Ինչու է ԱՄՆ դեսպանությունը որոշել զբաղվել Երերույքի տաճարի պահպանությամբ

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար կհատկացնի Երերույքի տաճարում (4-5-րդ դար) պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։
Հաշվի առնելով հուշարձանի պատմաճարտարապետական և գիտական բացառիկ նշանակությունը` ԿԳՄՍ նախարարության պատվերով և ֆինանսավորմամբ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից պատրաստվել և 2021 թվականի մայիսի 21-ին կայացած գիտամեթոդական խորհրդում հավանության է արժանացել «Երերույքի տաճարի և փոքր դամբարանի ամրակայման և մասնակի վերականգնման նախագիծը», որն էլ կիրականացվի դրամաշնորհի շրջանակում:
Երերույքը, որ Շիրակի մարզի հրաշքներից է, գտնվում է Անիպեմզայում, եւ չնայած օրական հարյուրավոր զբոսաշրջիկների այցելությանը, փլուզված տաճարի փրկված պատերը նույնպես փլուզվելու վտանգի տակ են։ Տեղացիները բազմիցս ահազանգել են, որ տաճարն իրենց աչքի առջև օր օրի փլուզվում է, ոչնչանում ։ Մինչդեռ տաճարի իրական վերականգնման համար միլիոններ են հարկավոր, վստահեցնում է պատմաբան, հնագետ Հարություն Խուդանյանը։ 175 հզր դոլարն ընդամենը տաճարի պահպանության համար է, որով ըստ մասնագետների՝ կկարողանան որոշ ամրացման և քարոզչական աշխատանքներ անել։
Նշենք, որ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ Հայաստանում 2005թ․ սկսած՝ իրականացվել է մշակութային պահպանության 13 ծրագիր, որոնց ուղղվել է, ընդհանուր առմամբ, 1․4 միլիոն ԱՄՆ դոլար։ Երերույքի ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարելավում և մոնումենտալ քարերի ցուցադրավայրի ձևավորում։
Երերույքի տաճարը մասնագետները թվագրում են V դ. վերջով: Տաճարը Հայաստանի վաղքրիստոնեական բազիլիկ եկեղեցիներից ամենահայտնին է: Դրա մեջ ներդաշնակ միաձուլված են երեք ճարտարապետական դպրոցներ: Տաճարը պահպանված բազիլիկ շինությունների հնագույն պարզ ձևից աստիճանաբար բարդի անցման ընթացքը ներկայացնող հուշարձաններից է:
Այն կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։
Երերույքն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում։
Ի դեպ, «Սենթեր սթեյջ» փոխանակման ծրագրի շրջանակում MVF բենդն այս տարի համերգային շրջագայության էր մեկնել Միացյալ Նահանգներ։
Բենդի «Նայթոլոջի» ալբոմում ընդգրկված «Արթնացում» ստեղծագործության նոր երաժշտական հոլովակը, նկարահանվել է Երերույքի բազիլիկ տաճարում ։
ԱՄՆ դեսպանությունը բարձր է գնահատել «Սենթեր սթեյջ» փոխանակման ծրագրում և հայ-ամերիկյան երաժշտական կապերի ասպարեզում բենդի ունեցած կարևոր ներդրումը։
Կարծիքներ