Մնում է Փանոսի նման շորերը հանեն ու ջուրը մտնեն
Այս իշխանությանը, բոլոր գնահատականները մի կողմ թողած, նմանեցնում եմ Ձախորդ Փանոսին, որ ինչ գործ բռնում՝ տապալում է։ Համարյա ամեն ինչ տապալել է, բոլոր արարներն ավարտվել են, մնում է՝ ծառը, պետությունը տապալի։ Տեսեք ինչ հոյակապ նկարագրությամբ է Թումանյանը ներկայացնում ծառը տապալելու արարը․ «Մի օր եզնիքը սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե մի բան, որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ, ահագին գերանը գետնից բարձրացնեմ, գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ՝ ընկնի մեջը։ Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում վերի կողմը, կացինը քաշում—թրըխկ հա թրըխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում, սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած»։ Մենք մի Փանոս չունենք, հավաքական փանոսների իշխանություն է, ու ես չգիտեմ, ո՞ր մի Փանոսի արածը ներկայացնեմ, որոնք բոլորը կատարում են են գերագույն Փանոսի հրամանը։
Կատարում ու կատարելուց հետո մնում են ապշած՝ ի՞նչ արին։ Փոխանակ ամոթից գետինը մտնեն, հրաժարական տան, ծոծրակները քորելով նոր գործ են սկսում։ Վերջից գամ՝ հիմա էլ Ավինյանն է փանոսավարի տրանսպորտի բարեփոխում անում։ Ինչ կա- չկա, խառնել է իրար։ Ասում է՝ 100 դրամ չունես, ջուրը ընկի՝ գնա։ Մի ժամանակ էլ Փաշինյանն էր Սփյուռքում ապրողներին ասում՝ օդանավակայան մացառուտներով գնացեք։ Չեմ իմանում, դրանց ո՞ր մի «բարեփոխումից խոսեմ»։ Աղամանից սկսած մինչև դեղորայքային, ակադեմիական, տիեզերական չոր նավահանգստային, շուկան։ Տնտեսությունն էլ «բարեփոխեցին» , համարյա «վարի տվին»։
Երկրի անվտանգությունն էլ «բարեփոխեցին», երկրից բան չմնաց։ Հիմա մնացել է, որ Փանոսի նման շորերը հանեն, մտնեն ջուրը, կացինն առնեն ու մի քանի բադ սպանեն, որ ժողովուրդն ասի՝ դե տեսեք ուտելու բան կա։ Հիմա շորեր հանելու պահն է։ Երբ լճից դուրս գան, տեսնեն շոր չկա, մնան տկլոր կանգնած, միտք անեն՝ «Ի՞նչ անեմ, տեր Աստված, էսպես տկլոր ո՞ւր գնամ»։ Հիշում եք վերջը, երբ մութն ընկնելուց գնում է «ախպոր տուն»։ Ախպեր ասելով դուք որևէ պետություն նկատի ունեցեք, որը կընդունի նրանց։ Ես ի՞նչ խոսեմ վերջի մասին, երբ Թումանյանը կա․ «Դուռը ծերպ է անում, տեսնի՝ ով կա, ով չկա․ հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ—վայ անելով ետ է դառնում, շներն էլ ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՜, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է՝ շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա՝ սա սատանա է։ Բավական տեղ ղչրղու տալով, հայհոյելով, հարա—հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։ Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով խեղճ Փանոսը գնում է կորչում»։ Վերջը ես չեմ ասում, Թումանյանն է ասում։ Մի քիչ էլ դիմացեք, վերջը կերևա․․․
Կարծիքներ