Տեղերն են փոխվել

Տեղերն են փոխվել

Իշխանությունը լիիրավ իրավունք ունի մեղադրելու ընդդիմությանը, լրագրողներին ու այն հանրային դեմքերին, որոնք ողջ օրը քննադատում, դատապարտում են իրեն` ամեն արած-չարածի մեջ թերություն տեսնում եւ բողոքում, որ տգետների ու ապաշնորհների ձեռքն է ընկել երկիրը, եւ դա է պատճառը, որ այն շագրենի կաշվի նման օր-օրի նվազում-կրճատվում է, իսկ ապագան էլ բոլորովին լուսավոր չէ, որքան էլ որ ՔՊ-ականները պնդեն. «Ապագա կա ապագա»: Իհարկե, քննադատողի, պահանջողի գործը միշտ ավելի դյուրին է` ոչինչ չես անում, ոչինչ չես առաջարկում, ոչ մի պատասխանատվություն չես կրում, սակայն ձվի մեջ մազ փնտրողի նման կարող ես առավոտից գիշեր քննադատել:

Բայց ընդդիմությունը եւ մյուս քննադատողները մի արդարացում ունեն` այսօրվա իշխանությունը ժամանակին, երբ ինքն էր ընդդիմադիր դաշտում, առավել դաժանաբար քննադատում էր գործող իշխանություններին: Քննադատում էր` թացը չորի հետ խառնած, առանց օբյեկտիվ իրականության հետ հաշվի նստելու, առանց որեւէ հոդաբաշխ առաջարկի կամ կոնստրուկտիվության: Քննադատում էր ձվի մեջ մազ փնտրողի մանրախնդրությամբ եւ բոլորովին իշխանությունների վիճակի մեջ չմտնելով: Չէ՞ որ ժամանակին էլ կային արտաքին ուժերի ճնշումը, դիվանագիտական ասպարեզում մեր երկակի վիճակը, երբ ե՛ւ Արեւմուտքի հետ պետք է կարողանային լեզու գտնել, ե՛ւ ռազմավարական դաշնակցին չնեղացնել:

Ժամանակին էլ մեր պետական բյուջեն հարուստ չէր եւ բոլոր կարիքներին ու սոցիալական ծախսերին չէր բավականացնում: Դրան գումարած՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, շրջափակված ճանապարհներ, երկրի սահմանափակ ռեսուրսներ, աշխատատեղերի բացակայություն, արտագաղթ, զինծառայությունից խուսափող մարդիկ... ո՞ր մեկը թվարկենք: Բայց ընդդիմությունն անողոք էր` պահանջում էր ու դատափետում: