«Հրապարակ». Եթե Ադրբեջանը հասնի իր ուզածին, կանգնելո՞ւ է․ համոզված եմ՝ ոչ

«Հրապարակ». Եթե Ադրբեջանը հասնի իր ուզածին, կանգնելո՞ւ է․ համոզված եմ՝ ոչ

Սահմանը բացելու մասին հարցին Պրահայում Էրդողանի պատասխանը՝ «Ինչ արել ենք, կրկին նույնն ենք անելու», նշանակում է, որ այս հանդիպումով բան չի փոխվելու։ «Հայաստանը՝ Փաշինյանի շուրթերով, ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դեռ ոչ գրավոր, բայց խոսակցական մակարդակում։ Սա արդեն շատ լուրջ քայլ է հօգուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ մի կողմից, մյուս կողմից՝ Թուրքիան ասում է, որ Հայաստանի զսպման, ճնշման քաղաքականությունը շարունակելու է, որպեսզի լրացուցիչ զիջումներ ստանա, քանի որ տեսնում են, որ այս քաղաքականությունն աշխատում է։ Այդ դեպքում ինչո՞ւ չպետք է շարունակի»,- մեզ հետ զրույցում ասում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Մի հետաքրքիր հանգամանք էլ կա․ Պրահայի հանդիպման միջնորդը ո՛չ Մակրոնն էր, ո՛չ Շառլ Միշելը, այլ Բլինքենը, այսինքն՝ կազմակերպվել է ԱՄՆ-ի կողմից, եւ տպավորություն է, թե ամենակարեւոր հարցն այն է, որ պայմանավորվածությունը ձեռք բերվի, թե ինչ պայմաններով եւ Հայաստանի համար ինչ արդյունքներով՝ ոչ մեկին հետաքրքիր չէ։

«Այս պահի դրությամբ ոնց որ թե գնդակն Արեւմուտքի դաշտում է, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի համար ավելի լավ հեռանկար է բացվում»,- կարծում է Միքայելյանը։ Նա նշում է, որ մեզ համար այս սառը պատերազմի իրավիճակի մեջ մտնելը սխալ էր, ու այդ սխալն արվել էր դեռեւս 1991-ին։ Իսկ դեպի Արեւմուտք վեկտորի փոփոխությունը կհանգեցնի մեր անմիջական հարեւան Իրանի հետ հարաբերությունների թշնամացման։ «Մինսկի խումբն ունի լիազորություն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, եւ Արցախը չի կարող հանդիսանալ Ադրբեջանի մաս որեւէ տեսանկյունից, քանի որ այդ որոշումն ընդունված չէ։ Բայց եթե մենք դա շպրտում ենք եւ ասում ենք, որ ստորագրում ենք խաղաղության պայմանագիրը, եւ, ինչպես Փաշինյանն ասել է՝ այդ խաղաղության պայմանագիրը Մինսկի խումբը կվավերացնի, դրանով խզում ենք ամբողջ նորմատիվային բազան, որն ընդունվել է։ Իսկ վերջին օրերին արված կեղծ հայտարարությունները, որ 20 տարի առաջ վաճառվել է Արցախը, եւ նման բաներ, այնքան կեղծ են ու սուտ, որ չեմ կարող հասկանալ, թե ոնց կարելի է դրան ոչ թե հավատալ, այլ ընդունել առհասարակ ի գիտություն։ Ո՞նց կարող է վաճառվի մի բան՝ 20 տարի առաջ, բայց վերցնեն հիմա։ Դա սուտ է, բոլոր պայմանագրերը ԵԱՀԿ-ի կայքում, Մինսկի խմբի էջում կան, բոլոր պայմանավորվածություններն այնտեղ կան»,- ասում է քաղաքագետը։

Ամեն դեպքում, մենք պետք է գիտակցենք, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի մրցակցությունը Հայաստանի համար, որը սկսվել է մոտավորապես 2009 թվականին, ավարտվել է ներկայիս Հայաստանի քարուքանդ վիճակով։ Քաղաքագետը նշում է նաեւ, որ Ադրբեջանը դեռեւս ռազմական գործողությունների կարող է չգնալ, քանի որ Պրահայում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ իրենց համար շահեկան հայտարարություններով։ Իսկ ռազմական ուժի կիրառման կդիմեն, երբ զգան, որ հայկական կողմն ուշացնում է իր խոստումների իրագործումը։