Ծանր վիրավորանքի հոդվածը «վերակենդանացրածը» խոսում է քրեական գործեր չկարելուց

Ծանր վիրավորանքի հոդվածը «վերակենդանացրածը» խոսում է քրեական գործեր չկարելուց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձի առիթով, շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Կառավարության և Ազգային ժողովի կողմից ոլորտում իրականացված բարեփոխումների լայն շրջանակին, ընդգծել քննչական մարմինների կարողությունների մեծացման ուղղությամբ իրականացված աշխատանքը:

Վարչապետի խոսքով, եթե դե յուրե ճիշտ է հնչում, որ դա ներդրում է Քննչական կոմիտեի զարգացման գործում, այնուամենայնիվ, անձամբ իր և Կառավարության տեսակետից դա ներդրում է Հայաստանի Հանրապետությունում արդարություն հաստատելու գործում: «Այո՛, ես հատկապես օգտագործում եմ «արդարություն հաստատել» տերմինաբանությունը երկու առանցքային պատճառով, որովհետև կարծում եմ, որ արդարությունն ինձ և մեր քաղաքական թիմին՝ իշխանության հասցրած ժողովրդական ոչ բռնի  թավշյա հեղափոխության առաջնային պահանջներից մեկն է, և երկրորդը՝ ցավոք, մենք չենք կարող ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն արդարության զգացում Հայաստանի Հանրապետությունում»,-ասել է Կառավարության ղեկավարը: Եվս մեկ անգամ ընդգծելով, որ ոլորտում իրականացված բարեփոխումներն ուղղված են Հայաստանում արդարություն հաստատելու գործին, վարչապետը նշել է. «Ես արդեն վեց տարուց ավելի զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը՝ ասում եմ, որ արդարություն հաստատելու օրակարգն այսօր նույնքան հրատապ է Հայաստանի Հանրապետությունում, որքան հրատապ էր 2018 թվականին կամ 2019 թվականին: Բայց սա չի նշանակում, թե մենք արդարության հաստատման ուղղությամբ ոչինչ չենք արել»:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս բոլոր բարեփոխումների համատեքստում, առաջին հերթին, քայլեր են ձեռնարկվում արդարության և արդարադատության ինստիտուտները կայացնելու գործում: Փաշինյանը նաև հավելել է, որ Հայաստանում գործ սարքելու ինստիտուտն անցյալում է մնացել:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք անկեղծ է Փաշինյանը, նրա հարտարարությունն այն մասին, որ քրեական գործեր չեն կարում, որքանո՞վ կապ ունի իրականության հետ: Մելիքյանն ի պատասխան մեր հարցի` նշեց. «Փաշինյանի հայտարարության մասով ցանկացած միջազգային կառույցի, որը կարող է անկողմնակալ դիտորդ համարվել, ես հրավիրում եմ այս թեմայով քննարկման, որի ժամանակ կարող ենք ցույց տալ, թե քրեական գործեր կարելու ինչպիսի նոր տեխնոլոգիաներ են կիրառվում և թե որքանով են դրանք առնչվում անձանց քաղաքական հայացքների հետ: Տեխնոլոգիաներ ասելով նկատի ունեմ, թե ինչպես են գոյություն չունեցող երևույթներին տալիս քաղաքական գնահատականներ: Ցցուն օրինակ է ծանր վիրավորանքի հոդվածի «վերակենդանացումը», Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործը, Նարեկ Մալյանի գործը: Փորձաքննության խայտառակագույն խախտումների մասին խոսելն էլ թերևս ավելորդ է: Մենք կարող ենք ժամերով խոսել այս մասին և բերել մի շարք օրինակներ: Այստեղ խոսքը միայն քրեական գործեր կարելու մասին չէ, կարևոր հանգամանք է այն, թե այդ գործերը որքանով են առնչվում քաղաքականությանը: Փաշինյանի այս հայտարարությունը հայտնի անեկդոտից է, երբ ասում են՝ դու էլ ասա…. սա առաջին դեպքը չէ, երբ այս մարդիկ անամոթաբար հանրության աչքերի մեջ նայելով ստում են: Գործ ունենք ամոթը կորցրած մարդկանց հետ» ,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը: