Ի՞նչ ստացավ երկիրը երկուս ու կես տարի անց

Ի՞նչ ստացավ երկիրը երկուս ու կես տարի անց

2018-ի մայիսին հասարակության շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանը պետք է դառնա մեր երազանքի երկիրը, որ այսուհետ կառավարման սկզբունք է դառնում մերիտոկրատիան (արժանիների կառավարումը), որ մարդիկ գնահատվելու են ոչ թե հավատարմության (առաջին հերթին, բնականաբար, իր նկատմամբ), այլ կարողությունների և կատարած աշխատանքի համար, որ երկրում իրականացվելու են համակարգային բարեփոխումներ, որ ինքը և նվիրյալների իր թիմը ամեն ինչ կանեն հանուն մարդկանց բարեկեցության և բազմաթիվ այլ լավ-լավ բաներ: 

Բայց այդ ամենն անելու համար վարչապետ Փաշինյանը պետք է ունենար տեսլական՝ ինչպիսին է պատկերացնում այդ երազանքի երկիրը և ինչպես է կառուցելու այն: Հասկանալի է, որ դրա համար անհրաժեշտ էր քանդել նախկինը, որպեսզի կառուցվեր նորը, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ի տարբերություն շենքի, որը քանդվում է հիմնահատակ, իսկ այնուհետև ազատված տեղում կառուցվում է նորը, երկիր կառուցողը չունի նման հնարավորություն: Եթե շենքը քանդելուց հետո նրա բնակիչները կարող են պատսպարվել որևէ այլ շինությունում, ապա նույնը չի կարող լինել երկրի դեպքում. որտե՞ղ պիտի պատսպարվեն երկրի բնակիչները: Եթե որոշել ես մինչև վերջ քանդել երկիրը, ապա ինչպես պետք է աշխատեն պետական գերատեսչությունները, իրավապահ համակարգը, մասնավոր կազմակերպությունները և մնացած բոլոր օղակները: Դա նշանակում է, որ երկիր կառուցողը պետք է նախկինը քանդելու հետ մեկտեղ և դրան զուգահեռ դնի նորի հիմքերը: Մեզանում դա չգիտակցվեց, չգիտակցվեց պետական կառավարման ոչ մի մակարդակում: Եվ չէր էլ կարող գիտակցվել, քանի որ պետության ղեկն իր ձեռքը վերցրեց բացարձակ անպատրաստ երիտասարդների մի խումբ, որը էյֆորիկ հաճույքի մեջ ընկավ իր կարգավիճակի փոփոխությունից: Դա, իր հերթին, բերեց նրան, որ «օրենքից դուրս» հայտարարվեց համարյա ողջ նախկինը՝ մարդիկ, աշխատաոճ, մեխանիզմներ, սկզբունքներ՝ այդ ամենը ներկայացվելով հեղափոխական նորարությանն անհարիր: Եվ հաշվի չառնվեց, որ  մարդկային պատմության տեսակետից հեղափոխական նորարության ժամանակաշրջանը վաղուց ավարտվել է, քանի որ այլ երկրների փորձը ցույց է տվել բոլոր նման էքսպերիմենտների սխալ և նույնիսկ վտանգավոր լինելը:

Արդյունքում, երկուս ու կես տարի անց, ու մենք տեսանք, որ նախկինի համեմատ զարմանալիորեն մերիտոկրատիայի մակարդակը նվազել է, որ մարդկանց գնահատում են ոչ թե կատարված գործի, այլ պարոն Փաշինյանի նկատմամբ հավատարմության հիման վրա, որ համակարգային բարեփոխումների փոխարեն այս կամ այն ոլորտում կատարվում են ինչ-որ փոփոխություններ, որոնք դժվար է բարեփոխում կոչելը ամենամեծ ցանկության դեպքում անգամ, որ իր թիմում նվիրյալներ չկան ու չեն կարող լինել տեսականորեն՝ որպեսզի առաջին հերթին մտածեն ոչ թե սեփական, այլ շարքային քաղաքացիների բարեկեցության մասին, և բազմաթիվ այլ վատ ու շատ վատ բաներ: 
 

Վախթանգ Սիրադեղյան