Հիմա ոչ շտապօգնությունը կօգնի, ոչ ոստիկանությունը․ Գալուստ Սահակյան

Հիմա ոչ շտապօգնությունը կօգնի, ոչ ոստիկանությունը․ Գալուստ Սահակյան

Ժամանակին ամենաշատ հարցազրույցներ տվող Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը  երեկ ևս չմերժեց Hraparak.am-ին՝ պատասխանելով մի քանի հարցերի։ 

- Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք ապրում, առհասարակ, հետևու՞մ եք քաղաքական իրադարձություններին։

-Ի՞նչն է քեզ հետաքրքրում։

-ԱԺ աշխատանքներին, օրինակ, հետևո՞ւմ եք։

-Ազգային ժողովին չէ, բայց ընդհանուր քաղաքական իրավիճակից, բնականաբար, տեղյակ եմ։

-Նախկինում լսելով Ազգային ժողովում ընդդիմադիրների ելույթները, Դուք երբեմն հառաչում էիք և ասում՝ չգիտեմ՝ ոստիկանությո՞ւն, թե՞ շտապօգնություն կանչեմ։

- Հիմա ոչ շտապօգնությունը կօգնի, ոչ ոստիկանությունը։ Ասեմ,որ իրենց ելույթները չեմ լսում, երբեմն-երբեմն հեռուստացույցով  ինչ-որ մարդկանց ելույթներ եմ լսում։ 

-Ի դեպ, «Իմ քայլում» ըստ մեկնաբանությունների՝ կան պատգամավորներ, որոնք Ձեր ոճով են խոսում․ Թագուհի Ղազարյան, Հովհաննես Աղազարյան։

-Չեմ լսել։ Բացի դրանից՝ իմ նման որևէ մեկը չի կարող խոսել։

-Երկիմաստություներով․․․

-Դա երկիմաստություն չէ։

-Իսկ , օրինակ, Ամուլսարի  հետ կապված ինչ դիրքորոշում ունեք։

-Ի՞նչ կապ ունի Ամուլսարը, հիմա ինքը արդեն ամուլ հանք է դառել։

- Պարոն Սահակյան, Նիկոլ Փաշինյանը երեկ 50 լավատեսական փաստ ներկայացրեց, մինչդեռ նախկինները մռայլ գույներով են ներկայացնում իրականությունը Հայաստանում։ ԱԺ- ն իր բարձրության վրա չէ, Արցախի հարցում տապալումներ, մի խոսքով՝ ամեն ինչ վատ է, արտաքինից մինչև տնտեսական ոլորտ։

-Նիկոլ Փաշինյանը միայնակ է գործում, ԱԺ , Արարատ Միզոյաան, դրանք մարդիկ են, որոնք ինչ ասում է նիկոլ Փաշինյանը, կրկնում են։ Այսինքն՝ երկիրը ղեկավարում է մեկ անձ։

-Սերժ Սարգսյանը այդպես չէր վարվո՞ւմ։

-Ես խնդրում եմ՝ ճիշտ համեմատություններ արեք, Սերժ Սարգսյանը պետություն ստեղծող անձնավորություն է, ոչ թե պետությանը ինչ-որ վնասներ հասցնող, որ բերեք համեմատության մեջ դնեք։

-Ինչո՞վ եք զբաղվում որպես Գալուստ Սահակյան։

-Գալուստ Սահակյանը զբաղվում է այնպես, ինչպես կզբաղվեր Գալուստ Սահակյանը։ Քաղաքականությամբ։