Հարգելի լրատվամիջոցներ, պատշաճ հղում տվեք «Հրապարակին»

Հարգելի լրատվամիջոցներ, պատշաճ հղում տվեք «Հրապարակին»

Լրագրողական դաշտում արդեն տարիներ ի վեր սովորական երեւույթ է դարձել ուրիշ լրատվամիջոցների աշխատանքից՝ առանց հարցնելու եւ անվճար օգտվելը։ Արդյունքում ստացվել է, որ որոշ լրատվամիջոցներ ռեսուրս են ծախսում՝ ժամանակ, գումար, նյարդեր, իսկ մյուսներն ուղղակի նրանց ծանր աշխատանքի արդյունքը մի քանի րոպեում գողանում են, տեղադրում իրենց կայքերում եւ անաշխատ եկամուտներ ստանում։ Եվ քանի որ մեր եկամտի հիմնական մասը ստացվում է դիտումներից, հեղինակային աշխատանք կատարող, էքսկլյուզիվ նյութեր պատրաստող կայքերը, որոնք ճարպիկ չեն եւ չեն կարողանում կամ չեն ուզում գողանալ ուրիշների ապրանքը, կամ չեն կարողանում ճարպկորեն «վաճառել» իրենց ապրանքը, տուժում են։ 

Շահում են ճարպիկ «գողերը», որոնք համացանցի բոլոր նրբություններին տիրապետում են, այսինքն՝ կարողանում են արագ գողանալ, արագ տարածել, ավելի մեծ լսարան ընդգրկել, եւ դա անում են մի քանի ճարպիկ ադմիններ։ Արդյունքում նրանք ավելի շատ փող են աշխատում, քան օրնիբուն աշխատող, բայց լրատվական մարկետինգի կանոններին ոչ այնքան հմտորեն տիրապետող լրատվամիջոցները։ 

Այս երեւույթի դեմ պայքարել մեր դաշտում չհաջողվեց։ Միջազգայնագետներն ասացին, որ «Հեղինակային իրավունքի մասին» օրենքն ասում է, որ բոլոր հրապարակումները կարելի է անարգել ցիտել՝ իհարկե, ոչ ամբողջ ծավալով, իսկ լուրերը, առհասարակ, հեղինակային իրավունքի օբյեկտ չեն հանդիսանում։ Ասացին, որ մենք կարող ենք պարտադրել եւ պայքարել, որ մեր հեղինակային հրապարակումներն ամբողջությամբ չգողանան եւ անպայման հղում տան սկզբնաղբյուրին, իսկ վերնագրերում նշեն այն լրատվամիջոցը, որից վերցրել են տվյալ տեղեկությունը կամ հրապարակումը։ Եվ մեր պայքարի արդյունքում միայն հասանք նրան, որ առավոտյան մամուլի տեսություն անելիս, կայքերը հղում են տալիս թերթերին՝ նշելով, թե որտեղից է վերցված տվյալ նյութը։ Եվ դա է պատճառը, որ առավոտ վաղ ամբողջ լրատվադաշտը հեղեղված է «Հրապարակի» նյութերով, բայց «Հրապարակը» դրանից ոչինչ չի շահում, բացի լավագույն լրատվամիջոցի վարկանիշը։ 

Որպեսզի պարզ լինի, թե դա ինչքան անիմաստ է, ասեմ, որ այդ մամուլի տեսություններն ապահովում են կայքերի դիտումների 30-40 տոկոսը, եւ ցիտող կայքում մեր էքսկլյուզիվ լուրը հաճախ 3-4-5 անգամ ավելի շատ դիտում, ըստ այդմ՝ եկամուտ է բերում նրանց, քան մեզ։ Չնայած մեր լրագրողները հնարավոր է՝ ժամեր, երբեմն օրեր են աշխատել տվյալ նյութի վրա եւ, փաստորեն, ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան գողության մեջ հմտացածների աշխատակիցները։ 
Բայց հիմա սրա մասին չէ խոսքը՝ սա այլեւս ուշացած խոսակցություն է։
Խոսքն այն մասին է, որ հղում տալու հարցում էլ մենք լուրջ խնդիրներ ունենք։ Բանն այն է, որ սկզբնաղբյուրը, այսինքն՝ այն լրատվամիջոցը, որը տվյալ տեղեկատվության կամ հրապարակման բուն հեղինակն է, երբեմն անգամ հայտնի չէ։ Դա կարելի է պարզել մինչեւ առաջին «գողության» պահը։ Երբ առաջին գողացողը զլանում է նշել, թե որտեղից է վերցրել այդ նյութը, մյուսները սրանից՝ երկրորդ ձեռքից վերցնելով՝ այլեւս չեն նշում հեղինակին եւ մեղավոր էլ չեն դրանում։ 

Օրինակ, օրեր առաջ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոդված էր գրել եւ էքսկլյուզիվ կարգով տրամադրել «Հրապարակին»՝ տպագրության։ Րոպեներ անց այդ հոդվածն արդեն տարածվել էր համացանցում եւ տեղադրվել հնարավոր բոլոր հարթակներում, սակայն հղում «Հրապարակին» արված չէր։

Եթե մեր փոխարեն լիներ «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը, «Առավոտ» օրաթերթը կամ «Հետք» պարբերականը, որոնք շատ նախանձախնդիր են իրենց հեղինակային նյութերի տարածման հարցում, մեծ սկանդալ կբարձրանար, եւ նշածս ԶԼՄ-ները հատ-հատ կպարտադրեին բոլորին պատշաճ հղում տալ։ Իսկ «Մեդիամաքսն» առհասարակ պահանջում է ակտիվ հղում տալ եւ նյութի մի մասը միայն տեղադրել, որ ընթերցողը, եթե ուզում է կարդալ ամբողջական հոդվածը, ստիպված լինի մտնել սկզբնաղբյուր կայք։ Բայց «Հրապարակն» այդչափ նախանձախնդիր չէ եւ այդքան ռեսուրս էլ չի կարող ծախսել՝ իր իրավունքները պաշտպանելու հարցում։

Ուղղակի մի փաստ եւ խնդրանք, այնուամենայնիվ, ուզում եմ ուղղել մեր գործընկերներին։ ԶՈՒ ԳՇ պետի թեկնածու Արտակ Դավթյանի նշանակման կապակցությամբ բոլորը հիշեցին այն պատճառը, թե ինչու ամռանը նա ազատվեց ԳՇ պետի պաշտոնից։ Խոսքը վերաբերում է Արտակ Դավթյանի որդու հարսանիքին, որը կազմակերպել էր կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների օրերին, եւ այդ հարսանիքի մասին տեսանյութն ու հրապարակումը նրան պաշտոնանկ անելու պատճառ դարձան։ Այս օրերին այդ միջադեպը հիշողները համատարած ասում են՝ «մամուլի հրապարակումներից հետո նա պաշտոնանկ արվեց»։ Ոչ, հարգելիներս, մամուլի հրապարակումներից հետո չէր, այլ «Հրապարակի» հրապարակումից հետո։

Մեր լրագրող Կարեն Մարտիրոսյանն այդ օրը մի քանի անգամ այցելել է Բագրեւանդ թաղամաս, ամբողջ երեկոն անցկացրել այդ թաղամասում, մեծ դժվարությամբ գտել է Դավթյանի հասցեն, երկար դիրքավորվել, բանակցել ԳՇ պետի թիկնապահների ու մերձավորների հետ, փորձել տեղեկատվություն ստանալ, տեսանկարահանում է արել առանձնատան բաց դռնից։ Երկար սպասել է, մինչեւ հարսանիքն ավարտվի։ Վերջապես՝ մեր լրագրողն իր անձը վտանգի է ենթարկել․ կարող էին, չէ՞, մի քանի հաստավիզ հարձակվել, վնաս տալ նրան, ինչը մեր ժամանակներում եզակի բան չէ։ Հետո այդ տեսանյութի վրա աշխատել են մյուսները, տեքստ ենք գրել՝ ամեն բառը քննարկելով եւ այլն։ Իսկ դուք, բավական չէ, մի քանի րոպեում քաշել-տեղադրել եք ձեր կայքերում մեր նյութը, այլեւ մի քանի օրից անգամ զլացել եք հղում տալ «Հրապարակին», իսկ այսօր այդ նյութը ձեզ համար անհայտ ու անորոշ «լրատվականներում հրապարակված նյութ» է, եւ այլեւս ոչ ոք չի հիշում, որ դա «Հրապարակն» է գրել, լրագրող Կարեն Մարտիրոսյանը։