Հնդիկները Գյումրիում խաղաղություն էին փնտրում

Հնդիկները Գյումրիում խաղաղություն էին փնտրում

Գյումրիի կենտրոնում՝ քաղաքապետարանի հարակից փողոցում, հարյուրավոր հնդիկ ուսանողներ անցկացրին խաղաղության ակցիա՝ ի հիշատակ Հնդկաստանում տեղի ունեցած վերջին զինված բախումներում զոհված երիտասարդների։ Միջոցառման մասնակիցները կրում էին սպիտակ հագուստ՝ որպես խաղաղության, մաքրության և համերաշխության խորհրդանիշ։

Հնդիկ ուսանողները ձեռքերում պահում էին պաստառներ՝ խաղաղության և մարդկայնության կոչերով` «Խաղաղություն Հնդկաստանին», «Ոչ բռնությանը», «Հիշենք մեր հերոսներին», «Միասին հանուն խաղաղության»։ Գյումրեցիների համար անակնկալ էր հնդիկ ուսանողների ակցիան։

Նշենք, որ վերջին տարիներին Գյումրիիում աճել է միջազգային ուսանողների թիվը, հատկապես Հնդկաստանից ժամանած երիտասարդների։ Նրանք հիմնականում սովորում են բժշկական և տեխնիկական ուղղվածության բուհերում։ 

Միջոցառման կազմակերպիչները նշում էին, որ իրենց նպատակն է ոչ միայն սգալ զոհերի հիշատակը, այլև տարածել խաղաղության գաղափարը՝ անկախ ազգությունից ու կրոնից։