Մեսիջներ հանրությանը

Մեսիջներ հանրությանը

Երեկ ԱԺ արտահերթ նիստում 2022 թ․ կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցով էր հանդես գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս անգամ խորհրդարանում էր նաեւ ընդդիմությունը։ Եվ դա թերեւս լրացուցիչ ազդակ էր, որ Փաշինյանը խոսի երկրի այսօրվա վիճակից եւ առիթն օգտագործի հանրությանն ինչ-ինչ մեսիջներ փոխանցելու համար։

Կրկին խորհրդարանում անվտանգության ուժեղացված միջոցառումներ էին՝ ամեն դռան տակ մի քանի աշխատակից, որոնք եկել էին վարչապետի անձը պաշտպանելու համար։ Առհասարակ, ուժային կառույցները, դատարան-դատախազներին այդքան չսիրող Փաշինյանն ինչ-որ պահից շատ սիրեց այս կառույցները՝ դրանցում տեսնելով իր պաշտոնավարման շարունակականության երաշխիքը։

Ահա՝ ընդամենը 2 օր առաջ ոստիկանության օրվա կապակցությամբ նրա ելույթում այսպիսի մտքեր են հնչել․ «Ոստիկանությունն այն կառույցն է, որը պետականության ողնաշարն է, եւ պետականության ողնաշարը պետք է ամեն օրվա հետ ավելի ուժեղ լինի․․․ Մենք պետք է հասկանանք, որ լինել ոստիկան, լինել ոստիկանության աշխատող եւ մտածել, որ, ասենք, օրինակ, երեխայիս ուսման վարձն ինչպես եմ վճարելու, կամ որ երեխաս հիվանդացավ, ընտանիքիս անդամը հիվանդացավ, ինչ եմ անելու՝ սա նոնսենս է, սա պետության դեմ գործող իրավիճակ է։ Չի կարող այդպիսի բան լինել, եթե մենք ուզում ենք ունենալ պետություն»: Կամ՝ «Չպետք է մոռանանք, որ ոստիկանությունն ուժային կառույց է» եւ «ուժ կիրառելու, ուժ գործադրելու» հմտություններ պետք է ունենա:

Եվ ամենակարեւոր մեսիջը՝ ուղղված ոստիկաններին․ «Կա ուժային գործողություն, որի արդյունքում ոստիկանը կարող է խրախուսվել, պարգեւատրվել, մենք պետք է շնորհակալություն հայտնենք նրան դրա համար»։ Իսկ դուք ասում եք՝ անփորձ է եւ միամիտ սրանք միամիտ մարդու մեսիջներ չեն։