Գառնուկների լռությունը

Գառնուկների լռությունը

Իշխանության գալով 2018 թվականին, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իսկույն սկսեց Հայաստանում չեղարկել համաշխարհային քաղաքական մշակույթի անբաժան մաս կազմող ավանդույթները, գրված ու չգրված այն օրենքները, որոնք մարդկության կուտակած փորձի արդյունքն են ու հաշվի են առնվում նույնիսկ բռնապետների կողմից։ Այսպես, ընդունված կարգ է, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը ցավակցի «խաղաղ» պայմաններում երկրի համար մարտերում զոհված հայրենակիցների հարազատներին և համայն ազգին։ Դա արվում է ոչ թե սոսկ ընդունված վարքականոնին հետևելու կամ արարողակարգի համար, այլ որովհետև ցանկացած պետություն բաղկացած է նաև խորհրդանիշներից, ու հանուն երկրի իրենց կյանքը զոհած անհատները պիտի որոշակի ուշադրության, պետական բարձր մակարդակով հարգանքի արժանան։ Այն, որ վարչապետը հրաժարվում է նման գործառույթից, ինձ պարզ դարձավ դեռևս Արայիկ Խանդոյանի մահվան ժամանակ, որը Արցախյան գոյապայքարի խորհրդանիշներից էր ու ըստ էության՝ պետական ռեպրեսիվ համակարգի զոհ /ինքս եմ տեսել, թե ինչպես էր ՊՊԾ գրավման ժամանակ ապագա վարչապետը իրեն դեսուդեն գցում՝ շարժումը ղեկավարելու համար/։ 
Բայց էլ ավելի մտահոգիչ է վարչապետի պահելաձևը, երբ երկրի համար ծայրահեղ ճգնաժամային պահերին և նա, և նրա ներկայացուցիչներն ու անմիջական ենթակաները՝ երկրի գերագույն ղեկավարությունը, անցնում են ընդհատակ և լռում են:

Վերջին նման օրինակը օգոստոսի 2-4-ին տեղի ունեցող իրադարձություններն են, որոնք, ունենալով երկրի համար ծայրահեղ կարևոր, ռազմավարական նշանակություն ու ինչ-որ առումով լինելով վարչապետի նախկին գործունեության արդյունք, որևէ կերպ չմեկնաբանվեցին ոչ վարչապետի, ոչ նրա մամուլի քարտուղարի կամ նախարարի մակարդակով։ Մինչդեռ հարցը վերաբերվում է երկրի համար կենսական երեք ճանապարհներից մեկին /դեպի Արցախ, դեպի Իրան և դեպի Վրաստան/, և դրանցից միակին, որն այսօր անփոխարինելի է։ Սա այն դեպքում, երբ իրեն «ազգընտիր» և «ժողովրդավար» հորջորջող վարչապետն է միակ անհատը Հայաստանում, որ տիրապետում է ողջ տեղեկատվությանը։ Անկախ նրանից, այս լռությունը դիտավորության, թե քաղաքական խակության հետևանք է, այն ամեն անգամ ճնճող տպավորություն է թողնում, երբ առանց այն էլ ճգնաժամային իրավիճակներում, փոխանակ խաղաղություն մուրող իշխանավորները մեկնաբանեն տեղի ունեցող բախումները և հանգստացնեն կամ գոնե տեղեկացնեն հանրությանը, մենք ստիպված ենք լինում ապավինելու թշնամական լրատվությանը և տարբեր ասեկոսեներին։ Էլ չասեմ, որ նման գործելաոճը նաև հեռահար վնասներ է բերելու:

Աշոտ Գրիգորյան