Պատերազմն անխուսափելի է․ ամեն րոպե այն կարող է սկսվել

 Պատերազմն անխուսափելի է․ ամեն րոպե այն կարող է սկսվել

Ես կարծում եմ, որ մենք նախ պիտի հստակորեն արձանագրենք մեր տեսլականը, թե արդյոք մենք որպես ազգ ցանկանում ենք շարունակել գոյություն ունենալ համայնքի կարգավիճակով, ինչպիսին գոյություն ենք ունեցել դարեր շարունակ մեր պատմության մեջ, թե՞ ցանկանում ենք գոյություն ունենալ պետության կարգավիճակով, ինպիսի կրկին եղել ենք դարեր շարունակ։ Երբ դու քո քաղաքականությունը պատվիրակում ես ուրիշի պետությանը, ուրիշի ուժին, ուրիշի ԶՈՒ-ին, դա արդեն բխում է համայնքային մտածողությունից։

Այս մասին քիչ առաջ «Հայկական օրակարգ․ սրընթաց զարգացումների շեմին» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելությում ասաց Երևանի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։ Քննարկումը նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը

«Խնդրի արմատները միանշանակ ոչ թե Ռուսաստանում են, Իրանում են, կամ ԱՄՆ-ում են, այլ հենց մեր մեջ են։ Խոսում են խաղաղությունից։ Պետք է արձանագրել, թե արդյոք այս Ադրբեջանի պայմաններում խաղաղություն հնարավոր է, թե ոչ։ Անձամբ ես կարծում եմ, որ ոչ, հնարավոր չէ։ Մենք պիտի պատրաստվենք պատերազմի, այլ ոչ թե խաղաղության։ Մենք պիտի պատրաստվենք պատերազմի, որովհետև այն ամեն րոպե կարող է թակել մեռ դռները։ Մենք հենց հիմա պիտի մեզ համար արձանագրենք, որ պատերազմը անխուսափելի է ու լինելու է։ Իսկ եթե ինչ-որ բան անխուսափելի է, պետք է պատրաստվել դրան, ոչ թե խոսել խաղաղությունից։ Մենք ամբողջությամբ պիտի նախ փոխենք մեր օրակարգը, որը պիտի լինի ոչ թե խաղաղության, այլ պատերազմի պատրաստության օրակարգ»,- հավելեց նա։