Փրկել Հայաստանը Արցախի օրինակով

Փրկել Հայաստանը Արցախի օրինակով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին ուղերձը լուրջ հետեւություններ անելու տեղիք է տալիս: Նա ասում է՝ վիճակն օրհասական է, ստեղծում ենք ԱՀ Քաղաքական խորհուրդ, որի կազմում կլինեն ԱՀ նախագահները, դերակատարում ունեցող քաղաքական ուժերի ղեկավարները, ազդեցիկ այլ մարդիկ: Սա ինչպե՞ս հասկանալ՝ նախագահի պատասխանատվության բաշխո՞ւմ քաղաքական դաշտի բոլոր խաղացողների վրա, թե՞ պահի լրջությունն ընդգծող հերթական հավայի հայտարարությունը: Նույն Արայիկ Հարությունյանը խոսում է դեկտեմբերին սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին, բայց մինչ օրս դեռ ոչինչ չի արվել այդ ուղղությամբ:

Կհասցնե՞ն: Խիստ կասկածում եմ: Կասկածում եմ նաեւ ԱՀ նախագահին կից Հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարի հետագա արդյունավետությանը: Քանի՞ մարդ է մնացել Արցախում, որ մի հատ էլ Հանրային խորհրդի միջոցով պետք է վերահսկեն Արցախի իշխանությունների որոշումներն ու քայլերը: Մի բան էլ ասեմ՝ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում այնքան ժամանակակից բառեր ու ձեւակերպումներ օգտագործեց, որ ես գրեթե համոզվեցի՝ տեքստը Երեւանից էին ուղարկել: Ավելի ուշ մենք, հավանաբար, կիմանանք նաեւ, թե ում գրասենյակից:

Մեկ նախադասությամբ եթե փորձեմ ձեւակերպել Արայիկ Հարությունյանի ուղերձից ստացած տպավորությունս, ապա կարող եմ ասել, որ Արցախի նախագահը պատրաստվում է հեռանալ (մասամբ կամ ամբողջովին)՝ իշխանությունը թողնելով Քաղաքական (ավելի ճիշտ կլիներ ասել՝ ռազմաքաղաքական) խորհրդին: Դա այս պահին ե՛ւ իրավիճակին պատշաճող որոշում է, որ արցախցիները կայացրել են իրենց հատուկ արժանապատվությամբ, ե՛ւ այն պետք է ողջունել առանց որեւէ հետին մտքի: Պարտված իշխանություններին հիգիենիկ եղանակով հեռացնելու այսպիսի որոշման կարող էին հանգել միայն արցախցիները: Դրվատանքի է արժանի նաեւ Արայիկ Հարությունյանի պահվածքը: Նա չի ճղճղում, բունկերից լայվ չի մտնում, չի սպառնում, ինչ-որ մարդկանց «խոպանչի» չի անվանում եւ այլն: Սիրելի արցախցիներ, դուք պարտավոր եք հենց այդկերպ իշխանափոխություն իրականացնել, որովհետեւ քանի Նիկոլը կա, դուք որեւէ կարգավիճակ չեք ունենալու եւ չեք կարողանալու ընտրությունների միջոցով նոր իշխանություն ձեւավորել:   

Արայիկ Հարությունյանը նշեց նաեւ, որ վիճակը ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար է օրհասական: Իսկ դա նշանակում է, որ հետեւություններ պետք է անեն ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի իշխանությունները, որոնք այս խայտառակ կապիտուլյացիայի ոչ միայն թիվ 1 պատասխանատուն են, այլեւ թիվ 1 մեղավորները: Հայաստանն Արցախից տարբերվում է միայն նրանով, որ ՄԱԿ անդամ պետություն է եւ թղթի վրա որոշակի իրավունքներ ունի, որոնք պաշտպանված են միջազգային հանրության կողմից: Լավ են պաշտպանված, թե վատ, դա միանգամայն այլ հարց է: Կկարողանա՞ն, արդյոք, ՀՀ իշխանությունները միջազգային հանրության քթի տակ թափահարել այդ իրավունքները՝ սա է կարեւորը: Թվում է՝ փորձում են, միջազգային կառույցներն էլ ինչ-որ հայտարարություններ են անում, բայց դա շատ քիչ է ագրեսոր Ադրբեջանին կանգնեցնելու համար: Թող Փաշինյանն օրումեջ խոսի Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին: Առավելագույնը, որ միջազգային հանրությունը կանի այդ դեպքում՝ մեզ համար անհանգստանալն է: Միամիտ չենք ու մտքներովս էլ չենք անցկացնում, որ ՆԱՏՕ-ի F-16-երը մի օր կփակեն Ադրբեջանի երկինքն ու Բաքվին կստիպեն հետ քաշվել: Եվ, ուրեմն, մեզ մնում է մի բան՝ պահպանել Հայաստանի սուվերենությունն ու «պլստալ» այս կաթսայից, որի մեջ ջուրն սկսում է եռալ:

Արցախում որոշել են դա անել պարտության խորհրդանիշ Արայիկ Հարությունյանին երկրորդ պլան մղելով եւ, ի դեմս Քաղաքական խորհրդի, նոր իշխանություն ձեւավորելով: Այստեղ արժե եւս մեկ անգամ նկատել, որ Արայիկ Հարությունյանը կարծես հենց ինքն է կառավարում այս պրոցեսը եւ դեմ չէ այդ ձեւով հեռանալուն: Իսկ ի՞նչ կանի Նիկոլը, երբ նույն առաջարկն արվի նաեւ իրեն՝ սուսուփուս հեռանալ՝ իշխանությունը հանձնելով մեր անկախության պատմության ամենապատկառելի մարդկանցից կազմված խորհրդին: Նկատենք, որ Փաշինյանը եւս ժամանակ չունի ընտրություններով հեռանալու, իսկ իշխանությունից զոռով հեռացվելու տարբերակները, մեղմ ասած, անընդունելի են մարդասիրության տեսանկյունից՝ քառատումից մինչեւ կախաղան, ԱԱԾ պադվալներում կտտանքների ենթարկելուց մինչեւ պատի տակ գնդակահարություն: Եթե Նիկոլը պետք է ճղճղա, դիմադրի, հերթական անգամ Ալիեւին ու Էրդողանին օգնության կանչի, ավելի լավ է նրան թողնել իշխանության, մինչեւ որ մի բան պատահի: Սակայն մյուս կողմից էլ չի բացառվում, որ Փաշինյանը, որեւէ լուծում չտեսնելով, արդեն ուզում է հեռանալ, բայց փորձարկումը կատարում է Արցախի վրա:

Արցախի նախագահներն ու քաղաքական ուժերի ղեկավարները, կարծես, համաձայն են երկրի ղեկն իրենց ձեռքը վերցնել, իսկ ի՞նչ կասեն ՀՀ նախագահներն ու կաթողիկոսները: Նրանք ուժ կգտնե՞ն, արդյոք, համաձայնեցնել բոլոր հարցերն ու ստանձնել Փաշինյանի թողած ցնցոտին, որ տակավին Հայաստանի Հանրապետություն է կոչվում: Աղոթենք, որ նրանք կարողանան եւ ուզենան դա անել ու երկիրը փրկել կործանումից: Մենք, որպես ազգ, սարսափելի մեծ գին ենք վճարել հայրենի այս հողակտորն ունենալու եւ պահելու համար: Հետեւաբար՝ ոչ ոք իրավունք չունի հաշտվելու կորստյան որեւէ ամենաչնչին մտքի հետ անգամ: