Գազամուղների ու ջրամուղների կողքին պատրաստվում են շինություններ կառուցել 

Գազամուղների ու ջրամուղների կողքին պատրաստվում են շինություններ կառուցել 

Արարատի մարզի Գեղանիստ համայնքից մինչև քաղաք Մասիս ընկած հատվածում՝ 4-ից 5-րդ ջրատարներ կոչվող տարածքում, որտեղ բացի ջրատարներից նաև գազատարներ կան, հողահատկացումներ են արվել՝ այնտեղ շինարարություններ սկսելու նպատակով։ Մենք ահազանգեր ենք ստացել, որ պատրաստվում են շինություններ կառուցել գազատարների անմիջական հարևանությամբ, անվտանգության նորմերի խախտումներով։

«Հրապարակի» հետ զրույցում Գեղաշենի համայնքապետ Վաչիկ Ադիլխանյանը վստահեցրեց, որ այդ տարածքում շինարարություններ անելը անվտանգ է․ « Ո՞վ է ասում՝ չի կարելի։ Եթե չի կարելի, կադաստրը ո՞նց կարող է թույլ տալ՝ չհասկանալով։ Բա կադաստրը ո՞նց ա հատկացնում, կադաստրը մինչև չնայի, կարա բա՞ն հաստատի։ Եթե վտանգ ներկայացնի, ո՞վ թույլ կտա»։

Հարցրինք, թե քանի՞ հոգու է հող հատկացվել, և ովքե՞ր են այդ մարդիկ․ « Ես չգիտեմ, գերեզմաններում եմ, եկնահող ա։ Ա դե ես շատ գիտեմ քանի հոգու է տրվել, բերում, ներկայացնում են, թույլտվություն ենք տալիս, ես ինչ իմանամ՝ քանի հոգու ա, քանի հոգու չի։ Մի խոսքով վտանգավոր բան չկա », - ասաց Գեղաշենի համայնքապետը։ Արարատի մարզպետարանից փորձեցինք ճշտել, թե քանի հոգու են հողեր տրվել, սակայն մեզ ասացին, որ այդ հարցի տերը համայնքապետարանն է։

Մենք գրավոր հարցմամբ դիմեցինք Կադաստրի պետական կոմիտե, սակայն ի պատասխան միայն ստացանք, որ այդ տեղեկության համար պետք է վճարել, ապա նաև պետք է նշել կոնկրետ հասցեներ։