Մեր ծառը կտրող կացնի կոթը մեզանից է․․․

Մեր ծառը կտրող կացնի կոթը մեզանից է․․․

Առանձնապես պետք չէ ուղեղը լարել՝ ընկալելու, որ Հայաստանին սպասվում է նույն սցենարը, ինչ Արցախին։ Նույն անձի ռեժիսորությամբ, բայց այս անգամ  հայաստանյան դերակատարների կատարմամբ։ Երևանը, եթե նույն տեմպով շարունակի ռեժիսորը, ամիսներ հետո  մեկուսացվելու է այնպես, ինչպես մեկուսացվեց Ստեփանակերտը։ Սկզբում Արցախը Հայաստան էր ու վերջ։ 44- օրյա պատերազմից հետո հանձնվեց այն ամենը, ինչ նախատեսված էր Արցախը ծնկի բերելու համար։ Հետո Արցախի փեշերը սկսեցին կտրտել, տեղային հարվածներով մոտեցան Ստեփանակերտի սրտին։ Երբ արդեն Արցախի կողմից չեզոքացված էր վտանգը, տեղային ռեժիսորը հայտարարեց՝ որ Արցախը Ադրբեջան է, որը և միջազգային իրավունքով օժտեց Ադրբեջանին։ Դե եթե նույնիսկ Հայաստանն է հայտարարում, որ Արցախը Ադրբեջան է, Ադրբեջանը գործի անցավ։ Սկզբում շրջափակումով խեղդեց, հետո հարձակվեց ու հայաթափեց Արցախը Չէ՞ որ իրենն է։

Թե այս հարցում որ պետություն ինչքան մեղքի բաժին ունի, Նիկոլը Արցախը հանձնելը ում գրպանն է գցում՝  չի կարևորվում և հետագայում էլ պատմությունը, ինչքան էլ սրբագրեն, չի կարևորելու, կարևորվելու է այն, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը փաստաթղթային հիմնավորմամբ հանձնել է Ադրբեջանին, Ադրբեջանի մաս է ճանաչել ու սինխրոն աշխատել  ադրբեջանական և մյուս կողմերի հետ՝ Արցախը վերջնականապես հանձնելու, դատարկելու  համար։ 

Ստեփանակերտում կա՞ մեկը , որ հավատում էր, որ Ստեփանակերտի գլխին կգա այն արհավիրքը, ինչ եկավ։ Նրանք մտածում էին , որ սահմանամերձ գյուղերի, տարածքների  հանձնումից հետո Ադրբեջանը կհամաձայնվի, որ Ստեփանակերտը մնա իր տիրոջը։ Հիմա ու՞ր է Ստեփանակերտը։ Բախտի անողոք ծաղրով հայտնվել է այն մարդու տնօրինությանը, ով պիտի շարունակի տնօրինել հետագա իրենց ընթացքն ու Արցախի մոռացումը։ 
Նույնը սպասվում է Երևանին։ Երևանը մտածում է, որ ՀՀ սուվերեն տարածքի գյուղերը՝ անկլավ հասկացության տակ, հանձնելով, ինքը ըստ Նիկոլի հավաստիացման, հայտնվելու է խաղաղության խաչմերուկում։ Նման կերպ մտածում էր նաև Ստեփանակերտը։ Մի պահ պատկերացրեք, որ անկլավները դեռ չհանձնած՝ Հայաստանը ինչ մարտավարական, ռազմական դիրքեր, տարածքներ, ճանապարհներ  է հանձնել, գերված Սյունիքն ու Ջերմուկը հիշեք, Սև լիճը, Իշխանասարը  հիշեք, ո՞ր մեկը ասեմ․․․ 

«Փայտի ցեցն իրենից է» («Փետի ցեցը իրանից կըլնի») առածի իմաստն է. ժողովրդին քայքայող, նրա ուժերն աստիճանաբար քամող թշնամին ծնվում է հենց ժողովրդից. հային վնասողը, թշնամություն անողը ծնվում է հայից (այս միտքը, ի դեպ, արտահայտված է նաեւ հայերի էպոսում. Մսրա Մելիքը Մեծ Մհերի որդին էր (Դավթի համահայր եղբայրը), իսկ Սասունցի Դավթին սպանում է իր աղջիկը): «Եթե փայտի որդն իր միջից չլինի, վնաս չի լինի»։ Այո, երբ մեր թշնամին հակառակորդ պետությունն է եղել, հայը հաղթել է։ Կա նաև հայկական այսպիսի  ասացվածք․ «Ծառն Աստծու մոտ գնաց` կացնից գանգատվելու, որ իրեն կտրում է, Աստված ասաց` կոթը քեզանից է»  Ադրբեջանին, Թուրքիային ու այլ տերությունների մեղադրելուց առաջ՝ հիշեք նրանց ղեկավարների խոսքը՝ ի՞նչ եք ուզում, ձեր Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Բոլոր երկրները՝ Ռուսաստանից սկսած,  դա են հայտարարում։ Դա՞ էլ զգոնություն չի առաջացնում ձեզ մոտ։ Դա էլ չի հուշում, որ մեզ ներսից է փոփոխություն պետք, այլապես ցեց ընկած փայտի պես կմաշենք, կգնանք․․․