Կրկին գեղցիական «շուստրիություն»

Կրկին գեղցիական «շուստրիություն»

Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) 20-ամյակի կապակցությամբ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Փաշինյան Նիկոլը: Իր ելույթում վերջինս անդրադարձել է մեկ տարի առաջ ադրբեջանական բանակի ներխուժմանը Հայաստանի ինքնիշխան տարածք, Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելուն եւ կազմակերպության ոչ ադեկվատ արձագանքին: Փաշինյան Նիկոլի արձանագրած երկրորդ խնդիրը ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի թշնամի երկրին զենքի վաճառքն էր: Այդ զենքը, ըստ նրա, 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ: Զենքի վաճառքի հարցը բավական երկար ժամանակ բարձրաձայնվել է Հայաստանի կողմից եւ լուծում չի ստացել:

Որքան հիշում եմ, առաջին հարցի առումով մեղավոր էր հենց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը: Որը ՀԱՊԿ-ին էր դիմել ոչ թե անմիջական օգնության խնդրանքով, այլ ինչ-որ անիմաստ խորհրդատվության կարգով: Իսկ հետո էլ բողոքում էր, որ օգնություն չստացանք, եւ նույնն անում է հիմա: Հարց է ծագում, թե ինչու էր պայմանագրի սխալ դրույթով ձեւակերպվել դիմումը: Եվ եթե ինքն անձամբ տեղյակ չէր, իսկ գործող իշխանության մաս կազմող նախկիններն էլ համատարած սաբոտաժ էին կազմակերպել, ապա ի՞նչ գործի էր ԱԱԽ քարտուղար Գրիգորյան Արմենը: Թե՞ վերջինիս ռուսերենի իմացությունը բավարար չի եղել պայմանագրի դրույթներն ընկալելու համար: Իհարկե, այդպես չէ, ե՛ւ Նիկոլն էր տեղյակ, ե՛ւ նախկիններն էլ համատարած սաբոտաժ չէին կազմակերպել, ե՛ւ Գրիգորյան Արմենի ռուսերենի իմացությունը բավարար է եղել: Ո՞րն է այդ դեպքում ՀԱՊԿ-ին սխալ հիմքով դիմելու, իսկ այնուհետեւ մեղադրելու պատճառը: 

Դա բացահայտելը բարդ խնդիր չէ՝ պատճառը Նիկոլի արեւմտամետությունն է եւ ՀԱՊԿ-ի հեղինակությունը գցելու՝ վերջինիս մտադրությունը: Ավելի ճիշտ՝ ՀԱՊԿ-ին «քցելու» մտադրությունը: Ինչի սկիզբը դրվել էր դեռեւս 2018-ի ամռանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցելու եւ նրան ետ կանչելու գործընթացով: Դրանով չբավարարվելով, Նիկոլը որոշել էր կրկնակի «քցել» ՀԱՊԿ-ին եւ դեմ էր գնացել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի նշանակմանը Խաչատուրովի փոխարեն: Դեմ գնալը հիմնավորվել էր ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կոնսենսուսի (ընդհանուր համաձայնության) բացակայությամբ: Հեղափոխական էյֆորիայով տարված «ժողվարչապետը» բանի տեղ չէր դրել ո՛չ Բելառուսի եւ ո՛չ էլ Ղազախստանի նախագահի ելույթներն ի աջակցություն Ս. Զասի նշանակման: 
Անցնենք Նիկոլի արձանագրած երկրորդ խնդրին՝ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին: Ժամանակին ես էլ եմ այլոց նման բողոքել այդ վաճառքի դեմ: Չնայած նաեւ ընկալել եմ, որ, ի տարբերություն աղքատ Հայաստանի, ադրբեջանական նավթադոլարները բավարար էին, որպեսզի նա նույն կարգի սպառազինություն գներ արեւմտյան երկրներից: Եվ երեւի նույն քանակությամբ:

Համենայնդեպս, դա է վկայում Իսրայելից գերժամանակակից եւ թանկարժեք ԱԹՍ-ների եւ հրթիռների գնումը: Նույնը կարելի է ասել թուրքական «Բայրաքթարների» մասին: Բայց «ոչ բարեկամ երկրին» (Նիկոլի ձեւակերպումն է) իսրայելական սպառազինության վաճառքը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին չխանգարեց, որպեսզի նա ՀՀ դեսպանի նստավայրը Երեւանից տեղափոխի Թել-Ավիվ: Ինչը ոչինչ չտվեց Հայաստանին, սակայն դրանով խնդիրներ առաջացան Իրանի հետ: 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ վարչապետ կարգվելով՝ Փաշինյան Նիկոլը տարել է Հայաստանի անվտանգային համակարգը կազմաքանդելու գիծ, որի էական բաղադրիչը ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ի անդամությունն է: Ինչը նշանակում է ՀԱՊԿ-ի դիրքերի խարխլում ներսից՝ իր արեւմտյան տերերին գոհացնելու նպատակով: Եվ այդ գիծը շարունակվում է մինչ այսօր: Սակայն նրան թվում է, թե այդ գործընթացը կարելի է քողարկել կազմակերպությանը դրական գնահատական տալով: Խնդրեմ՝ Փաշինյան Նիկոլի կարճ ելույթի եզրափակիչ մասը. «…կազմակերպությունը համարում ենք անվտանգության եւ կայունության ապահովման առանցքային գործոն եվրասիական տարածաշրջանի, Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, եւ ընդհանուր առմամբ, դրական ենք տրամադրված՝ լիովին աջակցելու կազմակերպությանը եւ նրա հետագա զարգացմանը»: Ի՞նչ է սա, եթե ոչ գեղցիական «շուստրիություն»: