ԿԳՄՍՆ-ի եւ ԳԱԱ-ի հարաբերական ընկալումները

ԿԳՄՍՆ-ի եւ ԳԱԱ-ի հարաբերական ընկալումները

Երեկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում՝ ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի վերաբերյալ  քննարկում, որից հետո, թե ԿԳՄՍ նախարարությունը, թե ԳԱԱ-ն առանձին-առանձին հաղորդագրություններ են տարածել։ Դրանք կարդալով եւ համեմատելով՝ մի պահ թվում է, թե գործ ունենք Էյնշտեյնի Հարաբերականության տեսության հետ, քանի որ օրինագիծը ամեն մեկն իր դիտանկյունից է մեկնաբանում, ինչն էլ նշանակում է որ ոչ միայն մոտեցումներն են տարբեր, այլ նաեւ ընկալումները։

Եթե, ԳԱԱ-ի հաղորդագրության համաձայն, «ըստ օրինագծի հիմնավորման ակադեմիական ինստիտուտներն ինքնուրույն չեն, ազատ չեն իրենց կառավարման համակարգում», ապա ըստ ԿԳՄՍՆ-ի, օրինագծով ինստիտուտներին տրվում է գործունեության ազատություն․ «Սա պետության քաղաքական մոտեցումն է` գիտական կազմակերպությունը պետք է գործունեության ազատություն ունենա, ինքնուրույն կառավարվի եւ ստանա ֆինանսավորում»:

Կամ եթե նախարարությունն ընդգծում է, որ «հանրային հարթակներում հնչող՝ «ակադեմիան քանդելու, գիտությունը ոչնչացնելու» մասին որակումները կառուցողական չեն», ԳԱԱ-ն իր հաղորդագրության մեջ նշել է ակադեմիայի նախագահի խոսքը, ըստ որի օրինագծում, որպես այդպիսին «բացակայում է «ակադեմիա» հասկացությունը»: