ԵՊՀ-ում վիճակն անկայուն է

ԵՊՀ-ում վիճակն անկայուն է

Հարցազրույց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ


- Ուրբաթ օրը կայացած ԵՊՀ գիտխորհրդի նիստում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի քննարկումը, կարելի է ասել, տապալվեց։ Եզրակացության չգալով՝ գիտխորհուրդը որոշեց նոր հանձնաժողով ձեւավորել, որտեղ Դուք ընդգրկված չեք, քննարկումը կկայանա հաջորդ ուրբաթ: Ձեզ համար անակնկա՞լ էր նման ելքը։ 

- Ինձ համար անակնկա՞լ էր նման ելքը։ Ե՛վ այո, ե՛ւ ոչ: Հարցի քննարկումը ԵՊՀ գիտխորհրդում մի փոքր նախապատմություն ունի: Սեպտեմբերին, երբ շրջանառության մեջ դրվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի, այսպես կոչված, աշխատանքային տարբերակը, ԵՊՀ-ն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով դրա վերաբերյալ միասնական կարծիք չներկայացրեց, ինչը սխալ էր: Չնայած համալսարանական կառույցները եւ առանձին համալսարանականներ ներկայացրեցին կարծիքներ, սակայն դրանք չէին կարող փոխարինել ԵՊՀ միասնական կարծիքին: Եվ երբ արդեն շրջանառության մեջ դրվեց օրենքի պաշտոնական նախագիծը, ԵՊՀ-ն ուղղակի իրավունք չուներ՝ որպես մայր բուհ, դրա վերաբերյալ միասնական կարծիք չարտահայտել: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ 2019թ. դեկտեմբերի վերջին ԵՊՀ գիտական խորհրդի նիստում ես առաջարկեցի ձեւավորել հանձնաժողով, որը կպատրաստի եւ խորհրդի քննարկմանը կներկայացնի այդպիսի նախագիծ: Այն հավանության արժանացավ խորհրդի կողմից, եւ առաջարկվեց, որ այն պատրաստի ԵՊՀ գիտխորհրդի իրավական ակտերի մշակման հանձնաժողովը: Վերջինս, մինչեւ հունվարի 20-ը ստանալով ֆակուլտետների եւ այլ կառուցվածքային ստորաբաժանումների առաջարկները, կազմեց նախագիծը եւ այն ներկայացրեց փետրվարի 13-ի նիստում: Ինչ կատարվեց գիտխորհրդում, կարծում եմ՝ խորհրդի որոշ անդամների կողմից առաջնային դիտարկվեցին ոչ թե համալսարանի, այլ անձնական, խմբակային եւ այլ շահեր: Նման եզրահանգման համար հիմք են ծառայում նիստի ընթացքը, խորհրդի որոշ անդամների ելույթները, տարաբնույթ առաջարկները (հաճախ՝ առանց լուրջ հիմնավորումների): Սրանք ի ցույց դրեցին խորհրդի առանձին անդամների նպատակները, որոնք ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ հնարավոր չէ դիտարկել որպես ԵՊՀ շահով պայմանավորված բովանդակային քննարկմանը եւ միասնական կարծիք ձեւավորելուն ուղղված: Դրան նպաստեց նաեւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի վարքագիծը, որի ցանկությունն ակնհայտորեն այն էր, որ համալսարանն ընդհանրապես դիրքորոշում չարտահայտի  կամ առնվազն լոյալ, դրական կարծիք ձեւավորի: Մինչդեռ  հանձնաժողովում կարծիքի պատրաստման ընթացքում նա խիստ կառուցողական էր տրամադրված եւ հիմնականում դրական վերաբերմունք ուներ մեր նախագծի վերաբերյալ: Իհարկե, երբ արդեն նախագիծը վերջնական տարբերակով պատրաստ էր, նա ինձ առաջարկեց հանել կարծիքի երկրորդ կետը, որը վերաբերում էր նախագծի հիմնավորվածությանը: Ի՞նչն էր ազդել նրա վերաբերմունքի վրա այդ մի քանի օրվա ընթացքում, չեմ կարող ասել: Ես հրաժարվեցի այդ փոփոխությունն անել, քանի որ, նախ՝ հանձնաժողովը հավանության էր արժանացրել կարծիքը՝ նման տեսքով, եւ ես իրավասություն չունեի այն փոխելու, եւ երկրորդ՝ ինքս էլ համոզված էի, որ առանց օրենքի նախագծի հիմնավորվածության բացահայտման ԵՊՀ կողմից նախագծի վերաբերյալ կարծիքը լուրջ չէր ընկալվի: Իսկ այն, ինչ կատարվեց խորհրդում, հիշեցնում է վատ բեմադրված ներկայացում: Ովքեր էին բեմադրիչները, ես չգիտեմ, բայց իրականացնողներն ակնհայտորեն հայտնվեցին ծիծաղելի իրավիճակում։ Նպատակը պարզ էր. ամեն ինչ անել, որպեսզի կարծիքն այդ տեսքով չընդունվի, ծայրահեղ դեպքում հետաձգել եւ փորձել անցկացնել հնարավորինս մեղմ քննադատությամբ դրական կարծիք: Երբ ես կրկին դիտեցի նիստի տեսագրությունը, ինձ համար բացահայտվեց մի իրողություն: Խորհրդի անդամներից ոմանք ակնհայտորեն հետապնդում էին նշածս նպատակը, մյուսներն անբովանդակ հարցերով եւ ելույթներով կոչված էին նպաստելու դրա իրականացմանը, իսկ երրորդ՝ ամենամեծ խումբը, որն ամենացավալին է, անտարբեր էր այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում էր խորհրդում, սակայն պարտաճանաչորեն կատարեցին հրահանգը՝ դեմ քվեարկել ներկայացված կարծիքին: Համոզված եմ, որ եթե վերջիններիս հարցնեն, թե ինչին են դեմ քվեարկում, չէին կարող հոդաբաշխ բացատրություն կամ հիմնավորում ներկայացնել: Նիստը վարողը չէր կողմնորոշվում ինչ անել, քանի որ առավելագույն նպատակին հասել էր՝ կարծիքը չէր ընդունվել, իսկ հետագայի հետ կապված՝ հստակ կողմնորոշում չուներ՝ հայտարարվեց ընդմիջում, ենթադրաբար, խորհրդակցելու համար: Ընդմիջման գնալուց առաջ ռեկտորի պաշտոնակատարը կարծիք էր հայտնել, որ կարելի է նաեւ չունենալ միասնական պաշտոնական տեսակետ, իսկ ընդմիջումից հետո պարզվեց, որ որոշել է նոր հանձնաժողով կազմել եւ պատրաստել նոր կարծիք: 

- Բուռն արձագանքներ եղան ԳԱԱ կարգավիճակի շուրջ։ Դրա վերաբերյալ նախագիծն ի՞նչ է առաջարկում, ո՞րն է տարընկալումների պատճառը։ Դուք Ձեր խոսքում ասացիք՝ այսօր ակադեմիան համարվում է կառավարության գիտական խորհրդատու, վաղը դառնալու է գիտնականների ակումբ։  

 - Ձեր հարցը վերաբերում է քննարկման բովանդակային ընթացքին: Ես, որպես այդպիսին, բովանդակային չէի համարի այդ քննարկումը, որովհետեւ խորհրդի որոշ անդամների կողմից այնպիսի հարցադրումներ եւ «մտահանգումներ» էին արտահայտվում, որ ուղղակի զարմանալ կարելի էր: Մասնավորապես, կարծիք հնչեց, որ կարիք չկա կարծիքում անդրադառնալ  ակադեմիային։ Այն դեպքում, երբ  օրենքը կոչվում  է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին», եւ կարծիք հայտնել, չխոսելով ակադեմիայի կարգավիճակի՝ ապագայում սպասվող փոփոխությունների, ավելի շուտ՝ դրանց որոշակիության եւ հիմնավորվածության բացակայության, ԳԱԱ կառուցվածքում գտնվող գիտական կառույցների, այդ թվում՝ գիտահետազոտական ինստիտուտների, կրթության եւ գիտության ինտեգրման՝ օրենքում տեղ չգտած հեռանկարի եւ անորոշ ապագայի մասին, ուղղակի հնարավոր չէ: Առավել եւս զարմանալի է, որ նման հարցադրում եւ կարծիք հնչում է այդ թվում եւ ԳԱԱ ակադեմիայի անդամների կողմից: 

- Բուհերի կառավարման խորհրդի հետ կապված էլ Ձեզ հետ համաձայն չէին, ասում էին՝  խորհրդի կազմը պետք է ոչ թե մեծանա՝ ի հաշիվ համալսարանականների, այլ՝ հակառակը։ Ո՞րն է Ձեր փաստարկը։

- Իմ կարծիքով, այս հարցն առանցքային է օրենքի նախագծում: Եթե այդ տեսքով այն ընդունվի, ապա կառավարման բարձրագույն մարմինը բուհում իր ձեւավորման կարգով, անդամների թվով, համամասնությամբ, լիազորություններով եւ գործունեությամբ վճռական դերակատարություն է ունենալու ԵՊՀ կենսագործունեության ընթացքում եւ վերածվելու է հզոր գործիքի՝ լիազոր մարմնի ձեռքին՝ համալսարանն առավել կառավարելի դարձնելու հարցում, սահմանափակելով համալսարանի ինքնավարությունը եւ ակադեմիական ազատությունը: Մեր առաջարկն էր, որ օրենքում նախատեսվեն խորհրդի ձեւավորման այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորինս կհավասարակշռեն եւ արդյունավետ կդարձնեն վերջինիս գործունեությունը: Մասնավորապես,  ավելացնել խորհրդի անդամների թիվը, համալսարանի ներկայացուցչությունը դարձնելով 50 տոկոսից ավելի, հավասարակշռել հոգաբարձուների խորհրդի, ռեկտորի եւ գիտխորհրդի լիազորությունները: Զարմանալի էր, որ առաջին հայացքից ԵՊՀ-ի համար շահեկան եւ տրամաբանական առաջարկը, այն է՝ ավելացնել խորհրդի անդամների թիվը՝ ի հաշիվ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության ներկայացուցիչների, հանդիպեց որոշ համալսարանականների դիմադրությանը, ընդհուպ մինչեւ ծայրահեղության՝ համալսարանի բարձրագույն կառավարման խորհրդի կազմում չունենալ ընդհանրապես համալսարանի ներկայացուցիչներ: Եվ այս տեսակետի կողմնակից էին նաեւ ռեկտորի պաշտոնակատարը եւ դեկաններից մեկը: Հետեւությունները թողնում եմ ձեզ: 

-Քննադատվող հաջորդ առաջարկը, որ տեղ էր գտել Ձեր ներկայացրած կարծիքում դա արհեստական տարիքային սահմանափակման վերացումն էր: Կարծիք հնչեց, որ դրանով սահմանափակվում է երիտասարդների առաջխաղացման հնարավորությունը և այն փաստարկն էր բերվում, որ կարծեք միայն տարեցները կարող են լավ կառավարիչներ լինել:

-Սրանք այն հարցադրումներ շարքից էին, որոնք ես համարում եմ անհիմն և դեմագոգիայի ժանրից: Նույնիս հարկ չեմ հարում նրանց պատասխանել կամ պարզաբանել, քանի որ բովանդակային ոչինչ չեն պարունակում, խեղաթյուրում են կարծիքում տեղ գտած առաջարկը և դրա հիմնավորումը: Հարցադրումների հեղինակները, իմ կարծիքով, ուղղակի պարտավորվել էին ինչ-որ քննադատական խոսք ասել և իմ կարծիքով իրենց հատուկ շատ ապաշնորհ ձևով դա իրականացրեցին: Նրանք այդ փորձը ձեռք են բերել դեռ 2006թ.:

- Տեղեկություններ կան, որ իշխանության մատն է խառը,  Ձեր ղեկավարությամբ մշակված ԵՊՀ կարծիքը չընդունվեց, տապալման օպերացիան կազմակերպեց ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանը։ Ու գիտխորհրդի նիստը պարբերաբար ընդմիջելով՝ ռեկտորը նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ է խորհրդակցել, ով այդ ընթացքում գտնվել է համալսարանում։  

- Ես չեմ կարող պնդել, թե ում մատն է խառը, եւ ինչ հեռահար նպատակներով չընդունվեց օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի կարծիքը, սակայն, ինչպես արդեն նշեցի, խորհրդի նիստի ընթացքը եւ վարման ձեւն այլ եզրակացություն չեն թողնում անել, քան այն, որ իրոք նպատակ էր դրված ամեն գնով կարծիքի ընդունումը տապալել, ինչին էլ հաջողությամբ հասան «շահառուները»: Իսկ թե ովքեր են եղել այդ ընթացքում համալսարանում, ում հետ է խորհրդակցել ռեկտորի պաշտոնակատարն ընդմիջման ժամանակ, եւ ինչն է եղել պատճառը նրա դիրքորոշման շարունակական փոփոխությունների, դրա մասին ես կարող եմ միայն ենթադրություններ անել: Փաստը մնում է փաստ, եւ դա ակնհայտ երեւում է տեսագրությունից, որ նպատակ էր դրվել, եւ նպատակն իրականացվեց: Ինչ վերաբերում է խորհրդի նիստերը հաճախակի ընդմիջելուն, ապա ես նախկինում նման դեպք չեմ հիշում, երբ 2-3 ժամ տեւողությամբ նիստն ընդմիջվի:

- Ինչպե՞ս կգնահատեք ԵՊՀ-ում տիրող իրավիճակը, սպասվում  են  ռեկտորի ընտրություններ, դրանք կկայանա՞ն, թե՞ հնարավոր է տապալվեն։ Կան տեղեկություններ, որ Գեղամ Գեւորգյանը շահագրգռված է, որ չկայանան, ինքը մոտ 2 տարի մնա ԺՊ-ի կարգավիճակում, այդ ընթացքում կընդունվի   նոր օրենք, եւ իշխանությունը կկարողանա նշանակել իր «սրտի ռեկտորին»՝ Հովհաննես Հովհաննիսյանին։

- ԵՊՀ-ում վիճակն անկայուն է, ինչը եւ սպասելի է ցանկացած ժամանակավոր պաշտոնակատարի առկայության դեպքում: Երբ հայտնի չէ պաշտոնավարման ժամանակաշրջանը, դրանով պայմանավորված ամբողջ վարչական կազմի պաշտոնավարումը, ինչը եւ հնարավորություն չի տալիս երկարաժամյա, հեռանկարային ծրագրեր մատնանշել եւ փորձել իրականացնել: Այդ պատճառով կարծում եմ, որ կենսական անհրաժեշտություն է, որպեսզի ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար հայտարարված ընտրությունները կայանան, եւ ըստ հնարավորության՝ ռեկտոր ընտրվի համալսարանի եւ ընդհանրապես կրթության ոլորտին քաջատեղյակ իրավասու հեղինակավոր անձ, որը կկարողանա իրականացնել համալսարանի բարեփոխմանը եւ զարգացմանը միտված արդյունավետ ծրագրեր: Ինչ վերաբերում  է Ձեր հարցադրման մյուս մասին, ապա այն նույնպես դավադրությունների տեսության ժանրից է, որը գոյության իրավունք ունի, ինչպեսեւ մնացած նմանատիպ ենթադրությունները:

- Իսկ գուցե Դուք ե՞ւս ռեկտոր դառնալու ցանկություն ունեք, ոմանք նույնիսկ հիշեցին, որ Դուք եք նաեւ գործող Սահմանադրության հեղինակներից մեկը։

- Ես նման ցանկություն չեմ արտահայտել երբեւէ եւ չեմ կարող համաձայնել Ձեր այդ բնորոշման հետ, որ գիտխորհրդի որոշ անդամներ արշավ են ձեռնարկել իմ դեմ: Օգտվելով առիթից՝ ուզում եմ արձագանքել լրատվամիջոցներից մեկում վերջերս հայտնված այն տեղեկությանը, որ «...վերջապես ես կփորձեմ իրականություն դարձնել ռեկտոր դառնալու իմ վաղեմի երազանքը»: Չէի անդրադառնա այդ լրատվամիջոցի հերթական ծիծաղելի ապատեղեկատվությանը, եթե համարեի դա զուտ հեղինակի եւ լրատվամիջոցի մտքի թռիչք: Ինչ նպատակ է հետապնդում տվյալ տեղեկատվության հրապարակումը՝ թող իրենք պարզաբանեն, ընդամենը նշեմ, որ ես միայն մեկ անգամ եմ մասնակցել ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին (2006 թվականին), որի ընթացքի եւ արդյունքների մասին հանրությունը, կարծում եմ, լավ տեղեկացված է: Եթե ես նման փոքր իսկ ցանկություն ունենայի, ապա դրանից հետո տեղի ունեցած ռեկտորի 3 ընտրություններին գոնե մեկ անգամ կմասնակցեի: Տպավորություն կա, որ որոշ անձինք խիստ մտահոգ են, որ ես կմասնակցեմ մրցույթին: