Դպրոց չե՞ք գնացել

Դպրոց չե՞ք գնացել

Երբ մարդու կրթության եւ դաստիարակության մեջ խոշոր բացեր կան, եւ որոշ տարրական գիտելիքներ ու հմտություններ, որ նա պետք է յուրացներ 4-5 կամ գոնե 10 տարեկանում, պարզվում է` չի յուրացրել անգամ 30-ում, այլեւս բարդ է այդ մարդու հետ համակեցության եզրեր գտնելը: Եթե մարդուն չեն սովորեցրել, որ քո չճանաչած մարդուն, ով ճանապարհ է անցել, վաստակ ունի, ինչ-որ բան է ստեղծել այս կյանքում, հարգված է իր շրջապատի կողմից, չի կարելի անտեղի վիրավորել եւ դրանով ինքնահաստատվել, որովհետեւ դու դեռ քո կյանքում ոչինչ չես ստեղծել եւ քեզնից ոչինչ չես ներկայացնում, ապա ի՞նչ համակեցության մասին կարող է խոսք լինել: Եթե նրան տանը չեն սովորեցրել` մեծերի հանդեպ հարգալից եղիր, փոքրերի հանդեպ` հոգատար, անտեղի անեծք ու սեռական հայհոյանքներ մի հնչեցրու, քո սակավ տեղեկացվածությամբ եւ կիսատ գիտելիքներով` գլխիցդ մեծ վերլուծություններ մի արա, մի քննադատիր այն, ինչից ոչինչ չես հասկանում, անիմաստ է հասուն տարիքում բան հասկացնելը:

Նրան պետք է մանկուց սովորեցրած լինեին, որ տնտեսագիտության դոկտորին չի կարելի մակրոտնտեսությունից դասեր տալ, հայտնի կոմպոզիտորի մոտ չի կարելի իր երաժշտական գործի թերություններից խոսել, գրականագետի մոտ անհարմար է գրականության մասին դատողություններ անել, 40 տարվա լրագրողին չի կարելի սովորեցնել, թե հոդվածն ինչպես գրի: Մարդը նաեւ պետք է տարրական շնորհք ու դաստիարակություն ունենա` հասկանալու համար, որ որեւէ մեկի քաղաքական հայացքները, դիրքորոշումը, կարծիքը չեն կարող նրան թիրախավորելու պատճառ դառնալ: Կարող ես չկիսել Բագրատ սրբազանի, Սեյրան Օհանյանի, Էդուարդ Շարմազանովի, մյուսների կարծիքը, բայց իրավունք չունես նրանց անձը վիրավորել, անհարգալից վերաբերվել, ծաղրել ու պախարակել նրանց: