Պատերազմից 5 է պակաս, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը ծեծկռտուք են քննարկում

Պատերազմից 5 է պակաս, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը ծեծկռտուք են քննարկում

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքից հետո կատարվածի մասին ֆեյսբուքյան տիրույթում բազմապիսի գրառումներ են արել թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր թևի ներկայացուցիչները: Չնայած Սյունիքում տիրող իրավիճակին, հեկտար-հեկտար հանձնվող տարածքներին, իշխանությունն ու ընդդիմությունը զբաղված են «ռազբորկաներով», ճիշտ ու սխալ անելով: 
 
Արմեն Աշոտյան

Մհերին անձամբ չեմ ճանաչում։ Բայց զանգվածային ֆիզիկական բռնությունը ԱԺ-ում կիրառած եւ անպատիժ մնացած ՔՊ-ական ոհմակի վայնասունը դեպքի առիթով զավեշտալի է։

Իսկ ԱԺ-ում ծառայություն իրականացնող իրավապահների կրկնակի ստանդարտների պահվածքը ծառայամտության եւ օրենքի ընտրողական կիրառման ամենացցուն դրսեւորումներից է։

Որքան հասկացա անկողմնակալ լրահոսից, Վարդանյանն ինքն է սադրել է միջադեպը, իսկ այն հետագայում սրել է Ալենը։

Վստահ եմ, որ թե ԱԺ-ի քաղաքական մեծամասնության բիոզանգվածը, թե նրանց սպասարկող իրավապահները փորձելու են ծածկադմփոց անել իրականությունը, դրա փոխարեն բեմադրելով այլ շոուներ եւ ջանք չխնայելով շեղել հայ հասարակության ուշադրությունը Սյունիքում եւ Արցախում տեղի ունեցող հերթական դավաճանական զարգացումներից։

Իսկ «բռնեք գողին» գոռացող իրական գողերի համապարփակ պատիժը Աստծո, օրենքների եւ մարդկանց կողմից դեռ առջեւում է։

Հայկ Մամիջանյան

Մհեր Սահակյանը իմ պայքարի ընկերն է: Շատ պատմությունների միջով ենք անցել միասին: Մհերը փախնող տղա չի՝ դա ՔՊ-ի տարածած ստերից է:
Ինչ վերաբերվում է միջադեպին՝ ըստ իմ տեղեկությունների՝ Վլադիմիր Վարդանյանն է անհարգալից խոսել Մհերի հետ, իսկ Մհերի սաստելուց հետո ինքն է առաջ եկել Մհերի ուղղությամբ:

ՀԳ
Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների հետ տեսակոնֆերանսից անմիջապես հետո գնալու եմ ոստիկանական բաժանմունք՝ Մհերի մոտ:

Մարգարիտ Եսայան

Դրանց մեկ անգամ ձեռքով խփելը քիչ ա, էնքան պետք է բոլորին միասին ու հատ֊հատ ծեծել, որ «հարեւանի մոզուն քեռի ասեն»։ Ախր հեչ տղա չեք, միայն հայրենիք հանձնելուց եք լավ, ուրիշի երեխեքին կրակի տալուց, թուրքի առաջ կզելուց եք լավ, որովհետեւ կարգին կռվի չեք մասնակցել, մի հատ մռութներիդ հասցնում են, ղզիկի պես նվնվում ենք,բողոքում եք։ Տո, ձեր մարդ ասողի…  Տղամարդու ուժեղ ձեռք ա հարվածել,է դ էլ չեք հասկացել, շալվարակիր քույրիկներ։ Տո,դո՞ւք եք պետությունը, դուք պետության վզին նստած ձրիակերներ եք․․․

Իշխան Սաղաթելյան

Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի սադրիչ և անհավասարակշիռ պահվածքի հետևանքով կոնֆլիկտ է ծագել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև։

Միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով են ներխուժել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ովքեր անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել  պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս պահին պատգամավոր Մհեր Սահակյանը գտնվում է Երևան քաղաքի ոստիկանական բաժիններից մեկում և հարցաքննվում է։ 

Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Մհեր Սահակյանը իր ողջ գործունեության ընթացքում դրսևորել է արժանապատիվ հայի կեցվածք, որը կոտրել հնարավոր չէ։

Դեպքի առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կազմակերպած հերթական սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի առաջխաղացման փաստից։

Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Գեղամ Նազարյան

Այսօր` 2023թ. մարտի 31ճին, ժամը 18.00-ի սահմաններում ՀՀ քննչական կոմիտեն անդրադառնալով այսօր Ազգային ժողովի թիվ 314 սենյակում տեղի ունեցած միջադեպին հայտարարել է, թե հարցաքննվել են դեպքին մասնակից մի շարք անձինք եւ նույն հայտարարությունում, հաստատական տոնով պնդում, թե իբր Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանին հարվածել է ինչ-որ առարկայով։

Մինչ այս պահը` 19։15 ին ես, որպես դեպքի ականատես դեռ չեմ հարցաքննվել, իսկ ինչ վերաբերում է ինչ որ առարկայով հարվածելելուն, ապա պնդում եմ, որ Մհեր Սահակյանի ձեռքին որեւէ առարկա չի եղել եւ նա որեւէ առարկայով չի հարվածել։
Ավելին, Մհեր Սահակյանը հարվածել է այն պահին, երբ Վլադիմիր Վարդանյանը գոռգոռալով մոտեցել է Մհեր Սահակյանին։
Մնացածի մասին քիչ ավելի ուշ։

Ագնեսա Խամոյան

Հիշեցման կարգով.  այսօրվա նույն իրավապահ մարմինների ղեկավարները, համանման փաստական տվյալների առկայության ժամանակ ՀՅԴ երիտասարդների նկատմամբ իշխանական պատգամավորների գործադրած բռնության դեպքերով (Գերասիմ Վարդանյան, Տարոն Ղազարյան- Հրաչյա Հակոբյան, մի խումբ ՔՊ-ականներ) երբ կրկին կար մարմնական վնասվածքների փաստը, պատգամավորների նկատմամբ հարկադրանքի միջոց չեն ձեռնարկել։ 

Ի դեպ, քրեական գործը մինչ օրս հարուցված է, բայց երկակի ստանդարտը պահանջում է, որ ոչ մի ՔՊ-ական պատգամավոր մեղադրյալ չդառնա: 

Իրավապահ համակարգի անգործության եւ երկակի ստանդարտներով առաջնորդվելու հետեւանքն է նաեւ, երբ տուռնիկի մեծ «սիրահար» Վահագն Ալեքսանյանը, երբ բոլորի աչքի առաջ(ԱԺ նիստը հեռարձակվել է, կադրերը կան) հարվածել էր ընդդիմադիր պատգամավորին, դրան չհետեւեց ոչ մի իրավական գործընթաց, իսկ այսօր ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր հայտարարում է, թե լավ են արել։

Հ.Գ Տեսանյությում երեւում է, թե ինչպես բազմաթիվ բարձրաստիճան եւ շարքային ոստիկաններ անհամաչափ ուժի գործադրմամբ ԱԺ-ից բերման են ենթարկում Մհեր Սահակյանին։

Արփի Դավոյան

Ես ներկա եմ եղել Պետաիրավական հանձնաժողում  դաշնակցական Մհեր Սահակյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական միջադեպին և փաստում եմ, որ նա չէր կարող ինքնապաշտպանվել, քանի որ որևէ ոտնձգություն տեղի չէր ունեցել նրա նկատմամբ։

Նա, սեփական նախաձեռնությամբ, հարվածել է Վլադիմիր Վարդանյանին։

Նրան արդարացնելուն ուղղված ընդդիմադիր մամուլի, փաստաբանների և պատգամավորների հուսահատ փորձերը խղճուկ են և ծիծաղելի։

Անդրանիկ Քոչարյան

Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստի ընթացքում տեղի է ունեցել խայտառակ միջադեպ։

Փողոցային խայտառակ բարքերի մարմնացում հանդիսացող անձիք, որ չունեն համապատասխան գիտելիք և քաղաքականապես սնանկ են, ԱԺ պատերից ներս են մտել և այդ խայտառակ բարքերը փորձում են հաստատել Ազգային ժողովի ներսում։

Նկատելի է, որ գարնանային սրացումների ցիկլի ընթացքում ՀՀ ԱԺ աշխատակազմը և Պետական պահպանության ծառայությունը պետք է շատ ուշադիր լինեն նման դրսևորումները միկրոսկոպիկ ճշգրտությամբ կանխելու համար։

Ըստ էության միջադեպի կողմ է հանդիսացել 2016 թվականից ՀՅԴ անդամ, իսկ 2021-2022թթ․ ընթացքում ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի հասարակական հիմունքներով օգնական հանդիսացող Մհեր Սահակյանը, ով 2022թ․-ի դեկտեմբերից դարձել է  ԱԺ պատգամավոր։

Նա անձնական մարմնական վնասվածք հասցնելով հանձնաժողովի նախագահին՝ մեծ արագությամբ ճողոպրել է, և իրավապահներին դժվարությամբ է հաջողվել գտնել նրան։

Ամենայն հավանականությամբ տվյալ պատգամավորը պատգամավորական գործունեությունը դեռ չսկսած առաջնորդվել է իր նախկին ղեկավարի շշանետման բացառիկ տպավորությամբ։

Ցանկացած ապակայունացման գործունեություն շարունակություն ունենալ չի կարող։

Երկրի գլխավոր օրենսդիր մարմնում տվյալ պատգամավորին ներկայացնող քաղաքական ուժը այս միջադեպի համար ևս կրում է պատասխանատվություն։