Պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների այս տարվա հաղթողներն ու մրցանակակիրները

Պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների այս տարվա հաղթողներն ու մրցանակակիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ամփոփվել են 2022 թվականի ընթացքում իրականացված մասսայական սպորտի 8 միջոցառումները, պարգևատրվել են հաղթողներն ու մրցանակակիրները:

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ հաջորդ տարի մասսայական սպորտի միջոցառումների մասնակիցների թիվը կավելանա. «Ամբողջ տարվա ընթացքում բավական աշխատանք եք կատարել: Կարծում եմ՝ պետք է օգնենք միմյանց և ամեն ինչ անենք, որ Հայաստանում սպորտն ավելի մասսայական դառնա: Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտի ոլորտին: Ծախսվում են մեծ գումարներ, իրականացվում են շինարարական ծավալուն աշխատանքներ: Արեք ամեն ինչ, որպեսզի մենք հետագայում ավելի շատ մարզադպրոցներ և մարզադահլիճներ կառուցենք, քան հիվանդանոցներ, իսկ դրանք սերտ կապված են իրար հետ, քանի որ առողջ լինելու ամենաարդյունավետ ճանապարհը մարզվելն է: Պետք է մասսայական սպորտի միջոցառումներն ավելի բարձր մակարդակով անցկացնենք, իսկ հետո բոլորս միասին վայելենք պտուղները»:

2022 թվականին անցկացվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 մրցաշար, Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, 7-12-րդ դասարանների աշակերտների շրջանում՝ սպարտակիադա, իսկ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության շրջանում էլ անցկացվել են հանրապետական ռազմամարզական խաղերը:

Կարեն Գիլոյանը հավաստագրեր, գավաթներ և դրամական պարգևներ է հանձնել ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայում մրցանակային տեղեր զբաղեցրած համայնքներին: Առաջին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքը և ստացել 450 հազար դրամ՝ անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար: Երկրորդ տեղում Շիրակի մարզն է (350 հազար դրամ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մարզը (250 հազար դրամ):
Շնորհակալագրերով և մարզագույքով են պարգևատրվել նաև ՀՀ մարզերի և Արցախի Հանրապետության՝ 4-12-րդ տեղեր գրաված ներկայացուցիչները:
Միաժամանակ ԿԳՄՍ շնորհակալագրերով են պարգևատրվել նաև «ՀՀ վարչապետի գավաթ» 5 մրցաշարերի, 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի 8 մարզաձևերի և 2022 թվականին անցկացված նախազորակոչային ու զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի գլխավոր մրցավարները։

2022 թվականին «ՀՀ Վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցաշարին մասնակցել է 5234, իսկ նախարարության կողմից կազմակերպված բոլոր զանգվածային միջոցառումներին՝ 56,482 մարդ:
Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառումն անցկացվել է 4 փուլով:

Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերն անցկացվել են 4 փուլով, որոնց մասնակցել է շուրջ 20 հազար աշակերտ:

Եզրափակիչ փուլի մրցումներն անցկացվել են Արմավիրի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում: Դրանք անցկացվել են ՀՀ պաշտպանության նախարարության անմիջական աջակցությամբ: Եզրափակիչ փուլին մասնակցել է ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի ուժեղագույն 11 դպրոց: Ռազմամարզական խաղերին մրցանակային 1-ին տեղը գրավել է Տավուշի մարզի Արծվաբերդի միջնակարգ դպրոցը, 2-րդ տեղը՝ Լոռու մարզի Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը, իսկ 3-րդ տեղը՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ավագ դպրոցը:

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադան էլ անցկացվել է 4 փուլով. 1-ին փուլը՝ դպրոցներում, 2-րդ փուլը՝ համայնքներում, 3-րդ փուլը՝ ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 8 մարզաձևերից: Սպարտակիադային ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 19,188 աշակերտ: