Ryanair-ը չի վերադարձնում ուղևորների տոմսերի գումարները

Ryanair-ը չի վերադարձնում ուղևորների տոմսերի գումարները

Մայիսին դեպի Հռոմ, Իտալիա, տոմս էինք պատվիրել, հասկանալի պատճառներով՝կորոնավիրուսով պայմանավորված, թռիչքը չեղարկվեց, սակայն մինչև այսօր տոմսի փոխհատուցումը չենք ստացել։

«Հրապարակի» հետ զրույցում պատմեց քաղաքացի Կարինե Արևշատյանը, որն ընտանիքի հետ է փորձել Իտալիա մեկնել՝ օգտվելով «ՆԱՎԱՍԱՐԴՍ ԹՐԵՎԼ»-ի մատուցած ծառայություններից։ Քաղաքացու խոսքով՝  իրենք վերոնշյալ ընկերությանը վստահում են, առաջին անգամ չէ, որ դիմում են «Նավասարդին», միշտ ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպվել է, խնդիրը, ըստ Արևշատյանի, Ryanair  ավիաընկերությունն է,  Ryanair-ը պետք է գումարները հետ տրամադրի, սակայն ամեն անգամ մի պատճառաբանություն ներկայացնում են «Նավասարդին»։

«Մայիսի 16-ին պիտի մեկնեինք, իրենք մեզ ամսի 5-ին արդեն տեղյակ պահեցին, որ թռիչք չի լինելու, չենք մեկնելու։ 3 տոմս էինք պատվիրել, ընտանիքից երեք հոգու համար։ Գործակալությունից կապվեցին իրենց հետ, ասացին, որ 28 օրվա ընթացքում գումարը կվերադարձնեն, բայց պարզ է չէ՝ արդեն քանի ամիս է անցել։ Երեք հոգու համար մոտավորապես վճարել ենք 180 հազար դրամ, անձի համար, այսինքն, 60 հազար, «Նավասարդը» 15 հազարդրամ առանձին երեք հոգու համար հետ է վերադարձրել, բայց պարզ է նաև, որ սա տոմսի ամբողջ գումարը չէ»,- ասաց քաղաքացին։

Նրա խոսքով՝ իրենք ևս մի քանի անգամ փորձել են կապվել  Ryanair-ի հետ, սակայն էլեկտրոնային նամակներին այդպես էլ չեն արձագանքել։

«Դե իրենք գործակալությանը փոխանցել են, որ կրճատումներ ունեն, չեն հասցնում աշխատել, միայն մենք չենք, շատերին պիտի փոխանցեն, դա է պատճառը, ըստ նրանց, որ ուշացնում են», - ասաց Կարինե Արևշատյանը։

«ՆԱՎԱՍԱՐԴՍ ԹՐԵՎԼ»-ի տնօրեն Լուսինե Արմանաղյանը մեզ հետ զրույցում հաստատեց Արևշատյանի պնդումները, որ իրենք ստեղծված իրավիճակի հետ կապ չունեն, խնդիրը  Ryanair-ի հետ է կապված։

«Այնպես չէ, որ միայն մենք կարող ենք կապվել, իրենք էլ «չաթի» միջոցով կարող են կապ հաստատել և համոզվել, որ գումար իրոք չի փոխանցվել։ Իրենք ուղղակի ասում են՝ սպասեք, մենք միլիոնավոր մարդկանց հետ ենք աշխատում, բոլորին միանգամից չենք կարող վերադարձնել»,- ասաց «Նավասարդի» տնօրենը, հավելելով, որ իրենք պատասխանատվություն չեն կրում, պարտավոր չեն իրենց գրպանից փոխանցումներ անել։

Հիշեցնենք, որ Եվրոպական խոշոր ավիաընկերություններից մեկը՝ Ryanair-ը , 2020 թ. հունվարի մեկից Տաթևիկ Ռևազյանի թեթև ձեռքով պաշտոնապես մտավ հայկական ավիափոխադրումների շուկա և նախատեսում էր Երևանից կանոնավոր չվերթներ իրականացնել՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, իսկ հետո արդեն՝ Երևան-Բեռլին և Գյումրի-Մեմինգեն ուղղություններով:

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Ryanair-ը հայ ուղևորներին վատ վիճակի մեջ է դնում։ Հունվարի վեջին կրկին դժգոհության ալիք էր հասունացել, երբ ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում ընկերության բացթողումների արդյունքում մոտ 50 ուղևոր մնացել էր Միլանում։