Ես նմա՞ն եմ այնպիսի մարդու, որ ինչ-որ մեկը ինձ կարողանա ապակողմնորոշի կամ իր կամքը թելադրի

Ես նմա՞ն եմ այնպիսի մարդու, որ ինչ-որ մեկը ինձ կարողանա ապակողմնորոշի կամ իր կամքը թելադրի

Տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետարանի մի խումբ աշխատակիցների ուղեկցությամբ օրերս այցելել է Թալինի շրջանի Հացաշեն գյուղ՝ Փաշինյանի օգտին քարոզչություն անելու, սակայն ծեծի է ենթարկվել գյուղացիների կողմից Փաշինյանի քարոզն անելու համար: Մենք հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ ծեծկռտուք չի եղել, բայց մարզպետին քաշքշել են, քանի որ գյուղացիների տված հարցերին կոպիտ է պատասխանել, ասելով, թե՝ դուք ով եք, որ ինձ նման հարցեր տաք։ Միջադեպի կենտրոնում է եղել նաեւ Հացաշենի համայնքապետը: Այս հրապարակումները Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հերքեց, թե իրեն մարզում շատ են սիրում, իրեն ծեծողը չի ծնվել։ Մենք զրուցեցինք Հացաշենի գյուղապետ Վաչագան Դավթյանի հետ։

- Պարոն Դավթյան, ինչպե՞ս է անցնում նախընտրական շրջանը Ձեր ղեկավարած համայնքում։

- Շատ խաղաղ։

- Համայնքում կուսակցության գրասենյակներ, շտաբներ կա՞ն։

- Գյուղում շտաբներ չկան։

- Իսկ համայնքում բնակիչները ինչ տրամադրություններ ունեն, գնո՞ւմ են կուսակցությունների հանարահավաքներին։

- Դե, չեմ կարող ասել, կան մարդիկ, որ կարող են գնալ, բայց այդպես մասսայական այդպիսի բաներ չեն եղել, որ լիներ, ես կիմանայի։

- Օրեր առաջ մարզպետը գրառում էր կատարել, որ կարող է լրագրողների ուղեկցությամբ գալ, ձեր համայնքում շրջել, իրեն բոլորը համայնքում շատ սիրում են։

- Այո, մարզպետը մեր գյուղ եկել է, շատ նորմալ դիմավորեցինք, զրուցել ենք, համայնքի բնակիչները զրուցել են ու ինքը գնացել է։ Ես կարդացել եմ, այնտեղ գրված էր, որ իբր ծեծի են ենթարկել, այդպիսի բան չկա, չգիտեմ՝ որտեղի՞ց են վերցրել, նման բաներ են գրել, այդպիսի բան չկա։

- Բայց ես չէի հարցնում, թե ծեծել են, Դուք հարցիս չպատասախանեցիք․․․լավ, խնդրում եմ ասեք՝ երբևէ մարզպետի հետ հակասություններ չե՞ք ունեցել։

- Չէ, ի՞նչ հակասություն պիտի ունենամ։

- Օրինակ՝ քաղաքական հայացքների հետ կապված տարաձայնություններ։

- Չէ, չէ, ընդհանրապես նման բաներ չի եղել։

- Ինչ-որ քաղաքական ուժի աջակցո՞ւմ եք։

- Ոչ։

- Ո՛չ ներկաներին, ո՛չ նախկինների՞ն։

- Ո՛չ ներկաներին, ո՛չ նախկիններին, ոչ էլ նորելուկներին։ Ոչ մեկին չեմ աջակցում։ Ես ազատ մարդ եմ, իմ կուսակցությունն իմ ազատությունն է։ Մեր մոտ այնպիսի վիճակ է, որ ես համայնքի ղեկավար եմ և ես ոչ մեկի չեմ պարտադրում, որ սրան կամ նրան․․․ ազատ վիճակ է, ով ում ուզում է, ինչ հայացքներ ունի, այդ հայացքներով առաջնորդվում է։

- Իսկ կուսակցությունները Ձեզ չե՞ն փորձում ներքաշել ընտրական պրոցեսների մեջ։

- Դու որ իմ դիմացը նստած լինեիր, իմ դեմքը տեսնեիր, այդ հարցը չէիր տա։

- Ինչո՞ւ։

- Ես նմա՞ն եմ այնպիսի մարդու, որ ինչ-որ մեկը ինձ կարողանա ապակողմնորոշի կամ իր կամքը թելադրի, չկա նման բան։

- Ես չեմ հարցնում կարող են թե ոչ, հարցնում եմ՝ փորձո՞ւմ են։

- Բոլորն էլ փորձեր անում են, բոլորն էլ կարող են փորձ անել, ուրիշ առումներով էլ կարող են փորձ անել։ Երբ դու ապրում ես, ամեն վայրկյան փորձ են անում, չէ՞, քո անձի նկատմամբ, փորձեր միշտ էլ լինում են։ Կոնկրետ Ձեր հարցին չվերաբերվող, բայց փորձեր միշտ էլ լինում է, բայց ամեն մարդ այդ փորձերին արձագանքում է իր ձևի։ Մեր համայնքը շատ հանգիստ համայնք է, մեր համայնքում ձեր նշած բաները չի լինում, շատ հանգիստ է։

- Իսկ Ձեր համայնքում ընդդիմադիրներ կա՞ն։

- Ընդդիմադիրը ո՞րն է, ախպերս։

- Որ իշխանությանը չեն համակրում։

- Ես չգիտեմ, ես այդպիսի ժողովներ չեմ անում և դրա իրավունքն էլ չունեմ, որ ժողով անեմ, հարցնեմ, թե ով ինչ ուղղվածություն ունի։ Ամեն մեկն իր կարծիքն ունի, ես իրավունք էլ չունեմ իրենց հարցնելու, թե ում են աջակցում, ով ում ուզում է թող ընտրի՝ ըստ իր խղճի։