Մենք խնդիր ունենք. երեխաներին սովորաբար չենք նկատում

Մենք խնդիր ունենք. երեխաներին սովորաբար չենք նկատում

Ես օրերս ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած հայտնի դեպքը՝ կապված երեխաների հետ, կուզեի ընդհանրացնել, ավելի ընդհանուր խոսել սրա մասին։ Առհասարակ, մենք մի այսպիսի խնդիր ունենք , սովորաբար չենք նկատում երեխաներին։ Մենք չենք նկատում երեխաներին, երբ տանը սուրճի սեղանի շուրջ նստած ինչից ասես որ չենք խոսում, չենք նկատում երեխաներին, երբ ընտանեկան կոնֆլիկտի մեջ ենք ու իրար ամենավերջին բառերն ենք ասում, դատափետում ենք մեկս մյուսին, նվաստացնում ու ոչնչացնում ենք միմյանց։ Մենք երեխաներին չենք նկատում, բայց պիտի նկատենք։

Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության երեխաների կենտրոնի համակարգող» Նաիրա Քերոբյանը։

«Անգամ ընտանեկան ֆիզիկական բռնության դեպքում մենք երեխաներին չենք նկատում, ու մեզ թվում է, թե հա,երեխա է, չի հասկանում, բայց նրանք այն էլ ինչպես են հասկանում։ Սա ամենամեծ շփոթությունն է, որովհետև իրականում երեխան շատ ավելի զգայուն է, քան մեծահասակը։ Երբ տխուր ես լինում, փորձում ես թաքցնել այն, ոչինչ ոչ մեկի չես ասում, մեկ էլ երեխան գալիս ասում է՝ մամ, տխու՞ր ես։ Եթե մեծերի մոտ պաշտպանական մեխանիզմները զարգացած են, վերլուծական միտք ունեն, կարող են ցանկացած տագնապ իրենցից վանել, բայց երեխաները այդ ամենը չունեն։ Դրա պատճառով է , որ թողած հետքը արտահայտվում է մարմնի վրա, խոսքը նաեւ հենց այս դեպքի մասին է։ Տեսանք, որ երեխայի մոտ փսխումներ առաջացան, այսինքն՝ երեխայի մոտ դեպք էր եղել, որի բացատրությունը նա չուներ ու դա հենց ֆիզիոլոգիապես արտահայտվեց փաստորեն։ Դա կարող էր արտահայտվել գիշերամիզությամբ, սարսափելի երազներով ու ցավալին այն է ,որ դեռ կարող է արտահայտվել, մենք հստակ չենք կարող ասել՝ ինչ է սպասվում, ինչ է լինելու։ Քնի ու սննդի խանգարումներ նույնիսկ կարող են լինել ։

Հիշեք, թե մենք՝ մեծահասակներս ինչ վիճակում էինք պատերազմական օրերի ժամանակ, երբ մեր ապահովության զգացումը խաթարվել էր։ Այդ ժամանակ մենք ազգովի չէինք քնում, լավ չէինք ուտում։ Որևէ մեկը մտածում էր գնար մի հատ կահույք, մահճակալ գներ, ոչ, չէր շտապում, որովհետև գնելուց առաջ պիտի նախ վստահ լինես, որ դրա վրա հետո կարողանալու ես քնել։ Ապագայի տեսլականը չունենալը քեզ ուղղակի ոչնչացնում է։ Մեզ համար մեր մոլորակը մեր երկիրն է, հայրենիքն է, իսկ երեխայի համար իր մոլորակը իր ընտանիքն է , ծնողներն են, հայրը եւ մայրը։ Հայրը եւ մայրը երեխայի անվտանգության երաշխավորներն են, իսկ եթե դու այդ երաշխավորներից որևէ մեկին ոչնչացնում ես, արդեն լավ բան չի ստացվում, թեկուզ տատիկի ու պապիկի հանդեպ բռնություն կիրառես երեխաների աչքի առաջ»,- ասաց նա։