահատական տվեց վերջին խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքում Հայաստանի իշխանություններն ակնկալում էին ներդրումային «բում»: Բայց դա այդպես էլ իրականություն չդարձավ, եւ առայսօր չկա գոնե 50 միլիոն եվրոյին համարժեք մեկ ներդրումային ծրագիր, որը կվկայեր եվրոպական բիզնեսի հետաքրքրության մասին:  Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: 

Խնդիրն այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը բոլորովին համարժեք չի ընկալում նոր եվրոպական իրողությունները: Պաշտոնական Երեւանի պատկերացումներում Արեւմուտքը դեռեւս միասնական հասկացություն է, մինչդեռ իրականում առկա է ճիշտ հակառակը՝ ապագլոբալիզացիայի գործընթացը: Անգլոսաքսոնական շահերն այլեւս զատվել են մայրցամաքային Եվրոպայի հետաքրքրություններից, եւ 2016-ին տեղի ունեցած բրեքզիթը, ինչպես նաեւ Դ. Թրամփի ընտրությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում, հենց դրա ցուցանիշն է:

Հետեւապես, այսօրվա Եվրամիությունը խորքային առումով ֆրանս-գերմանական տանդեմն է, ուր  Ֆրանսիան աստիճանաբար ստանձնում է Եվրոպայի անվտանգության հիմնական երաշխավորի դերը, քանի որ միջուկային զենք ունեցող միակ պետությունն է եւ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ: Գերմանիան իր հերթին վաղուց արդեն վերածվել է Եվրամիության տնտեսական լոկոմոտիվի: 
Իսկ ֆրանս-գերմանական շահերը, Հայաստանի առնչությամբ (բացի քրիստոնեական-քաղաքակրթական ընդհանրությունից), ունեն երկու գործնական բաղադրիչ: Հայաստանը Եվրոպային հետաքրքիր է իբրեւ հակաթուրքական գործոն եւ Վրաստանի հետ միասին որպես միջանցք դեպի Իրան: Որովհետեւ Գերմանիան Իրանը դիտարկում է իբրեւ Եվրամիության էներգետիկ անվտանգության ապագա հիմնական բաղադրիչ, ինչպես նաեւ տնտեսական գործընկեր ու ոչ փոքր շուկա՝ եվրոպական ապրանքների համար: Թեհրանն իր հերթին միշտ համարել է, որ դեպի Եվրամիություն իրանական գազի արտահանման լավագույն ուղին Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով՝ Եվրոպա ճանապարհն է:

Նախ, դա ամենակարճ եւ տնտեսապես ամենաշահավետ ուղին է, իսկ Հայաստանը եւ Վրաստանը Իրանի կողմից դիտարկվում են որպես ավելի հուսալի գործընկեր՝ հաշվի առնելով Իրան-Ադրբեջան խնդրահարույց հարաբերությունները: Նույն տրամաբանությամբ Իրանը ողջ հետխորհրդային շրջանում կարեւորել է դեպի Հայաստան երկաթուղու կառուցումը՝ ամենակարճ ճանապարհով Վրաստանի սեւծովյան նավահանգիստները ելք ունենալու համար: Ահա, այս խնդիրներն են Հայաստանը հետաքրքիր դարձնում Իրան-Եվրոպա շահերի շրջանակում: 

Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները, ԱՄՆ-ի եւ մասամբ Ռուսաստանի հակազդեցությունից վախենալով, այս նախաձեռնությունների ուղղությամբ ոչ մի գործնական քայլ այդպես էլ չարեցին: Այդ համատեքստում Գերմանիան այլ ակնկալիքներ ուներ Հայաստանի նոր իշխանություններից, ինչի մասին համապատասխան ակնարկ եղել է նաեւ Մերկելի Հայաստան կատարած այցի ժամանակ՝ 2018-ի աշնանը: Բայց ներկայիս վարչախումբը եւս ցույց տվեց իր բացարձակ անընդունակությունը որեւէ ռազմավարական ծրագրի իրագործման առումով: Ավելին, ԱՄՆ-ում աջակցություն փնտրող ներկա կառավարությունը եթե չհովանավորեց, ապա առնվազն թույլ տվեց մի քանի հակաիրանական մանրախնդիր սադրանքների կազմակերպումը Երեւանում: Դրանով իսկ ավելի խորացնելով Իրանի անվստահությունը, որ սկիզբ էր առել դեռ 2018-ի մայիսից, երբ գործող վարչապետը խորհրդարանում հայտարարեց, թե որոշակի տարածաշրջանային զարգացումների պարագայում չի բացառում Հայաստանի սահմանների փակումը Վրաստանի եւ Իրանի հետ: 

Փաշինյանի գործունեության առաջին տարին արդեն բավարար էր Բեռլինի եւ Փարիզի համար՝ հասկանալու, որ այս կառավարությունից լուրջ սպասելիքներ ունենալ պետք չէ։ Դրան գումարվում են Փաշինյանի ճնշումները դատական համակարգի վրա՝ անտեսելով այն իրողությունը, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ երկիր է եւ դատական համակարգի անկախությունն ապահովելու հստակ պարտավորություններ ունի։ 

Սահմանադրական դատարանի շուրջ կառավարության նախաձեռնած սադրանքներն ավելի են խորացնելու այս անջրպետը, եւ եթե այլ աշխարհաքաղաքական կենտրոններից նախաձեռնություն դրսեւորվի գործող վարչախմբին հեռացնելու, Փարիզն ու Բեռլինը լավագույն դեպքում անտարբեր դիտորդի դեր կստանձնեն։ Իսկ գուցեեւ կաջակցեն այդպիսի նախաձեռնությանը, որովհետեւ դատարկ պոպուլիզմից բոլորն արդեն հոգնել են։

Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ