Մենք այս երկրում ունենք համար 1 լաչառ. Ռոբերտ Քոչարյան

Մենք այս երկրում ունենք համար 1 լաչառ. Ռոբերտ Քոչարյան

Մեղադրանքի մեխը արտակարգ դրություն մտցնելն է՝ 20 օրով եւ սահմանափակումները։ Մոտ մեկ տարի է` մենք ապրում ենք արտակարգ եւ ռազմական դրության պայմաններում, 2,5 ամիս պատերազմ չկա, բայց կա ռազմական դրություն։ Կորոնավիրուսի դեմ պայքար է, քանի՞ ամիս պահեցին արտակարգ դրությունը, դատախազներն արձագանքեցի՞ն, կես բառ ասացի՞ն, դատարանում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ փորձում է հասկանալ ռազմական դրությունն ինչո՞ւ է պահպանվում. «Պետական հիմնական ֆունկցիան իր սահմանները պահելն է, իր քաղաքացիների անվտանգությունը պահելն է, ո՞վ է անում այս ֆունկցիան, սահմանադրական կարգն այդտե՞ղ է տապալվել, թե՞ 2008֊ի մարտի 1-ին, կարո՞ղ եք ինձ բացատրել»,-նշեց նա։

Նրա խոսքով` իշխանափոխության կարգախոսը եղել է «հպարտ քաղաքացի». ավելի նվաստացած քաղաքացի Հայաստանն իր պատմության մեջ չի ունեցել. «Այս ամենը սկսվեց նաեւ այս քրեական գործից, եթե սա չենք հասկանում, ապա այս նվաստացած վիճակում մնալու ենք»։

Անդրադառնալով նաեւ քիչ առաջ տեղի ունեցած միջադեպին` իր պաշտպանների եւ դատախազ Գեւորգ Բաղդասարյանի միջեւ, Քոչարյանը նշեց. «Տղամարդու կեցվածքի մեջ իմ համար ամենաանընդունելին լաչառությունն է, գորգոռալն է։ Բա՞ն եմ ասել, այո, մտածել եմ, ասել եմ, կարող էր ընդմիջման ժամանակ մոտենալ, այս ի՞նչ պահվածք է։ Դա գիտե՞ք որտեղից  է գալիս՝ որ մենք այս երկրում ունենք N 1 լաչառ»։