Զելենսկու եւ Զալուժնու միջեւ առճակատումը սրվել է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ուկրաինական զինուժի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնու միջեւ դեռ ամռանը սկսված հակասությունները հատել են բացահայտ առճակատման սահմանը՝ հայտնում է The Economist պարբերականը, նշելով, որ պատճառն ուկրաինական զինուժի՝ ՌԴ-ի դեմ իրականացրած հակագրոհի ձախողումն է, եւ Զելենսկու ու Զալուժնու միջեւ հարաբերությունները բնութագրում է որպես «ահավոր վատ»։ Այդ առճակատումը կարելի էր կանխատեսել, քանի որ ուկրաինական հակագրոհը, որի հետ մեծ հույսեր էին կապում թե՛ տեղում եւ թե՛ Արեւմուտքում, ըստ պլանավորվածի չի ընթացել, եթե չասենք` ձախողվել է։ Իրավիճակն ավելի սրվել է այն բանից հետո, երբ Զալուժնին, ըստ Զելենսկու թիմի, ոչ խելամիտ է վարվել` հանդես գալով այնպիսի հայտարարություններով, որոնք հակասում են Զելենսկու լավատեսական հայտարարություններին։ Ներկայում նախագահն ու զորքերի գլխավոր հրամանատարը մեղադրում են մեկմեկու՝ փորձելով միմյանց վրա դնել հակագրոհի ձախողման պատասխանատվությունը։ «Հաղթանակը բազմաթիվ «հայրեր» ունի, սակայն ոչ մեկը չի ուզում «հայրություն անել» ստեղծված անելանելի դրությանը»,- գրում է The Economist-ը եւ հիշեցնում, որ Ուկրաինայի հարավի «հանձնման» գործով Զալուժնին որպես վկա է անցնում, սակայն նրա կարգավիճակը կարող է փոխվել։
Հարուցված քրեական գործը Զելենսկու թիմին պետք է, որպեսզի Զալուժնուն հնարավորինս պահեն «վերահսկելիության սահմաններում»։ Զալուժնին էլ իր հերթին ակտիվացել է մամուլում, որ իրեն ապահովագրի հնարավոր մեղադրանքներից։ Ուշագրավ է, որ այս ամենով հանդերձ, Զալուժնին երբեք չի հայտարարել, որ քաղաքական հավակնություններ ունի։ Բայց Զելենսկին հրաժարվում է հաջորդ տարի անցկացնել ընտրություններ, նա ակներեւաբար վախենում է Զալուժնու հետ մրցակցությունից։ Ուկրաինայում, ըստ հարցումների, կոռուպցիոն գործերով «արատավորված» Զելենսկուն վստահում է ուկրաինացիների ոչ ավելի, քան 32 տոկոսը։ Մինչդեռ Զալուժնու վստահության քվեն հասել է 70 տոկոսի։ Նույնիսկ Ուկրաինայի ՊՆ հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի վարկանիշն ավելին է` 45 տոկոս։
Կարծիքներ