Ազատ խոսքի պահանջը

Ազատ խոսքի պահանջը

Վերաձեւակերպելով հայտնի բանաստեղծության տողերը՝ պետք է ասեմ․ ինչքա՜ն լուրեր պետք է գրվեին այս օրերին, որ չգրվեցին։ Ինչքա՜ն հետաքրքիր, սուր, փնտրված տեղեկատվություն պետք է փոխանցեինք մեր հասարակությանը, որ չփոխանցեցինք այս օրերին։ Իշխանությունը, օգտվելով համաշխարհային իրարանցումից եւ վարակի տարածման արդյունքում բոլորիս գլխին կախված վտանգի զգացումից, սահմանափակեց մեր՝ լրագրողներիս, աշխատելու, իսկ հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքը։ Հասկանալի է, որ լրագրողները փողոց դուրս չեկան՝ բողոքի ակցիաներ անելու, ոչ էլ հասարակությունը, մեծ հաշվով, պահանջեց՝ վերացնել այդ սահմանափակումները։ Հիմա դրա ժամանակը չէ՝ մտածում ենք բոլորս։ Բայց չէ՞ որ լրատվությունը, ազատ խոսքը հատկապես կարեւորվում են նման պահերին, պայթյունավտանգ իրավիճակներում, երբ հասարակությունն առավել կարիք ունի ճշգրիտ ու ամբողջական տեղեկատվության։ Առհասարակ՝ երբ կյանքը բնականոն հունով է գնում, եւ քաղաքական կամ այլ բնույթի լարումներ երկրում չկան, մարդիկ ավելի անտարբեր են նորությունների հանդեպ։ Նրանք ապրում են իրենց առօրյա կյանքով՝ աշխատում են, զվարճանում են, ճամփորդում։ Իսկ երբ վտանգի ու փոփոխությունների ժամանակներ ենք ապրում, լուրերն ու ազատ արտահայտման պահանջը մեծանում է։ Ինչո՞ւ են բռնապետական ռեժիմները վախենում ազատ խոսքից եւ ինչո՞ւ են առաջին հերթին սահմանափակում հենց ազատ խոսքը, որովհետեւ վատ տեղեկացված, անգիտակից հանրությանը կառավարելը շատ ավելի հեշտ է, քան պատշաճ իրազեկված, իշխանության սխալներն ընկալող եւ քննադատելու հակված հասարակությանը։ Բայց ոչ մի իշխանություն կամովին չի իրազեկում եւ չի թույլատրում ազատ խոսքը։ Այդ իրավունքը նվաճում է ինքը՝ հասարակությունը, տասնամյակների պայքարի միջոցով։