Հայկական կոնյակի միայն 80 տոկոսի մեջ են խախտումներ գտել

Ռուսաստանի «Անտիկոնտրաֆակտ« ասոցիացիան հաղորդում է, որ բարելավվել է հայկական կոնյակի հետ կապված իրավիճակը` կոնյակի նմուշների միայն 80 տոկոսի մեջ են հայտնաբերվել խախտումներ։ Հիշեցնենք, որ անցյալ տարի խախտումներ հայտնաբերվել էին ստուգված նմուշների 90 տոկոսի մեջ։ Նման տվյալներ արձանագրվել են ծավալուն ստուգումների արդյունքում, որոնք իրականացվել են «Անտիկոնտրաֆակտ» ընկերակցության եւ «Սոյուզկոնյակ» կազմակերպությունների կողմից։ Ուսումնասիրությունների ընթացքում հետազոտվել է 200 նմուշ ալկոհոլային խմիչք, որոնք ձեռք են բերվել հիմնական առեւտրային ցանցերում եւ փոխանցվել անկախ լաբորատորիա՝ անալիզի համար։ Ինչպես եւ նախկինում, ամենից շատ տարածված խախտումներից մեկը արտադրանքում ոչ խաղողային ծագման սպիրտի առկայությունն է, ինչը նշանակում է, որ նման արտադրանքը չի կարող կոչվել կոնյակ։
«Անտիկոնտրաֆակտ» կազմակերպությունում նշում են, որ իրավիճակի բարելավման հիմնական պատճառն այն է, որ ռուսական իշխանությունները խստացրել են կոնտրաֆակտ ապրանքների դեմ մղվող պայքարը։ Կազմակերպության ներկայացուցիչները կարծում են, որ պետք է խստացվի Վրաստանի սահմանային անցակետում իրականացվող ապրանքաշրջանառության հսկողությունը։ Այն միակ ցամաքային ճանապարհն է, որով Ռուսաստան են մուտք գործում հարեւան երկրներից, այդ թվում նաեւ Հայաստանից դեպի ՌԴ իրականացվող արտահանումները։ Վրաստանով է անցնում, ընդ որում, կեղծ եւ կոնտրաֆակտ ապրանքների հիմնական հոսքը՝ մոտ 60 տոկոսը։ Ընդ որում, խոսքը միայն ալկոհոլային խմիչքների մասին չէ, այլ նաեւ հագուստեղենի, կոշկեղենի, բույսերի պաշտպանական միջոցների, ծխախոտի եւ լայն սպառում ունեցող այլ ապրանքների։
Կարծիքներ