Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ չի՞ լինելու

Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ չի՞ լինելու

Շրջակա միջավայրի նախարարու­թյունն այսօր պետք է վերջնական եզ­րակացություն տա ՝ Ամուլսարի հանքի շահագործման համար նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա, թե ոչ։

Կառավարությունում օրեր առաջ անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ նոր հանգա­մանքներ կարծես ի հայտ եկան, ԷԼԱՐԴ-ի փորձագետները նահանջեցին՝ հանքը շահագործող Լիդիանին փորձելով մեղադրել, որ ամփոփ տեղեկատվություն չի տրամադրել, սակայն կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարու­թյունում տեւական քննությունից հետո եկել են այն եզրահանգման, որ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չկա։

Մեզ ասացին նաեւ, որ  «Լիդիանը»  օրերս փաստաթղթերի ընդարձակ կապոց է ուղարկել կառավարություն, որով հերքում է ռիսկերի մասին ԷԼԱՐԴ-ի փորձագետների բոլոր հայտարարությունները ու փաստարկում, թե ինչպես է վերահսկելու դրանք։ «Լիդիանի» մամուլի խոսնակ Աննա Սաղաբալյանն ասաց, որ իրենց էլ հայտնի չէ, թե ինչ որոշում է կայացրել նախարարությունը, սակայն հաստատեց մեր տեղեկությունը, որ տեսակոնֆերանսից հետո ԷԼԱՐԴ-ի մեկնաբանություններին ի պատասխան «որոշ լրացուցիչ մեկնաբանություններ» են ներկայացրել կառավարությանը, թե ինչ բովանդակությամբ, ասաց՝ չի կարող մանրամասնել։

Մեզ չհաջողվեց նախարարությունից պարզել՝ իրականում ինչ որոշում է կայացվել, կան տեղեկություններ, որ նախարարությունը կայացված որոշման մասին տեղեկացրել է կառավարությանը եւ այդ մասին վաղը՝ կառավարության նիստում կհայտարարի Նիկոլ Փաշինյանը։ Սակայն վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը արդեն որերորդ օրն է՝  անպատասխան է թողնում մեր հեռախոսազանգերը։