Լավրովին չեք հավատում, բայց գոնե ձեր աչքերին հավատու՞մ եք․․․

Լավրովին չեք հավատում, բայց գոնե ձեր աչքերին հավատու՞մ եք․․․

Թվում է՝ Լավրովը նուրբ է կսմթել Նիկոլին, բայց այդպես չէ։   Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի անվտանգությանը նվիրված ասուլիսում հայտարարել է․  «Ադրբեջանական կողմը պատրաստ է երաշխիքներ տալ Ղարաբաղի հայերին՝ կապված այն իրավունքների հետ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»։
Սա կեղծ սիրաշահման նման մի բան  է Ադրբեջանին, չնայած Լավրովը երևի հիշում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ  Ադրբեջանի Սահմանադրությունը նախատեսում է հավասար իրավունքներ երկրում ապրող բոլոր էթնիկ խմբերի, այդ թվում՝ հայերի համար։ Այսինքն Արցախ բառից մնում է էթնիկ խումբը, որը աստիճանաբար կվերանա Ադրբեջանի քաղաքականության շնորհիվ։ Այդ տատասկ  ճանապարհով հայերն արդեն անցել են։
Բայց Լավրովի նպատակը սա չէր։ Դիվանագիտորեն սիրաշահելով Ադրբեջանին, նա ահազանգում է․ «Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է Ղարաբաղում հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին»։ Սա ուղղակի բաց տեքստով հաղորդում է, որ Արցախի կարգավիճակի հարցը  Նիկոլ Փաշինյանը չի բարձրաձայնում։ 
Սա հայերիս համար նորությու՞ն է։ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո իր քայլերով բաց- բաց ցույց տվեց, որ իր համար Արցախ չկա։ Արցախը Ադրբեջանինն է և վերջ։ Չմանրամասնեմ։ Եկավ՝ Արցախը հանձնեց ու մի անգամ Արցախ չգնաց։ Սրանից լավ փա՞ստ։  Այլ բան է, որ Ռուսաստանի նկատմամբ անվստահություն սերմանելու պատճառով շատերը Լավրովին չեն հավատում, բայց գոնե ձեր աչքերին,  հավատու՞մ եք։