Խաղաղություն փոթորիկից առա՞ջ

Խաղաղություն փոթորիկից առա՞ջ

2 տարի առաջ այս օրերին բոլորը Փաշինյանին էին փնտրում, որ կաշին տիկ հանեն: Նա ծլկել էր բունկեր: ԱԺ-ում եւ կառավարության տանը բեմականացվեց «ծեծող-ջարդողներ» հատուկ օպերացիան, որ մյուսների համար միանգամից պարզ դառնա, թե ինչ հոդվածներ են կարվելու, եթե հանկարծ փորձ անեն իրականում գրավել այդ շենքերը: Ընդդիմությունը, սակայն, կուտը չկերավ:

Ասենք՝ այդ ժամանակ ԱԺ-ում ընդդիմություն էլ չկար: Էդմո՞նը պետք է ԱԺ շենք գրավեր, թե՞ Գագիկ Ծառուկյանը: Եթե չեմ սխալվում, մի խումբ էլ կառավարության դաչաների զարտուղիներում էր հավաքվել, որ «Նիկոլին բռնի»: Ամբողջ գիշեր այս թատրոնի ականատեսն էինք, մինչեւ որ լույսը բացվեց, ու հասկացանք իրավիճակի ողջ թշվառությունը: Խոստովանեմ՝ սպասում էի, որ Փաշինյանը լայվ կմտնի եւ կհայտարարի իր հրաժարականի մասին: Սակայն Փաշինյանը բունկերից դուրս գալուց հետո ոչ միայն հրաժարական չտվեց, այլեւ սկսեց հիմնավորել տեղի ունեցած խայտառակությունն ու այն ներկայացնել որպես մի պարտություն, որ ավելի շուտ հաղթանակ է, քան պարտություն: Խոստացավ 6 ամսում շտկել դրությունը, բանակի մարտունակությունը վերականգնել, ամրացնել դիրքերը, ժողովրդին հանել շոկից: Ոչինչ չարեց… Նա ժամանակ էր շահում, որպեսզի մի հնար գտնի՝ մնալու աթոռին: Նրան հաջողվեց հասնել արտահերթ ընտրությունների, իսկ մնացածն արդեն տեխնիկայի հարց էր: Մուկուչյան, քեզ կախելու ենք Նիկոլի կողքին:

2022-ի նոյեմբերի 8-ին Ալիեւը հայկական Շուշիից մատ էր թափ տալիս Հայաստանի իշխանությունների վրա, թե բա՝ մեր զբաղեցրած ռազմավարական դիրքերից երեւում են Գորիսը, Կապանը, Ջերմուկը, անգամ՝ Սեւանա լիճը, եւ ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, թե դա ինչ է նշանակում: Այսինքն՝ ուղիղ սպառնալիք, որին պետք էր պատասխանել նույնքան ուղիղ: Դժվար չէր, կարծում եմ, հենց այդ պահին շտաբի պետին քնից հանել ու մի երկտող տալ ձեռքը, որ կարդա. «Մեր հրթիռների նշանոցում էլ Բաքուն է երեւում՝ իր ափամերձ բուլվարով, հետո՞»: Փոխարենը Նիկոլը նորից լռեց՝ ժողովրդին թողնելով Ալիեւի հերյուրանքների ազդեցության տակ: Ինչո՞ւ, վախեցա՞վ… Իսկ նա ի՞նչ ունի վախենալու այսքանից հետո` պատերազմից, կապիտուլյացիա ստորագրելուց, Արցախի հարցն Ադրբեջանի ներքին հարց դարձնելուց, արցախյան բանակցություններից Հայաստանը հանելուց 2 տարի անց:

Եվ պարզվում է, որ Փաշինյանը դեռ շատ գաղտնիքներ ունի: Նա, հավանաբար, բաներ է խոստացել Ալիեւին, Թուրքիային, Արեւմուտքին, որոնք չի կարողանում կատարել: Հենց թեկուզ Հայաստանի վրայով Ադրբեջան-Նախիջեւան արտատարածքային միջանցքը, որը չկա եւ չի էլ կարող լինել: Ալիեւը համաձայն չէ առկա մայրուղիներով կապվել Նախիջեւանի հետ: Փաշինյանը նրան Հայաստան մտնելու 3 անցակետ է առաջարկել, 3 մայրուղի, բայց նա, երկու ոտքը դրած մի կոշիկի մեջ, պնդում է միջանցքի վրա, ակնարկներ անում, որ իրեն դա խոստացել են ու մինչ օրս ոչինչ չեն արել այդ ուղղությամբ: Մեր համբերությունն էլ սահման ունի՝ ասել է Բաքվի կառավարիչը: Եվ Նիկոլը լռում է: Լռում է, որովհետեւ չի կարող ասել՝ տալիս եմ, տալիս եմ, ախպեր, բայց քեռիներս՝ Մոսկվայից ու Թեհրանից, համաձայն չեն: Տարօրինակ մարդ ես, Փաշինյան: Դու նախապես չգիտեի՞ր, որ քեռիներդ չեն համաձայնելու այդ միջանցքին, ինչո՞ւ էիր խոստանում բաներ, որոնք տալ չէիր կարողանալու:

Հիմա էլ ընկել ես ՄԱԿ-ի դռները, թե բա՝ Հայաստանի սահմանները, սուվերենությունը, քարտեզ-մարտեզ: Գիտե՞ս գոնե, թե այսօր ինչ են ասում Հայաստանի մասին հայտնի քաղաքագետներն ու վերլուծաբանները: Բոլորի բերանին նույն խոսքն է՝ Հայաստանը մի պետություն է, որ առանց Արցախի ոչ մեկին պետք չէ: Հասկացիր, վերջապես, որ Մոսկվայի եւ Թեհրանի քեռիներն այնքան էլ բարի չեն ու մի օր քեզ «կտնգեն» թուրքապաշտությանդ համար, մի օր քեզ մատ կանեն լռությանդ, Ալիեւի առաջ չոքելուդ, Վաշինգտոն ու Բրյուսել վազելուդ համար: Քեզնից հետո էլ մեզ «կտնգեն», ու՝ ցտեսություն, սուվերենություն: Մենք մեր Արցախի դարդն ենք լալիս, բայց խոշորների պրոբլեմը Թուրքիան է, որին, Նիկոլ ջան, դու քո անխոհեմությամբ մտցրիր մեր խնդիրների մեջ ու չնկատեցիր, թե ինչպես Թուրքիան հաստատվեց Հարավային Կովկասում: Սա հանաք- մասխարություն չէ, ու շաբաթօրյակ, ծառատունկ անելով կամ բունկեր մտնելով գլուխդ չես պրծացնի:

Մեծ քաղաքականությունն իր օրենքներն ունի եւ երբեք հաշվի չի նստում փոքրիկ բռնապետիկների կարծիքի հետ: Հայաստանի եւ Ուկրաինայի օրինակով մենք կարող ենք համոզվել դրանում: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա կարելի է ասել, որ հակամարտությունն այնտեղ մոտ է ավարտին: Արեւմուտքը Զելենսկուն աստիճանաբար տանում է հաշտություն կնքելու, որից հետո նրան կփաթեթավորի ու կհեռացնի քաղաքականությունից: Ուկրաինայի մնացած տարածքում նոր ընտրություններ տեղի կունենան, որոնց չեն մասնակցի Ղրիմը, Դոնբասը, Զապորոժիեն, Խերսոնը, գուցե՝ նաեւ Խարկովը: Իսկ Արեւմուտքն այս զիջումներին գնում է, որովհետեւ Ուկրաինայում արդեն նկատելի է Զելենսկու կառավարությունից ժողովրդի դժգոհությունը, որը կարող է վերաճել ապստամբության եւ Ուկրաինայից ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի դուրսբերման:

Գրեթե նույն վիճակն է նաեւ մեր տարածաշրջանում: ԱՄՆ-ն փորձում է օր առաջ ամրագրել այն իրավիճակը, որն առկա է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Արեւմուտքը հասկանում է, որ պատերազմի էսկալացիայի դեպքում կկորցնի իր բոլոր «ձեռքբերումները» Հարավային Կովկասում, եւ այսօր քափուքրտինք մտած՝ աշխատում է Երեւանի եւ Բաքվի բռնապետիկների հետ, որպեսզի վաղը ստիպված չլինի աշխատել Մոսկվայի եւ Թեհրանի հետ, որոնք 44-օրյա պատերազմից հետո սկսել են ավելի հիմնավոր զբաղվել Փաշինյանի խաթարած Հյուսիս-Հարավ կապի ամրապնդմամբ: Արեւմուտքը հասկացել է, որ վտանգված են «Բրիթիշ փեթրոլիումի» հարավկովկասյան եւ միջինասիական բազմամիլիարդանոց ծրագրերը, որոնք պետք է փրկել ամեն գնով: Նիկոլ, էս ինչի՞ տակ ես մտել, ի՞նչ խաղաղություն ես փնտրում փոթորիկից առաջ: