Երրորդ տարբերակ իրականության մեջ չկա

Երրորդ տարբերակ իրականության մեջ չկա

«Պուտինը կմնա՞ թե՞ կգնա՝ Ռուսաստանի վերնախավում ըստ ամենայնի լրջորեն քննարկվում է այդ հարցը, իսկ Հայաստանը կարծես թե սպասողական դիրք է բռնել եւ հետեւում է, թե ինչ հանգուցալուծում է լինելու ՌԴ իշխանության հարցում»- գրում է հայ քաղաքական մեկնաբանը:

Անվերապահորեն պնդել, որ Ռուսաստանի վերնախավում լրջորեն քննարկվում է Պուտինի մնալու կամ հեռանալու հարցը, ենթադրում է, որ նման տեղեկություն ստացվել է կամ անմիջապես Կրեմլից, կամ որեւէ երկրի հատուկ ծառայությունից: Հիշյալ լրատվամիջոցը հազիվ թե ռուսական վերնախավում սեփական աղբյուրներն ունենա: Ինչ վերաբերում է այլ  երկրի հետախուզությանը, ապա, եթե անգամ նա արտահոսք կազմակերպելու նպատակ ունի, ապա հազիվ թե նախապատվությունը տված լինի հայկական մի կայքի, որի ընթերցողների օրական քանակը մի քանի հազարից չի անցնում: Այդ կարգի «սլիվ,»անելու  համար աշխարհում կան բազմամիլիոն լսարան ունեցող լրատվամիջոցներ: Հետեւաբար, Ռուսաստանում «հեղափոխություն թույլ չտալու» եւ Պուտինի մնալ-չմնալու հարցով մտահոգությունների մասին հայ քաղաքական մեկնաբանի արձանագրումները ոչ այլ ինչ են, քան՝  երեւակայության արդյունք: Լավագույն դեպքում: Այլապես կարելի է ենթադրել, որ նա ինչ-որ կենտրոնի, կարեւոր չէ՝ հայրենակա՞ն, թե՞ օտար, ազդեցության տակ է եւ փաստացի սպասարկում է նրա շահը:

Այն է՝ հայ հանրությանը ներշնչել, որ Ռուսաստանի «վախճանը մոտ է»: Գործնականում այս եւ նման այլ տեսակետի կարելի էր եւ ուշադրություն չդարձնել, եթե հեղինակը հետագա դատողությունները չկառուցեր այն թեզի վրա, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ պետք է աչքի առաջ ունենա այդ սցենարը՝  թույլ չտալու վակուում՝ իր դերը հավասարաչափ  տարածելով այլ կենտրոնների վրա: Ի՞նչ է հասկացվում դրա տակ: Միայն մի  բան՝  Ռուսաստանի «մահը»  կարող է բերել մեզ համար անցանկալի հետեւանքների, ուստի հարկ է այժմվանից երաշխավորներ  փնտրել այլ ուժային կենտրոններում: Հայկական «անոմալիայի» բնորոշ դրսեւորում, որի հիմքում ոչ թե քաղաքագիտական պրագմատիզմն է, այլ՝ ազգային ըղձախոսությունը: Սոսկական տրամաբանությունը մի հուշում է անում. ինքնին Ռուսաստանը չի «մահանա»:

Ռուսաստանը կարելի է միայն «սպանել»: Եւ եթե գոյություն ունի նման մի «վախճանաբանական» ծրագրավորում, ապա դա նաեւ մեր դեմ է: Ղարաբաղյան  հակամարտությամբ զբաղվող գրեթե բոլոր փորձագետները միանշանակորեն պնդում են, որ տարածաշրջանը բացելու միակ արգելապատնեշն այստեղ ռուսական ռազմական ներկայությունն է: Ի՞նչ է հասկացվում դրա տակ՝ գաղտնիք չէ: Դա հայ-թուրքական պատմական հաշտեցման նախագիծ է, որը թույլ կտա Հարավային Կովկասը ներառնել եվրա-ատլանտյան անվտանգային (փաստացի՝ էքսպանսիվ) համակարգում՝ դեպի Կենտրոնական Ասիա ելքի եւ Իրանին «զսպաշապիկ հագցնելու» միջոցով Մերձավոր Արեւելքը նաեւ հյուսիսից գոտեվորելու, ինչպես նաեւ դեպի Սեւծովյան-Կասպյան մեծ տարածաշրջան Չինաստանի «քայլքը» դիմագրավելու հեռանկարով: Ռուսաստանում ֆորս-մաժորի դեպքում հարավկովկասյան սուբռեգիոնի վակուումը հնարավոր է «լցնել» միայն այդ ձեւով: Եթե Իրանը «նախահարձակ» քայլեր  չանի եւ վերահսկողության տակ չառնի առնվազն ներկայումս Արցախի մաս կազմող մերձարաքսյան տարածքները, հեռանկար, որ տեսականորեն բացառելի չէ, բայց գործնականում նվազ հավանական է: Ընդ որում, եթե Ռուսաստանի մոտալուտ «մահվան» մասին պնդում անող մեկնաբանը հետեւում է հակառակորդ երկրից տեղեկատվական հոսքերին, ապա չի կարող նկատած չլինել, որ աշխարհաքաղաքական վակուումի հնարավորությունը  դիտարկվում է նաեւ այնտեղ, եւ Բաքվում էլ առնվազն փորձագիտական մակարդակում ծրագրվում է «ադրբեջանական իրավունքի կատարյալ իրացման» սցենարը, որը ենթադրում է  լայնածավալ ագրեսիա՝ Սյունիքը գրավելու, հայ-իրանական սահմանը ներկալելու  եւ Նախիջեւանով Թուրքիայի հետ ուղղակի ցամաքային հաղորդակցություն հաստատելու նպատակով: Ստացվում է պատային դրություն, որ հնարավոր է հանգուցալուծել կամ ուժային կենտրոնների միջեւ սկզբունքային համաձայնությամբ, կամ տարածաշրջանային մեծ պատերազմով: Ո՞րն է նպատակահարմար եւ, մանավանդ, ձեռնտու: Երկրի արտաքին քաղաքականություն մշակողներին հուշումներ անելու հավակնություն ունեցող մեկնաբանը նախ այս հարցի պատասխանը պետք է փորձի գտնել: Որովհետեւ երրորդ տարբերակ իրականության մեջ գոյություն չունի: