Մաման երեխային բերում է թատրոն, իսկ պապան դիրքերում է...

Մաման երեխային բերում է թատրոն, իսկ պապան դիրքերում է...

Ռեժիսոր Վահան Խաչատրյանը ոչ թե Արցախից է, այլ Հայաստանից, բայց 2021 թվականին մեկնել է Արցախ եւ հուլիսից աշխատանքի է անցել Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` նախ որպես ռեժիսոր, ապա արդեն` գլխավոր ռեժիսոր: Խաչատրյանը Երևանում աշխատում էր սկզբում Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում, ապա Մալյան և Մհեր Մկրտչյան թատրոններում: «Երբ ասացի գնում եմ Ստեփանակերտի թատրոնում աշխատելու, հայրս ասաց` ինչո՞ւ, ասեցի` «պապ, պատերազմը չի ավարտվել»», պատմում է նա մեզ հետ զրույցում:

- Պարոն Խաչատրյան, Արցախում հիմա բավականին ծանր իրավիճակ է: Թշնամուն են հանձնվում Աղավնոն ու Բերձորը: Անորոշություն է, նման պայմաններում դժվար չէ՞ աշխատելը և վերջապես նման պայմաններում հանդիսատեսի պակաս չունի՞ թատրոնը:

- Դեռ մարտ ամիսն էր` Խրամորթի դեպքերն էին, ռեալ էսկալացիա էր, ծանր դեպքեր, մարդիկ շատ վատ վիճակում էին, քաոս էր: Մենք այդ ընթացքում բեմադրում էինք «Մատնաչափիկը»: Մարտի 19-ին պրեմիերան էր, ձյուն էր գալիս դրսում ու խառը իրավիճակ էր: Ես մտածում էի, որ անգամ եթե մեկ հանդիսատես էլ լինի, միևնույն է, բեմադրությունը պետք է կայանա: Ստացվեց այնպես, որ դահլիճում անգամ նստելու մեկ ազատ տեղ չէր մնացել, տոմսերը լրիվ սպառվել էին, ստիպված իմ աշխատասենյակի աթոռներն էի բերել դահլիճ…. Այդ ծանր ու բարդ իրավիճակում ավելի քան 24 անգամ բեմադրել ենք «Մատնաչափիկը» մանկական ներկայացումը: Անգամ երբ թշնամին Ասկերանի ուղղությամբ առաջ էր եկել, այդ օրերին էլ մարդիկ իրենց երեխաներին թատրոն էին բերում, գուցե դեպրեսիվ վիճակից դուրս գալու համար, սակայն հանդիսատես Արցախում կա, այսօր էլ կա թատրոնի պահանջարկ: Արցախում չկա հանդիսատեսի պակաս: Դեռ մայիսի սկզբին տարվա պլանը գերակատարել ենք: Անկեղծ ասած անգամ ինձ համար մի փոքր անհասկանալի է, սակայն Արցախում մշակութային ֆորման այս ընթացքում չի փոխվել: Չեմ ուզում բարձրագոչ բառեր ասել, նման խոսքեր չեմ սիրում, բայց այստեղ մարդիկ թատերարվեստին մեծ տեղ են տալիս: Իհարկե, նաև կան մարդիկ, որոնք լքում են Արցախը, դա էլ իրենց խնդիրն է, մենք որևէ մեկս իրավունք չունենք քննադատել նրանց, սակայն լավն այնքան շատ է, որ ես չեմ հասցնում մտածել այլ բաների մասին: Մաման երեխային բերում է թատրոն, իսկ պապան դիրքերում է….

- Օրինակ այստեղ` Երևանի թատրոններում ներկայացումները բեմադրում են կիսադատարկ դահլիճներում: Ասում են, վերջին տարիներին կա հանդիսատեսի պակաս: Ո՞րն է տարբերությունը:

- Այդ առումով իմ կարծիքը մի փոքր կոպիտ է: Երբ դու ժամանակի հետ չես քայլում, բնականաբար տուժում ես: Հանդիսատեսը գալիս է թատրոն ժամանակի շունչը զգալու: Պետք է հանդիսատեսի հետ զրուցես իրեն հուզող թեմաներից: Թատրոնն ունի կարևոր միսիաներ: Պետք է կարողանաս ուրախացնել, տխրեցնել, թատրոնը պետք է ստիպի մարդկանց մտածել: Եթե դու բեմադրում ես մի բան` բեմադրելու համար, ի՞նչ ես ակնկալում: Մի դասախոս ունեի` Ալեքսանդր Քոչարյանը, լավ հումոր ուներ. ասում էր` չեմ հասկանում որոշ ժամանակակիցների, իրենք գրում են, իրենք բեմադրում, իրենք խաղում, իրենք իրենց նայում ու ծափահարում: Սա է խնդիրն այսօր: Թատրոնն իր բովանդակությամբ պետք է կապ ունենա տվյալ երկրի հետ: Պետք է նախ ճիշտ քաղաքացի լինել: Օրինակ` ես կարող եմ Վահրամ Սահակյանի հետ շատ հարցերում համաձայն չլինել, կարող եմ նրա գաղափարներն անգամ չկիսել, սակայն մարդն ունի իր տեսակը, իր ասելիքը, իր լսարանը: Ուզում եմ հասկանալ, թե մեր թատրոններն այսօր ինչի մասին են, բայց չեմ հասկանում….

- Իսկ ի՞նչն է պատճառը, որ կորցրել են ժամանակի զգացողությունը: Գուցե շատերը վախենո՞ւմ են:

- Այսօր նույնիսկ կարելի է «Համլետը» բեմադրել, սակայն մեր օրերի տեսանկյունից:

- Արցախում, փաստորեն, Ձեզ բավականին լավ եք զգում, ո՞ր դեպքում Երևան կվերադառնաք:

- Ես ամբողջ Հայաստանում եմ ինձ լավ զգում: Չկա ինձ համար առանձին Հայաստան և Արցախ, կա` Հայաստան: Հիվանդ մարդը շատ հաճախ չի գիտակցում, որ ինքը հիվանդ է: Մինչև դանակը ոսկորին չի հասնում, մենք բժշկի չենք դիմում, դա մեր խնդիրն է: Նույնն էլ երկրի կարգավիճակն է: Արցախում մնալն ավելի շատ պարտականություն է ինձ համար, այլ ոչ թե ցանկություն: Ցանկացած պահի կարող եմ գալ Երևան, այդտեղ աշխատանքի անցնեմ որևէ թատրոնում, կամ հեռուստաընկերությունում, բայց մի հարց կա էստեղ. իմ դերասանական կազմն ինձ ի՞նչ կհամարի այդքանից հետո: Ես կկարողանա՞մ նայել իրենց աչքերի մեջ: Դերասանները` անգամ ինձանից տարեց, իմ երեխաներն են: Մենք գիտակցում ենք, որ առաջնագծի թատրոն ենք: Առաջնագծում լինելու գիտակցությունը նաև ստիպում է գիտակցել, որ դու միայն թատրոն չես, դու յուրաքանչյուր վայրկյան պետք է պատրաստ լինես դիրքեր բարձրանալու: Սա ուրիշ կարգավիճակ է: Խրամորթի դեպքերի ժամանակ կամավորագրման հարց եղավ, թատրոնն ամբողջությամբ կամավորագրվեց, առանց որևէ բացառության: Եթե այդպես չլիներ, կնշանակեր, որ մենք բեմից ինչ խոսում ենք, ստում ենք: Ես Երևանը շատ եմ սիրում, տեսակով էլ մնում եմ երևանցի: Անգամ իմ ներկայացումները, երբ մարդիկ նայում են, ասում են` ախր շատ երևանյան է…. կյանքում իրավիճակներ են լինում, երբ դու քեզ վրա պիտի որոշակի պարտականություններ վերցնես: Այստեղ չկա որևէ հերոսություն, կամ այլ բան, զուտ պարտքի զգացողությունն է: Ամեն մեկս էլ պարտք ունենք մեր երկրի համար: Ո՞վ ասաց, որ հայրենիքը մեզ ամեն ինչ պետք է տա, իսկ մենք նրան` ոչինչ: Հայրենիքի համար պիտի մինչև վերջ կանգնենք, «վիզ դնենք»:

- Այսօր պաթետիկ բառերով հայրենիք սիրելը մոդայիկ է դարձել: Կարելի անվերջ ինչ-որ կենացի մակարդակի բառեր ասել ու վերջ: Ինչո՞ւ է այդպես:

- Խնդիրը հենց դա է: Ու այդ դատարկ բառերից բացի կա նաև մեծ սուտ: Այստեղ Արցախում մարդիկ պրոյեկտներ են իրականացնում, գումարներ ստանում, բայց ներկայացնում են, թե իբր իրենք ազգանվեր գործ են անում ու հայրենասեր են: Հիմա անուններ չեմ ցանկանում տալ, տվյալ մարդիկ այդքան չկան, որ ես իրենց անունները տամ: Մենք ճառախոս ենք, կենաց սիրող, բայց դե հիմա էդ ենք, ի՞նչ արած…. պետք է նաև ընդունենք վատը: Ինձ երբեմն ասում են` դու Երևանից ես, մենք` Արցախից, ես պատասխանում եմ. Մարտակերտում և Լաչինում հորեղբայրներս են զոհվել, Մատաղիսում` մտերիմ ընկերս և այլն, հիմա ձեզ հարց. Սա ավելի շատ ձե՞ր հայրենիքն է, թե՞ իմը….սա հավասարապես բոլորինս է, այդպես չի կարելի մտածել: