Մի օր` կոմսուհի, մի օր` աղախին. նոր կարգեր, նոր բարքեր օպերային թատրոնում

Մի օր` կոմսուհի, մի օր` աղախին. նոր կարգեր, նոր բարքեր օպերային թատրոնում

Սեպտեմբերից օպերային թատրոնի տնօրենի ԺՊ-ի պարտականություններն իրականացնող դիրիժոր Կարեն Դուրգարյանն այս ամիսների ընթացքում թատրոնի ներքին կանոնակարգում բազմաթիվ փոփոխություններ է նախաձեռնել, որոնք ոչ միայն արտիստների սրտով չեն, այլեւ դժգոհությունների տեղիք են տվել (մենք պարբերաբար անդրադարձել ենք դրանց):    

Կ. Դուրգարյանի գալով վերանայվել է նաեւ թատրոնի աշխատակիցների աշխատավարձերի չափը, հետաքրքրական է, որ արտիստների աշխատավարձերը բավականին տարբերվում են իրարից: Ընդ որում տարբերվում են հենց նույն որակավորման սանդղակում գտնվողների աշխատավարձերը, օրինակ՝ մի պրեմիեր սոլիստի աշխատավարձը սահմանված է 170 հազար դրամ, մեկ ուրիշինը` 300 հազար։ Այս ահռելի տարբերությունը, ըստ արտիստների, պայմանավորված է ոչ թե մենակատարների որակով, որովհետեւ նույն` պրեմիեր կատեգորիայում են, այլ Դուրգարյանի մտերիմը լինել-չլինելով, քանի որ որչափ արտոնություններ տրված են նրա մտերիմներին, նույնչափ ստորադասված ու հետին պլան են մղված նրան ոչ մտերիմ արտիստները։

Կ. Դուրգարյանն առաջ է քաշել մի նորամուծություն եւս` եթե ուզում եք բարձր վարձատրվեք, ապա առաջնային դերերի հետ պետք է կատարեք նաեւ երկրորդական դերեր: Այս մոտեցումը շփոթության է մատնել արտիստներին, ինչպես նրանք են ընդգծում` երկրորդական դասի մենակատարը, իր ողջ պոտենցիալով հանդերձ, երբեք չի կարող առաջնակարգ դերեր երգել, քանի որ չունի դրա տվյալները, ինչքան էլ որ փող աշխատելու ցանկությունը մեծ լինի: Ինչ վերաբերում է առաջնային դերեր կատարող մենակատարներին, ապա նրանք էլ վրդովված են, որ «2 կոպեկ» ավել ստանալու համար տնօրինությունը ծանրաբեռնվածության տակ է դնում իրենց կոկորդն ու ձայնալարերը, որոնք այդ տեմպի ու լարվածության տակ շատ արագ կմաշվեն:  

Արտիստները ոչ միայն զարմացած են, այլեւ վրդովված գնահատման այս նոր ձեւաչափից, հատկապես որ աշխարհում եւ հենց մեր թատրոնում նախկինում չի եղել նման պրակտիկա: Բացի այդ, այս մոտեցումը մասնագիտական առումով սխալ է եւ ոչ պրոֆեսիոնալ, քանի որ առաջին կարգի դերեր կատարող մենակատարը չի կարող մի օր երգել կոմսուհու, մի օր էլ` նրա աղախնի դերը: Այս կերպափոխությունը սոլիստների համար անհնար է նաեւ հոգեբանական առումով, որովհետեւ կա կերպարի խնդիր, իսկ ձայնը նախեւառաջ բնավորություն է:  

Ի դեպ, խոսակցություններ են շրջանառվում, որ եթե Դուրգարյանն ընտրվի տնօրենի պաշտոնում, ապա ատեստացիա է անցկացնելու օպերային արտիստների համար, որից հետո կֆիքսվեն աշխատագրաֆիկն ու աշխատավարձերի նոր գնացուցակը. աշխատավարձ` ելույթավճարով, որն էլ կապահովի բարձր վարձատրություն: Հատկանշական է, որ Դուրգարյանի բոլոր ջանքերը, հարցազրույցները ուղղված են հիմնականում բալետին, անգամ ասվել է, որ, ի տարբերություն օպերային արտիստների, բալետն ատեստացիա չի անցնելու, իսկ այս խտրական վերաբերմունքն արդեն անառողջ մթնոլորտ է ստեղծել թատրոնի ներսում: 

Ըստ արտիստների՝ Դուրգարյանը պատրաստվում է իրենց դարձնել պայմանագրային աշխատող, վկայակոչելով, որ, օրինակ, Մետրոպոլիտեն օպերայում այդ ձեւով են աշխատում, մինչդեռ, ըստ սոլիստների, Մետրոպոլիտենն ունի հզոր հովանավորներ եւ իրեն կարող է թույլ տալ նման մոտեցում, այս աշխատաոճն էլ հիմնականում մասնավոր թատրոններում է կիրառվում եւ ոչ` պետական: 

Ի դեպ, ԿԳՄՍ նախարարությունը, ի դեմս փոխնախարար Արա Խզմալյանի, աջակցում է Դուրգարյանին եւ նրա բոլոր ծրագրերը: Տնօրենի ԺՊ-ն էլ արագ տեմպերով վերականգնում է թատրոնի հին ներկայացումները, ձեռնամուխ է լինում նորերը բեմադրելուն, եւ հասկանալի է, թե ինչու․ նա փորձում է իր ժամանակն արդյունավետ օգտագործել ԺՊ-ի պաշտոնում եւ վերադասին ցույց տալ աշխատանքի բարձր արդյունավետություն, քանի որ թատրոնի տնօրենի ընտրությունը տեղի է ունենալու ԺՊ-ի նշանակումից հետո՝ վեց ամիսների ընթացքում, ուստի քիչ ժամանակ է մնացել վերջնագծին հասնելու համար։